26.10.2011 | 
Մշակույթ
ԳԻՐՔՆ Է ՓՐԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԳԻՐՔՆ Է ՓՐԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Այսօր համալսարանականների հյուրն էր անվանի գրող, հրապարակախոս, մեծ հայագետ ու հայասեր Կիմ Բախշին:

Հարգարժան հյուրին ու բոլոր համալսարանականներին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այսպիսի մեծ մտածողի, մի մարդու, ով մեր կողքին է եղել ամենադժվար պահերին, մարդու, ով, կարելի է ասել, գիտի մեր մասին ավելին, քան մենք, եւ ով սիրում է մեր մշակույթը, մեր բնությունը, խոսքն ու ընդհանրապես մեզ այնպիսին, ինչպիսին կանք: Սիրում է մեզ, որովհետեւ մենք հայ ենք»:

 

Մեծ հրապարակախոսի մասին որոշ կենսագրական, հրապարակախոսական, գրական, ինչպես նաեւ հասարակական գործունեության վերաբերյալ հակիրճ խոսեց նաեւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, նրա մտերիմ ընկեր Մարատ Գրիգորյանը: «Կիմ Բախշին մեծ գիտնական է, ով 1964 թ-ից զբաղվում է հայագիտական աշխատանքներով` աշխարհի ամենատարբեր անկյուններում հայտնաբերելով եւ ուսումնասիրելով հայկական մշակույթի բեկորները: Նա մի շարք գրքեր ունի գրված Հայաստանի ու Արցախի մասին, որտեղ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ ոչ թե սուրը, այլ գիրքն է փրկում ժողովրդին: Եվ հենց մեր գրերի, ինչպես նաեւ այլ ազգերի մշակույթների հանդեպ տածած խորը հարգանքի շնորհիվ է, որ դարերի փորձությունների միջով եկել ու հասել ենք 21-րդ դար»,- նշեց Մարատ Գրիգորյանը:

 

 

Այնուհետեւ ուսանողներին, ֆակուլտետների դեկաններին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին իր խոսքն ուղղեց Կիմ Բախշին. «Ուրախ եմ, որ նորից Հայաստան եմ եկել, շատ եմ սիրում այն ամենը, ինչը կապված է ձեր հետ: Ուղղակի չի կարելի բառերով նկարագրել այն հիացմունքն ու ընդհանրապես այն հոգեվիճակը, երբ ուսումնասիրում եմ հայկական մշակույթը, մասնավորապես հնադարյան գրերը: Իհարկե Հայաստանում կան նաեւ շատ բացասական բաներ, մասնավորապես քաղաքական ու տնտեսական դաշտում, որոնք մեծ ցավ են ինձ համար, բայց ես չեմ ուզում խառնվել պետության ներքին կյանքին եւ պարզապես շարունակում եմ տածել այն ջերմ զգացմունքը, որն ապրում է իմ սրտում»,- ասաց հրապարակախոսը:

 

Ելույթից հետո համալսարանականները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին, ինչից հետո Արամ Սիմոնյանն ի նշան բարեկամության Կիմ Բախշիին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ, Հայաստանի բնության, ինչպես նաեւ Ցեղասպանության մասին պատմող ալբոմներ: Ռեկտորը նաեւ քաջառողջություն մաղթեց հյուրին` հույս հայտնելով, որ այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։