30.09.2022 | 
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՁԵՌՔՈՒՄ Է»․ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՁԵՌՔՈՒՄ Է»․ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ռայա Ասատրյանին «Մեղրիի զարգացման հիմնադրամը» տրամադրել է կրթաթոշակ՝ ուսման վարձի չափով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵՊՀ ուսանողն ուսումնառությունից հետո պետք է դասավանդի Սյունիքի մարզի դպրոցներից մեկում։

Օրեր առաջ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա էր ԵՊՀ լուսահոգի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի ընտանիքը՝ ի դեմս «Մեղրիի զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի։ Վերջինս մեզ հետ զրույցում պատմել էր  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման մասին, համաձայն որի՝ նախատեսվում էր կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում մինչև ուսումնառության ավարտը) հայ բանասիրության ֆակուլտետի այն ուսանողի համար, որը կրթություն ստանալուց հետո պատրաստ է առնվազն հինգ տարի աշխատելու Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի կամ շրջակա գյուղերի որևէ դպրոցում (միջոցառման մանրամասները տե՛ս այստեղ)»:

 

Միջոցառումից հետո հայտարարվել է մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ: Վերջիններիս հետ կազմակերպվել են հարցազրույցներ, ապա՝ քննարկումներ՝ պրոֆեսորադասախոսական կազմի և «Մեղրիի զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Քննարկումներից հետո նախաձեռնության հեղինակների և ուսանողների միջև կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են կրթաթոշակի տրամադրման մանրամասները, փոխադարձ պարտավորություններն ու նպատակը։ Ուսանողները ներկայացրել են իրենց ուսումնական և հասարակական գործունեությունը, ինչպես նաև ապագայի հետ կապված ծրագրերը։

 

 

Հանդիպման ընթացքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանը շեշտել է, որ հայրենիքի հզորացումը յուրաքանչյուրիս ձեռքերում է, և սույն նախաձեռնությունն այդ նվիրական գործին է ուղղված։ Այնուհետև դեկանը ներկայացրել է հաղթող մասնակցին՝ Ռայա Ասատրյանին՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր ու հայրենանվեր գործունեություն։

 

Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը, ընդգծելով նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը, նշել է, որ հիմնադրամի նախաձեռնությունը նպաստում է հայրենիքի շենացմանը և կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը թե՛ բուհում, թե՛ հանրակրթական դպրոցներում։

 

«Մեղրիի զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը հայտնել է, որ իրենց նպատակը սահմանամերձ բնակավայրերի, մասնավորապես Սյունիքի զարգացմանն ու շենացմանը նպաստելն է։ Այսպիսի ծրագրերն ամրապնդում են հայրենի հողի հետ ունեցած կապը՝ միաժամանակ խթանելով սահմանամերձ բնակավայրերում կրթության որակի բարելավումը և կրթական գործընթացի՝ առավել բարձր մակարդակով կազմակերպումը։

 

Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և «Մեղրիի զարգացման հիմնադրամի» միջև համագործակցությունը շարունակվում է, և առաջիկայում կյանքի են կոչվելու նոր ծրագրեր։