06.12.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը:

Դեսպանը դասախոսության սկզբում արաբագիտության ամբիոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեց իր կենսագործունեությունը: Նա ընդգծեց, որ իրենց տանը շատ են կարևորել հայկական ավանդույթների և մշակույթի պահպանումը, միշտ խոսել են հայերեն։

 

 

Դեսպանը պատմեց նաև Սիրիայի մշակութային կյանքի ու այնտեղի հայկական համայնքի ներկայիս վիճակի մասին: Անդրադառնալով Սիրիայում հայկական համայնքի մշակութային կյանքին՝ դեսպանը նշեց, որ հայերը փորձում են վերականգնել մինչ պատերազմն ունեցած համայնքային ակտիվ կյանքը։ Այդ նպատակով կազմակերպում են տարաբնույթ հանդիպումներ, նշում են հայկական տոները, եկեղեցիներում պատարագներ են մատուցում։

 

Այնուհետև բանախոսն անդրադարձավ տարբեր երկրների (Օման, Ռուսաստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ) հետ Սիրիայի մշակութային կապերին և խոսեց մշակութային ժառանգության պահպանման հարցում դրանց ունեցած կարևորության մասին։

 

 

Ն. Արիսյանը կարևորեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Սիրիայի մշակութային արժեքների ընդգրկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև սիրիական պատերազմի ընթացքում վնասված կամ փլուզված մշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները։

 

Ն. Արիսյանը ողջունեց ուսանողների մասնագիտական ընտրությունը և կարևորեց արաբերենի և արաբական մշակույթի ուսուցումը Հայաստանում, ասաց, որ մասնագիտական գրականություն կարդալը և շփվելը լեզվակիրների հետ օտար լեզու սովորելու լավագույն միջոցներից են։

 

Նշենք, որ ԵՊՀ-ում մշտապես կարևորվում է այն, որ ուսանողները հաղորդակից լինեն այլ պետությունների մշակութային կյանքին:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: