28.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԻՏԱԼԱՑԻ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԲԱՆԱԽՈՍԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՏԱԼԱՑԻ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԲԱՆԱԽՈՍԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Նուկլեոպեպտիդների աշխարհի նոր պատկերացում. նուկլեոամինաթթուների և նուկլեոպեպտիդների սինթեզ, հատկություններ և կիրառություն» թեմայով դասախոսություն է ներկայացրել Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն:

Ջ. Ռովիելոն Հայաստան է ժամանել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտնականների հետ հետազոտական համատեղ աշխատանքներ կատարելու և փորձի փոխանակման նպատակով: Իտալացի գիտաշխատողը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի՝ ֆինանսավորման երաշխավորած «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատուն է: Գիտական թեմայի ղեկավարը ֆարմաքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ Հայարփի Սիմոնյանն է:

 

 

Հ. Սիմոնյանը, կարևորելով Ջիովանի Ռովիելոյի հետ փոխգործակցությունը, նշեց. «Իտալացի մեր գործընկերոջ հետ համագործակցում ենք դեռևս 2012 թվականից, առ այսօր ունենք համատեղ տպագրված գիտական բազմաթիվ աշխատանքներ: Շուրջ մեկ տարի է, որ մենք այս գիտական թեմայի շրջանակում համագործակցում ենք, և վստահորեն կարող եմ ասել, որ մեր գործընկերությունն ունի հաջող ընթացք»,- ասաց Հ. Սիմոնյանը:

 

Կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջ. Ռովիելոն, խոսելով զեկուցման թեմայի կարևորությունից և ԵՊՀ գիտնականների հետ գործակցությունից, ընդգծեց. «Երևանի պետական համալսարանի իմ գործընկերներն այստեղ կատարում են α-ամինաթթուների սինթեզ, այսինքն նրանք ստեղծում են բաղադրիչներ, իսկ Իտալիայում մենք ուսումնասիրում ենք դրանց կենսաբանական արդյունքները, քանի որ այդ բաղադրիչները կարող են օժանդակել հակաքաղցկեղային նոր դեղորայքի ստեղծմանը»:

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտական ուսումնական կենտրոնի փորձագետ, կենսաբժշկագիտության ամբիոնի ասիստենտ, դ.գ.թ. Լուսինե Սահակյանը, անդրադառնալով հետազոտության հաջող ընթացքին և դրա շնորհիվ միջազգային հարթակներում ու պարբերականներում տպագրվելուն, ընդգծեց. «Բազմափուլ ծրագրի հաջող ավարտից հետո պատրաստվում ենք արդյունքները հրատարակել բարձր վարկանիշային պարբերականներում և, իհարկե, հաջողության դեպքում անցնելու ենք դեղերի ստեղծման կենսացիկլի հաջորդ փուլ: Մեր համատեղ հետազոտության արդյունքները կնպաստեն Երևանի պետական համալսարանի և ֆարմացիայի ինստիտուտի զարգացմանը, միջազգային գիտական աշխատանքներում ներգրավվածությանն ու համագործակցությունների ընդլայնմանը»:

 

 

Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները: Հանդիպման ավարտին ներկաները բանախոսին տվեցին ինչպես այսօր կայացած դասախոսությանը, այնպես էլ գիտական թեմայի իրագործման և դրա ընթացքում առաջացած բարդություններին վերաբերող հարցեր:

Այլ նորություններ
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ
Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: