29.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի հետ համատեղ իրագործվող ծրագիրը, որի մասնակից ուսանողները, զարգացնելով գերմաներենի լեզվական գիտելիքները, միաժամանակ հնարավորություն կունենան ծանոթանալու լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին:

Երևանի «Գյոթե» ինստիտուտի՝ գերմաներենի դասավանդման փորձագետ Իրիս Զոննենբերգը, կարևորելով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը, նշեց, որ սա նոր հնարավորություն կտա բարձրացնելու գերմաներենի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև կնպաստի լեզվի զարգացմանը: Իր ելույթում Ի. Զոննենբերգը հույս հայտնեց, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն:

 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանն անդրադարձավ գերմաներենի՝ որպես օտար լեզվի զարգացման գործում ամբիոնի կատարած աշխատանքներին: Խոսելով տարատեսակ համագործակցություններից` Գ. Սավոյանը փաստեց, որ դրանք միտված են ընդլայնելու լեզվի վերաբերյալ ուսանողների գիտելիքները, ինչպես նաև վերջիններիս հաղորդակից դարձնելու լեզվի անընդհատական զարգացմանը: Այս համատեքստում նա կարևորեց «Գյոթե» ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կազմակերպվող ծրագիրը:

 

 

«Հետաքրքիր է տեսնել, թե ուսանողը ոչ մասնագիտական բնագավառում ինչպես կյուրացնի դասավանդման մեթոդները: Մի բան է, երբ դու սովորում ես լեզուն ու դառնում լեզվի մասնագետ, և մեկ այլ բան է, թե ինչպես այդ լեզվով ձեռք կբերես այնպիսի հմտություն, որն ընդհանուր է տարբեր մասնագիտությունների համար։ Ճիշտ է, ծրագիրն անցկացվելու է գերմաներենով, բայց այն տալիս է նաև ընդհանրական գիտելիք, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին»,- նշեց գերմանական բանասիրության ամբիոնի վարիչը:

 

Շարունակելով Գ. Սավոյանի խոսքը՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, «Գյոթե» ինստիտուտի վերապատրաստող Մերի Նավասարդյանը նույնպես անդրադարձավ գերմաներենի դասավանդման նոր մեթոդներն ուսանողներին փոխանցելու կարևորությանը` նշելով, որ տարածաշրջանի երկու երկրներում էլ այն կարևորվում է:

 

 

«Գյոթե» ինստիտուտի վերապատրաստողը մատնանշեց մի քանի ծրագիր, օրինակ՝ «Էրազմուս+»-ը, որոնք հնարավորություն են տալիս դասավանդման ժամանակակից մեթոդների հետ կապված վերապատրասում անցնելու արտերկրում: Մ. Նավասարդյանի հավաստմամբ՝ «Գյոթե» ինստիտուտն այդ պրակտիկան ներդնում է նաև այստեղ:

 

«Կարևոր է, որ ծրագիրը տալու է ոչ միայն մանկավարժական, այլև տարաբնույթ այլ հմտություններ, որոնք ունենալու դեպքում ուսանողներն առավել պահանջված մասնագետներ կդառնան»,- վստահեցրեց Մ. Նավասարդյանը:

 

 

Խոսելով դասավանդման նոր մեթոդներից՝ Մերի Նավասարդյանը նշեց, որ դրանք տարբեր են յուրաքանչյուր բնագավառում՝ տեքստերի շուրջ տարվող աշխատանքներում, լսարանի հետ ծանոթանալու հարցում, տեղեկատվությունն առավել գրավիչ ներկայացնելու տեսանկյունից և այլն: Մ. Նավասարդյանը հավելեց, որ ծրագրի շրջանակում անդրադառնալու են դասավանդողների տարբեր տիպերին: Նրա խոսքով` սա ոչ ֆորմալ կրթության բաղկացուցիչ մաս է:

 

Նշենք, որ ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 30 ուսանողներ, որոնցից ընտրվել են գերմաներենի տիրապետման առավել բարձր մակարդակ ունեցող շուրջ 20 հայտատուներ:

 

 

Հատկանշական է, որ ծրագրի ավարտին մասնակից ուսանողներն ստանալու են հավաստագրեր: Ծրագիրը նոր հիմքեր է ստեղծելու «Գյոթե» ինստիտուտի հետ համագործակցության ձևավորման ու զարգացման համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՆՈՐ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խումբն ուսումնասիրում է «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեման, որի վերջնարդյունքում նախատեսվում է ստեղծել հակաքաղցկեղային նոր դեղորայք:
ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նույն ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մերուժան Գալստյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար ոլորտում դրանց կիրառման նպատակով։