24.05.2011 | 
Մշակույթ
ՄԵՆՔ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԵՆՔ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Համալսարանն ըստ արժանվույն ներկայացավ Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված մրցույթին:

Այս տարի լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը: Բաբաջանյանական այս տարին կոմպոզիտորի արվեստի սիրահարները տոնում են մեծ շուքով: «Մենք երգում ենք Բաբաջանյան». այսպես էր կոչվում ամենամյա ուսանողական մրցույթը, որի գալահամերգը կայացավ մայիսի 1-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Մրցույթը կազմակերպվել էր «Առնո Բաբաջանյանի հիշատակին» միջազգային հիմնադրամի եւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ` Երեւանից, Գավառից, Գյումրիից, Վանաձորից եւ Արցախից:

 

Այս տարի Երեւանի պետական համալսարանից մրցույթին մասնակցում էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի չորս սաներ: Նրանցից երկուսը գրավել են մրցութային երրորդ տեղը, իսկ մեկը ստացել է խրախուսական մրցանակ: «Ես այս մի քանի ամիսը ապրեցի Բաբաջանյանով, լսեցի եւ ուսումնասիրեցի իմ երգի բոլոր տարբերակները եւ կարող եմ ասել, որ ինչ-որ չափով հասկացա նրա արվեստը»,- ասում է Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Տիգրան Գրիգորյանը, ով մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը: Մրցույթն անցկացվում էր երեք փուլով, որոնց ընթացքում 70 մասնակիցներից ընտրվել են 15-ը, ովքեր էլ մասնակցել են գալահամերգին:

 

«Մրցույթի անունն էր պարզապես ուսանողական, մասնակիցների մեծ մասն ուներ մասնագիտական կրթություն, իսկ իմ սաներից ես իսկապես գոհ եմ, նրանք ըստ արժանվույն ներկայացրին Մայր բուհը»,- ասում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Ժյուրիի անդամների կազմում էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ռայիսա Մկրտչյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, Երվանդ Երզնկյանը եւ Ջուլիետա Ավետիսյանը: Ժյուրիի նախագահն էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: Տիկին Դավթյանը կարծում է, որ այսպիսի միջոցառումներն են, որ ցույց են տալիս իրենց աշխատանքի իսկական որակը, ակնհայտ դարձնում երգիչների որակական աճը. «Երբ աշխատում ես միայն համալսարանի շրջանակներում, արդեն ծանոթ ես քո հանդիսատեսին, գիտես, որ նրանք գնահատում են քո աշխատանքը, եւ բավական է դուրս գաս ծանոթ շրջանակից, հասկանում ես քո աշխատանքի իսկական արժեքը»: Մրցույթի գալահամերգը բաբաջանյանական երգի հնչյուններով եզրափակել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը: Հ.Գ.:

 

Մայիսի 6-ին կայացել է նաեւ «Ֆրանսիական երգի երեկո Սլավոնական համալսարանում» , որտեղ ԵՊՀ մշակույթի կենտրոնը ներկայացնում էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Ռուբինա Առաքելյանը: Երկու փուլով կատարված ընտրության ընթացքում 27 մասնակիցներից Ռուբինան արժանացավ «Լավագույն բեմական կերպար» անվանակարգին:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։