25.06.2007 | 
Հասարակություն
ՆՈՐ ԱՄԲԻՈՆ, ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ԱՄԲԻՈՆ, ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ամբողջ աշխարհում օրեցօր ավելի մեծ պահանջարկ ունեցող ակտուար մաթեմատիկայի մասնագետներ այսուհետ պաշտոնապես կպատրաստի նաեւ ԵՊՀ-ն:

Հունիսի 23-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի ակտուար մաթեմատիկայի ամբիոնի բացման արարողությունը: Ամբիոնն ստեղծվել է Մաթեմատիկայի ֆակուլտետում 2001 թ-ից գործող մագիստրոսական, իսկ 2003 թ-ից` բակալավրական ծրագրերի հիման վրա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նշեց, որ ամբիոնի բացումը ոչ միայն նոր մասնագիտության ստեղծում է, այլև` չափազանց կարեւոր իրադարձություն, որովհետեւ ցանկացած (հատկապես` սոցիալական) քաղաքականությանն առնչվող հարցերում առանց ակտուարների հնարավոր չէ ճիշտ կանխատեսումներ անել եւ կառավարել հնարավոր ֆինանսական ռիսկերը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը սկսել է բարեփոխումների նոր փուլ, որը ենթադրում է այնպիսի ինստիտուտների ներդրում եւ զարգացում, որոնք պարզապես չեն կարող աշխատել առանց համապատասխան կրթություն ստացած ակտուարների:

«Շուկան եւ միայն շուկան է գնահատելու այս մասնագետների կարողությունները` առաջարկելով բավականին բարձր աշխատավարձ: Այս փորձը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարգի մասնագետներ է այսօր պատրաստում ԵՊՀ-ն»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում ակտուարական կրթական ծրագրերի ներդրմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որի շնորհիվ 2001 թ-ին ֆակուլտետում ստեղծվել է Ակտուարական գիտությունների կենտրոն:

Իր ողջույնի խոսքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ճյուղի սոցիալական հատվածի խորհրդատու Վոլոդիմիր Յաթսենկոն տեղեկացրեց, որ ներկա դրությամբ իրենց գրասենյակն ունի երկու ծրագիր, որոնց շրջանակներում անմիջականորեն աջակցություն կստանան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկը` ԵՊՀ-ի հետ համատեղ այս մասնագիտությունը Հայաստանում զարգացնելու նպատակով:

USAID-ի աջակցությամբ «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնում 2001 թ-ին հիմնադրվել է Հայաստանում առաջին եւ առայժմ միակ ակտուարական գրասենյակը: «Նորք»-ը եւ ԵՊՀ-ն 2005 թ-ին ստորագրել են Համագործակցության հուշագիր` համատեղ ակտուարական հետազոտությունների իրականացման եւ ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:

Նորաստեղծ ամբիոնի երիտասարդ վարիչ Կարինե Ավետիսյանը ճիշտ համարեց ամբիոնի մասին առայժմ քիչ խոսել` գերադասելով գործը խոսքին:

Փոքրիկ ընդմիջումից հետո ներկաները մասնակցեցին «Ակտուարական ինստիտուտի ներդրման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկման: Հնչեցին զեկույցներ Հայաստանում ապահովագրական շուկայի, կենսաթոշակային ապահովման եւ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի ներդրման վերաբերյալ: 

2001 թ-ից մինչ այժմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրով պատրաստվել են 28 ակտուարներ, իսկ բակալավրական ծրագրով ֆակուլտետն առաջին ակտուար շրջանավարտները տվել է 2007 թ-ի հունիսին:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: