17.10.2011 | 
Մշակույթ
ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՆՑՅԱԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՆՑՅԱԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 14-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացավ «Մեծն Շահեն» գրքի շնորհանդեսը:

Գիրքը մեծ հայդուկապետ Շահեն Մեղրյանի անցած ճանապարհի մասին է: Հեղինակը` Աշոտ Պետրոսյանը, մանրամասն ներկայացրել է հերոսի կյանքի առանձին շրջանները, նրա ներդրումն անկախության կայացման մեջ` ի մի բերելով նաեւ այն բոլոր աշխատությունները, որոնք մինչ այժմ գրվել են Շահեն Մեղրյանի մասին: Շնորհանդեսին ներկա էին ուսանողներ, մտավորականներ, Շահեն Մեղրյանի հարազատները, նրա ձեւավորած «Եղնիկներ» լեգենդար ջոկատի անդամները, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

 

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացրեց «Մեծն Շահեն» գիրքը եւ նրա հեղինակին. «Սա առաջին աշխատությունն է, որտեղ լուրջ ուսումնասիրություն է կատարված Շահումյանի շրջանի անկման վերաբերյալ»: Պատմաբան Կիմ Ղահրամանյանը, խոսելով գրքի կարեւոր նշանակության մասին, ասաց. «Մեր ազգը միշտ գոյատեւելու է պատերազմական իրավիճակի մեջ, եւ մեր կողմից մեծ խոհեմություն կլինի միշտ ուսումնասիրել ու իմանալ մեր նախկին հաղթանակներն ու պարտությունները: Այս տեսանկյունից «Մեծն Շահեն» գիրքը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ցավոք, Շահենը դեռ իր արժանի գնահատականը չի ստացել մեզանում»:

 

Իսկ ըստ գրքի հեղինակ Աշոտ Պետրոսյանի` չնայած Շահեն Մեղրյանին ազգային հերոսի կոչում չեն տվել, բայց մի բան պարզ էր, որ նրա նման որեւէ կամավորական այդպիսի ակնկալություն չի էլ ունեցել: «Մենք նրանց մասին չենք խոսում որպես անցյալ իրողություն, նրանք հավիտենապես ներկա են լինելու մեր բոլոր ազատամարտերին: Մեծ հերոսների մարմնական բացակայությունը թող մեզ շփոթության մեջ չգցի: Ոգին անմահ է»,- ասում է հեղինակը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի կողմից արված վավերագրական բացառիկ կադրեր, իսկ միջոցառման ավարտին հնչեցին գուսան Հայկազնի` Շահենին նվիրված երգերը:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։