15.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ուսանողները քննարկեցին փաստաբանությանն առնչվող մի շարք հիմնախնդիրներ:

«Փաստաբանության արդի վիճակը եւ զարգացման միտումները ՀՀ-ում» վերնագիրը կրող միջբուհական գիտաժողովը Քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի անմիջական օգնությամբ նախաձեռնել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, որը վերջին շրջանում բավականին ակտիվ է աշխատում:

 

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը վստահ է, որ նմանաբնույթ գիտաժողովներն ուսանողներին հնարավորություն են տալիս զբաղվելու գիտական ուսումնասիրություններով եւ ներկայացնելու իրենց կարծիքները ոլորտի խնդիրների վերաբերյալ: ՈՒԳԸ նախագահի հետ համամիտ են նաեւ դասախոսներն ու ուսանողները:

 

«Շատ ողջունելի է, որ մեր ֆակուլտետի ուսանողներն այդքան ակտիվ են գործում` ամեն կերպ աշխատելով նոր գիտելիքներ ձեռք բերել եւ առավել խորն ուսումնասիրել իրենց նախընտրած ոլորտները: Ուստի արդեն ավանդական են դարձել միջբուհական գիտաժողովները, որին, ի ուրախություն մեզ, այլ բուհերը նույնպես մեծ ոգեւորությամբ են մասնակցում»,- ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը:

 

Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ-ի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետների 10 ուսանողներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իրավական համակարգում փաստաբանությանն առնչվող մի շարք կարեւոր թեմաներ` «Փաստաբանության գործունեությունը ՀՀ-ում եւ եվրոպական երկրներում», «Նախնական քննության փուլում պաշտպանի իրավունքների ընդլայնման միտումները», «Փաստաբանի իրավական վիճակի առանձնահատկությունները» եւ այլն: «Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի գիտաժողովի, եւ սպասելիքներս բավականին շատ են: Կարծում եմ` շատ բան կսովորեմ այս զեկույցներից:

 

Բացի այդ, շատ եմ կարեւորում նաեւ այլ ուսանողների եւ մասնագետների կարծիքներն իմ աշխատանքի վերաբերյալ»,- ասում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Զոհրաբյանը: Գիտաժողովի արդյունքներն ամփոփեց ժյուրին, որի անդամներն էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Արա Զոհրաբյանը, «Կարախանյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Արամ Կարախանյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Հրայր Ղուկասյանը:

 

Մասնագետները տպագրության երաշխավորեցին 4 ուսանողների` Հայկ Սարգսյանի (ԵՊՀ), Իզաբելլա Հարությունյանի (ԵՊՀ), Գայանե Գրիգորյանի (ԵՊՀ) եւ Մարիամ Զոհրաբյանի (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան)` լավագույն ճանաչված աշխատանքները:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։