17.09.2021 | 
Հասարակություն
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԵՆ. ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԵՆ. ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր իր հաջողության պատմությունը ներկայացրեց իրավագիտության մագիստրոս, Մյունխենի խորհրդատվական ընկերության իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լաուրա Պետրոսյանցը:

Գերմանիայում կրթություն ստացած և լուրջ հաջողությունների հասած Լաուրան իր սերնդակիցներին նախ պատմեց ԵՊՀ-ում ուսանելու և աշխատելու տարիների մասին՝ ընդգծելով, որ արտերկրում կրթությունը շարունակելն ու հեռանկարայի աշխատանք ունենալը, ամենևին, ֆանտաստիկայի ժանրից չէ և հաջողության հասնելու համար գերմարդկային ունակություններ հարկավոր չեն:

 

«Իրականում, ամենակարևորը մոտիվացիան է, պետք է ջանք չխնայել և շատ ժամանակ տրամադրել՝ նպատակներդ իրականացնելու համար: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- ասում է Լաուրա Պետրոսյանցը:

 

Նա ապագա իրավաբաններին ներկայացրեց եվրոպական հեղինակավոր բուհերում կրթություն ստանալու ճանապարհին ծագող խնդիրներն ու լեզվական խոչընդոտները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիները:

 

«Երբ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում էի աշխատում, չէի էլ պատկերացնում, որ մի օր Գերմանիայում կհայտնվեմ: Բայց, երբ ուսումնասիրում էի արտասահմանում կրթություն ստանալու հնարավորությունները, հասկացա, որ Գերմանիան լավագույն տարբերակն է: Մեկ տարում գերմաներեն սովորեցի, ինչը գրեթե անհնարին էր ինձ ու շատերին թվում, հետո կրթական ծրագրով հայտնվեցի Բունդեսթագում: Այսօր արդեն գերմանական իրավաբանական լավագույն կազմակերպություններից մեկի աշխատակիցն եմ»,- պատմում է Լաուրան:

 

Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որից հետո քննարկում ծավալվեց: 

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ. ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը:
«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։