25.09.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Այսօր Իրավագիտության ֆակուլտետում մեկնարկեց «Քաղաքացիական օրենսդրության զարգացումը ԱՊՀ երկրներում» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովի անցկացման առաջարկը եղել է Իրավաբանների միջազգային միության կողմից, իսկ կայացմանն աջակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ու Հայաստանի իրավաբանների միությունը: Մասնակիցները ներկայացնում էին ԱՊՀ 5 երկրների փորձը: Ներկա էին նաեւ ՀՀ դատական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, ֆակուլտետի դասախոսներ, ասպիրանտներ եւ ուսանողներ: Զեկույցներ ներկայացրին ՌԴ նախագահի` իրավական հարցերով օգնական Վենիամին Յակովլեւը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ ոլորտում հայտնի այլ մասնագետներ:

 

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ նախկին ԽՍՀՄ երկրները անկախության ձեռքբերումից հետո մշակել ու վավերացրել են իրենց երկրների քաղաքացիական օրենսգրքերը: Մեր երկրում այն ընդունվել է 1998 թ-ին: Ինչպես Գագիկ Ղազինյանն է նշում, հնարավոր չէ թերագնահատել այս օրենսդրական ակտի նշանակությունը շուկայական հարաբերությունների ձեւավորման եւ տնտեսական զարգացման գործում: Չնվազեցնելով հարակից իրավունքների կարեւորությունը` պետք է ասել, որ քաղաքացիական իրավունքը առանձնահատուկ տեղ ունի: «Վերջին տարիների ընթացքում մեր երկրի Քաղաքացիական օրենսգիրքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել: Երբեմն դրանք կրել են իրավիճակային բնույթ, այլ ոչ թե բխել են կենսական անհրաժեշտությունից:

 

Միայն կարող եմ ասել, որ որեւէ օրենսգիրք փոփոխությունների ենթարկելու դեպքում պետք է հստակորեն նշվի դրա անհրաժեշտությունը եւ մանրամասնորեն քննարկվի ամեն դետալ: Յուրաքանչյուր փոփոխություն կարող է երկրի տնտեսության վրա ազդեցություն ունենալ»,- ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

Յուրաքանչյուր զեկույցից հետո ակտիվ հարց ու պատասխան եւ քննարկում էր ծավալվում, որին մասնակցում էին ե՛ւ հյուրերը, ե՛ւ ուսանողները: Նրանք հավաստում են, որ փորձի փոխանակումը գործնական ոլորտում ավելի քան օգտակար է: «Գիտաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո նախատեսում ենք ձեւավորել այս ոլորտի` պրակտիկ եւ տեսության մասնագետներից բաղկացած մի խումբ, որոնք կմշակեն ԱՊՀ տարածաշրջանի մոդելային քաղաքացիական օրենսգիրք, որի հիման վրա այդ երկրները կկատարեն փոփոխություններ ու ավելացումներ»,- նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։