31.03.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԷԻՆՔ
ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԷԻՆՔ
Մարտի 26-29-ը արդեն երկրորդ անգամ ԵՊՀ ղեկավարության եւ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Մայր բուհի ներկայացուցիչները այցելեցին Լեռնային Ղարաբաղ:

Համալսարանականներն այցի ընթացքում իրականացրին ծառատունկ Քաշաթաղի շրջանի Բերձոր եւ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքներում: Բերձոր քաղաքի` ԵՊՀ 90-ամյակին նվիրված պուրակում ավելացան 200 ընկուզենիներ եւ սոսիներ, եւ բացվեց նաեւ ԵՊՀ 90-ամյակը հավերժացնող հուշարձանը:

 

Այս երկու այցերի արդյունքում, ընդհանուր հաշվով, Բերձորում տնկվել է 7000 ծառ, իսկ Քարվաճառում` 500-ը: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում տնկվեցին Պետհամալսարանից բերված արծաթափայլ բարդիները: Նորատունկ ծառերի խնամքն իրականացնում է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»:

 

Արցախ մեկնած ԵՊՀ ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների ջանքերով Բերձորի քաղաքային գրադարանին եւ Արցախի պետական համալսարանին հանձնվեց ավելի քան 7000 անուն գիրք: Բերձորի քաղաքային գրադարանը, որը գործում է ավելի քան տասներկու տարի, սպասարկում է նաեւ հարակից գյուղերը եւ ունի ավելի քան 10 000 կտոր գիրք եւ բաժանորդագրված 800 ընթերցողներ:

 

Գրադարանավարուհի Սոնա Գեւորգյանի խոստման համաձայն` համալսարանականների գրադարանին փոխանցած ավելի քան 3000 անուն գրքից առանձացվելու են դպրոցական գրադարանին անհրաժեշտ գրքերը եւ փոխանցվելու են Բերձորի թիվ 1 եւ 2 դպրոցներին: Հարկ է նշել, որ ծրագրին բովանդակային աջակցություն ցուցաբերեց ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որի երգչախումբը, նվագախումբը, պարի համույթն ու անհատ կատարողները Բերձորի` Համբարձում Գալստյանի անունը կրող թիվ 1 դպրոցում եւ Քարվաճառում ներկայացան համերգային ծրագրով, որը երկու քաղաքների բնակիչների կողմից շատ ջերմ ընդունելության արժանացավ:

 

Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Օհանջյանը Մայր բուհի ուսանողների հետ շփումից հետո որոշեց, որ անպայման ընդունվելու է Պետհամալսարան, բայց, միեւնույնն է, բարձրագույն կրթություն ստանալուց հետո նորից վերադառնալու է Բերձոր: Այս տարի դպրոցը տանսվեցերորդ անգամ ճանապարհում է իր շրջանավարտներին, որոնց թիվն այս տարի 25-ն է:

 

Դպրոցի տնօրեն, Լեռնային Ղարաբաղի վաստակավոր մանկավարժ եւ «Ակսել Բակունց» հուշամեդալակիր Անահիտ Քոսակյանն ասում է, որ քաշաթաղցիները, որ խաղաղ ժամանակների հերոսներ են, դժվարություններից սովորաբար քիչ են խոսում ոչ թե նրա համար, որ դժվարություններ չկան, այլ պարզապես նրանք հարմարվել եւ ապրում են: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բերձորցիներին ուղղված խոսքում նշեց, որ Մայր բուհը Արցախյան ազատագրական շարժման ակունքներում է:

 

«Բերձորին եւ ԵՊՀ-ին շատ բան է կապում: Նախեւառաջ պարտավոր ենք հիշելու մեր այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր մեկնեցին ռազմաճակատ` փառքով պսակելով ոչ միայն իրենց, այլեւ Մայր բուհի անունը»,-ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը վստահեցրեց, որ Պետհամալսարանը միշտ հավատարիմ է Ղարաբաղյան շարժման սկզբին տված իր երդմանը` մշտապես լինել ազատագրական պայքարի ավանգարդում եւ սեփական ժողովրդի կողքին: Քարվաճառում կազմակերպված ծառատունկին ներկա էին նաեւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը, մի խումբ դասախոսներ եւ ուսանողներ: ԱՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը վստահ է, որ ծառատունկը դաստիարակչական բնույթ ունի, այն սովորեցնում է ուսանողներին լավ ճանաչել եւ սիրել հայրենիքը: Վերջինս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին պարգեւատրեց Արցախի պետական համալսարանի 40-ամյակի հոբելյանական մեդալներով: Այցելեք պատկերասրահԴիտեք տեսանյութերից հատվածներ

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: