05.05.2011 | 
Մշակույթ
«ՔՐՄՈՒՀԻՆ» ԵՊՀ-ՈՒՄ
«ՔՐՄՈՒՀԻՆ» ԵՊՀ-ՈՒՄ
Մայիսին` յուրաքանչյուր չորեքշաբթի` ժամը 15:00-ին, կցուցադրվեն ֆիլմեր:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքերով` նորից կվերսկսեն ֆիլմերի ցուցադրությունները, որոնց ընթացքում ներկա կլինեն նաեւ ռեժիսորները, ստեղծագործական խումբը, կինոգետներ եւ համապատասխան մասնագետներ, եւ ցուցադրությունից հետո կլինեն նաեւ քննարկումներ: Երեկ ներկայացվեց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը, որը Հոլիվուդի հետ համատեղ նկարահանված առաջին հայկական ֆիլմն է: Այն ժամանակին բավականին մեծ աղմուկ էր հանել եւ դեռ շարունակում է հետաքրքրել բոլորին ու ցուցադրվել ամբողջ աշխարհում: Կինոռեժիսորը ուսանողներին խոստացավ, որ աշնանը կներկայացնի նաեւ «Մաեստրո» ֆիլմը: «Գառնիի տաճարի միակ քրմուհին, որ Միհր աստծո կինն էր, դավաճանում է ամուսնուն եւ պատժվում դրա համար: Որպես պատիժ` նրան հեռացնում են տաճարից, եւ քրմուհին, որ թափառական կյանքով է սկսում ապրել, ծանոթանում է մեկի հետ, ով փակված էր խորը փոսում եւ որի անունը Գրիգոր էր: Հետո նրան շարունակում է կերակրել այդ փոսում այնքան ժամանակ, մինչեւ որ Գրիգորին ազատում են գերությունից եւ ճանաչում որպես Լուսավորիչ:

 

Ի վերջո, ամբողջ հայ ազգը քրիստոնյա է դառնում, սակայն քրմուհին շարունակում է հավատարիմ մնալ իր հավատքին, եւ ինչպես ասվում է ֆիլմում, քանի դեռ մեկ հոգի հավատում է, այդ Աստվածները ողջ են»: «Ես ֆիլմի մասին չեմ խոսի, քանի որ էկրանն ինձանից ավելի խոսուն է ու ավելի շատ բան է ասում: Ես չգիտեմ` ինչ կարող եմ փոխանցել ձեզ, բայց եկել եմ, որ ձեզանից մի բան սովորեմ: Ես երիտասարդներից նոր բան սովորելու ակնկալիքով համաձայնել եմ ստանձնել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Ձեր հարցերից ես կզգամ, թե այսօր ինչն է հատկապես ձեզ հուզում հայկական կինոարվեստում»,- նշեց Վիգեն Չալդրանյանը:

 

Վերջինս ցանկություն հայտնեց, որ ֆիլմի ավարտից հետո երկխոսություն եւ քննարկում ծավալվի, քանի որ մենախոսությունն ավելի շատ թատրոնին է բնորոշ, իսկ երկխոսությունը` ֆիլմին: Եվ իսկապես, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում ԵՊՀ աստվածաբանության, սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների, դասախոսների, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների եւ կինոռեժիսորի միջեւ: Աստվածաբան ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչն է եղել ռեժիսորի սցենարի սկզբնաղբյուրը, ինչու է ընտրվել հատկապես 301 թվականը, ինչու Ագաթանգեղոսի մոտ նշվող Գրիգոր Լուսավորչին կերակրող կինը դարձել է քրմուհի և այլն: Մեկ ժամից ավելի տևած քննարկումից հետո ռեժիսորը վստահեցրեց, որ այս ֆիլմը մշտապես հակասական կարծիքներ է առաջ բերում: Վերջում Վիգեն Չալդրանյանը նշեց, որ ինքն արդեն երկրորդ անգամ է Երեւանի պետական համալսարանում, եւ իր համար ամենակարեւոր հանդիսատեսները հենց ուսանողներն են. «Մենք գործ ունենք գիտուն երիտասարդության հետ: Ես ասել եմ, որ համալսարանը մշտապես եղել է ավանգարդում:

 

Մեր ուսանողական տարիներին կար «Ուսանողական գարուն» միջոցառումը, երբ քաղաքում եւ ուսանողների համար իսկապես տոն էր»: Հետո ռեժիսորը հիշեց, թե ինչպես է ինքը Արմեն Սմբատյանի գրած առաջին երգը երգել հենց համալսարանի բեմում:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։