23.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԶԵԿՈՒՑՈՒՄ ԵՆ ՌԱԴԻՈՖԻԶԻԿՆԵՐԸ
ԶԵԿՈՒՑՈՒՄ ԵՆ ՌԱԴԻՈՖԻԶԻԿՆԵՐԸ
«Գիտական, ուսանողական սեմինարներն օգնում են ուսանողներին ավելի վստահ կանգնել ամբիոնի մոտ, ինչպես նաեւ հաղթահարել հանրության առջեւ խոսելու վախը»:

Այսպես է կարծում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Հասմիկ Շահինյանը: Մարտի 23-ին Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում կազմակերպած սեմինար-քննարկման նախաձեռնողը նույն ֆակուլտետի ՈՒԳԸ-ն էր: «Այսօրինակ սեմինարների նպատակն է ցածր կուրսերի ուսանողներին նախապատրաստել իրենց ավարտական աշխատանքների պատրաստմանը, քանի որ նրանցից ոմանք նաեւ ապագա ասպիրանտներ են եւ դասախոսներ, կարեւոր է, որ ունենան հղկված ու սահուն խոսք»,- համոզված է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ, ՈՒԳԸ-ի անդամ Միքայել Առաքելյանը:

 

Նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Էմմա Գաբրիելյանի , Հովհաննես Կասարջյանի եւ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Գարեգին Մելիքջանյանի կողմից կարդացված զեկույցները վերաբերում էին ֆիզիկայի եւ ռադիոֆիզիկայի բնագավառներում այսօր էլ կիրառելի ու արդիական համարվող մի շարք նյութերի բաղադրությանը: Նրանք ներկայացրին նաեւ գիտության ասպարեզում Բորի ատոմի մոդելի, Ռենտգենյան ճառագայթների եւ Ծակոտկեն սիլիցիումի ազդեցությունները:

 

Բորի ատոմի մոդելը ներկայացնող Հովհաննես Կասարջյանը ասաց, որ ատոմի այս մոդելը մեծ կիրառություն ունի ֆիզիկայի բնագավառում. «Զեկույցը, որը ես ներկայացրի, վերաբերում էր Բորի ատոմի մոդելի ստացիոնար եւ ոչ ստացիոնար վիճակներին»: Ներկայացրած զեկույցները, Հասմիկ Շահինյանի խոսքերով, լրացնում են իրար եւ մեծապես պայմանավորված են ռադիոֆիզիկայի բնագավառում կարեւորագույն նվաճումներով:

 

«Սեմինարի թեմաներն ընտրել են հենց իրենք` ուսանողները, փորձել են ինքնուրույն աշխատանքներ կատարել, իսկ հիմնական տեղեկությունները հավաքել են ռադիոֆիզիկային եւ ֆիզիկային վերաբերող գիտական գրքերից եւ ինտերնետից»: Ի դեպ, Ուսանողական գիտական ընկերության նախագահը մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց եւ պատմեց, որ ապրիլին Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում մեծ գիտաժողով է նախատեսվում, որն ավելի լայն մասշտաբներ է ընդգրկելու:

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների յուրացրած գիտելիքները:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել ու իրականացրել է «Իրազեկում. ուսանողական նպաստներ և ներբուհական կրթաթոշակներ» երկօրյա ծրագիրը: