22.02.2022 | 
Կրթություն, Հասարակություն
ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի նախասրահում տեղի է ունեցել ականավոր գիտնական, գրականագետ, ակադեմիկոս Մկրտիչ Մկրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանն ու Ռաֆայել Բարխուդարյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

 

 

Ողջունելով ներկաներին՝ ֆակուլտետի դեկանն ասաց, որ Հայ բանասիրության ֆակուլտետում Մ. Մկրյանի կիսանդրու բացմանօրն ամենահիշարժան ու կարևոր օրերից է. «Մ. Մկրյանի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ կիսանդրին տեղադրվեց Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում, որտեղ ակադեմիկոս Մկրյանն իրականացրել է իր կրթական և գիտական գործունեությունը՝ երկար տարիներ ֆակուլտետի դեկանը լինելով»:

 

 

Անդրադառնալով Մ. Մկրյանի գիտական և մանկավարժական գործունեությանը՝ Ա. Ավագյանը փաստեց, որ անգնահատելի է նրա ներդրումն ինչպես սերունդներ կրթելու, այնպես էլ հայ բանասիրության զարգացման գործում: Ականավոր գիտնականի կիսանդրին  հատուկ խորհուրդ ունի. զարդարելով մեր ֆակուլտետի նախասրահը՝ այն ուղեկցելու է յուրաքանչյուր ուսանողի, որը ոտք կդնի Հայ բանասիրության ֆակուլտետ»:

 

 

Այնուհետև ելույթով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շնորհավորելով ներկաներին կիսանդրու բացման կապակցությամբ, նշեց. «Հայ բանասիրության ֆակուլտետը միշտ էլ աչքի է ընկել անվանի շրջանավարտներով և պրոֆեսորադասախոսական կազմով: Վայր, որտեղ մենք պահպանում ենք մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչը՝ հայոց լեզուն, այն խնամքով փոխանցելով սերունդներին: Կիսանդրին գալիս է լրացնելու այս գաղափարական մոտեցումը»:

 

 

Գրականագետի արգասավոր մանկավարժական գործունեության մասին պատմեցին նրա նախկին ուսանողները, այդ թվում նաև լեզվաբան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, որը նույնպես իր համեստ ներդրումն ուներ կիսանդրու տեղադրման գործում:

 

Վերջինս խոսեց Մ. Մկրյանի մանկավարժական տաղանդի, վերլուծական բացառիկ մտքի ու նրա՝ ուսանողներին մոտիվացնելու մինչև այժմ չբացահայտված ֆենոմենի մասին:

 

Վերջում Մ. Մկրյանի ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեցին Մայր բուհի և Հայ բանասիրության ֆակուլտետի ղեկավարությանը:

 

 

Հավելենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է:

Այլ նորություններ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է: Այն արտացոլում է մագիստրանտի՝ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, գիտական խնդիրներ բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու հմտությունները։
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ: