15.09.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ…
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ…
Այս տարվա հուլիս ամսին համալսարանականները միջազգային երկու օլիմպիադաներում հայտնվեցին լավագույնների շարքում:

Հուլիսի 15-18-ը մեր ուսանողները մասնակցել են Իրանում անցկացվող ամենամյա միջազգային մաթեմատիկական օլիմպիադային, իսկ հուլիսի 25-30-ը` Բուդապեշտում անցկացված IMC (International Mathematics Competition) միջազգային մրցույթին (այն ամեն տարի անցկացվում է եվրոպական որեւէ երկրում):

 

Մինչ արտասահման մեկնելը Հայաստանում անցկացվում է միջհամալսարանական նախընտրական փուլ, որտեղ լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են երկիրը կամ բուհը ներկայացնող թիմի կազմում: Այս տարի թե՛ Իրան, թե՛ Բուդապեշտ մեկնած օլիմպիական թիմերը բաղկացած էին միայն ԵՊՀ-ի ուսանողներից: Մրցույթներին նախապատրաստվելիս նրանց հետ աշխատում էին Հայկ Ասատրյանը (ԻԻՀ մեկնած թիմի ղեկավար), Լեւոն Նուրբեկյանը, Կարեն Քեռյանը (Հունգարիա մեկնած թիմի ղեկավար) եւ Սմբատ Գոգյանը:

 

Իրանում համալսարանականները վաստակել են 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Ընդհանուր 14 մեդալներից 4-ը բաժին հասավ Հայաստանի օլիմպիականներին: Թիմի կազմում էին Վարդան Ոսկանյանը (Մաթ. մեխ. Ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս), Հայկ Ալեքսանյանը (Մաթ. մեխ. Ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս), Ալբերտ Թամազյանը (Մաթ. մեխ. Ֆակուլտետ, 3-րդ կուրս) եւ Ներսես Խաչատրյանը (ԻԿՄ, 4-րդ կուրս): Իսկ առաջին տեղի մրցանակները բաժին են ընկել հյուրընկալող երկրի մասնակիցներին:

 

«Այսպիսի մեծ մրցման մասնակցում էի առաջին անգամ:Շահել եմ բրոնզե մեդալ եւ կարծում եմ, որ առաջին անգամվա համար նորմալ է: Առաջադրված խնդիրներն այնքան էլ բարդ չէին, համալսարանում լավ սովորած ուսանողը կկարողանա հեշտ հաղթահարել: Շատ կարեւոր գործոններ են ժամանակը եւ անգլերենի իմացությունը. պետք է հասցնես լուծել խնդիրը եւ անգլերեն ձեւակերպել»,- ասում է Ներսես Խաչատրյանը: «Նախորդ տարիների փորձի հիման վրա` երբեմն մենք ենք խնդիրներ կազմում, երբեմն այլ տեղերից ենք խնդիրներ գտնում, դրանք հանձնարարում ենք ուսանողներին, 1 օր ժամանակ ենք տալիս, իսկ հաջորդ օրը քննարկում ենք նրանց առաջարկած` լուծման յուրաքանչյուր տարբերակ: Նրանք նաեւ այսպես են փորձ ձեռք բերում»,- ասում է թիմի մարզիչներից մեկը` Հայկ Ասատրյանը:

 

Ի տարբերություն Իրանի օլիմպիադայի` IMC-ում կա տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել միայն 1-4- րդ կուրսի ուսանողները: Չնայած Հայաստանից մասնակիցները մեկնում են թիմով, սակայն այնտեղ գրանցվում են միայն անհատական արդյունքները: Այս տարի 4 օլիմպիականներից 4-ն էլ արժանացան արծաթե մեդալների եւ ստացան երկրորդ կարգի դիպլոմներ: Այստեղ ներկայացվում է ոչ թե երկիրը, այլ բուհը: IMC-ում թիմը ներկայացնում էին Դավիթ Կարագուլյանը (Մաթ. մեխ. Ֆակուլտետ, 3-րդ կուրս), Արմեն Նուրբեկյանը (Մաթ. մեխ. Ֆակուլտետ, 4-րդ կուրս), Անուշ Մարտիրոսյանը (Մաթ. մեխ. Ֆակուլտետ, 4-րդ կուրս) եւ Արման Մարգարյանը (Ֆիզիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս): Ի դեպ, վերջերս Իսրայելի «Արիել» մաթեմատիկայի կենտրոնի կազմակերպած վիրտուալ օլիմպիադայում հայ ուսանողներն արժանացել են 3 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալների:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։