26.11.2010 | 
Կրթություն
ՇԻԼԼԵՐԸ ԵՎ ԳՅՈԹԵՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ
ՇԻԼԼԵՐԸ ԵՎ ԳՅՈԹԵՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց «Գյոթե, Շիլլեր. հայացք 21-րդ դարից» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկած մեկօրյա գիտաժողովը երկրորդ միջազգային նմանաբնույթ նախաձեռնությունն է վերջին երկու տարիների ընթացքում, որն իրականացնում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն 24 զեկույցներ, որոնք կանդրադառնան երկու գերմանացի հանճարների ստեղծագործությունների տարբեր դրսեւորումներին ու մեր իրականության մեջ դրանց արտացոլումներին:

 

«Հատկանշական է, որ այս գիտաժողովը կանդրադառնա Շիլլերին ու Գյոթեին ոչ միայն 18-րդ դարի, այլեւ ժամանակակից աշխարհի համատեքստում: Այսինքն` նրանք նաեւ այսօրվա գրականության ու այսօրվա կյանքի մասնակիցներն են»,- գիտաժողովի բացման խոսքում նշեց Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը: Վերջինս տեղեկացրեց, որ գիտաժողովի բոլոր նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուում: «Գյոթե, Շիլլեր. հայացք 21-րդ դարից» խորագիրը կրող գիտաժողովին մասնակցում են ոչ միայն Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ, այլեւ գրականագետներ Վրաստանից, Ռուսաստանից ու Արցախից: Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն գերմանացի մեծ քնարերգու է, մտածող եւ պետական այր:

 

Նա գրել է բազմաթիվ դրամաներ ու ողբերգություններ միջնադարյան եւ հին հունական դասական թեմաներով, որոնց մեջ արտացոլել է իրեն հուզող ժամանակակից կենսական ու բարոյափիլիսոփայական խնդիրներ։ Սակայն նրա ստեղծագործությունների թագն ու պսակը «Ֆաուստ» ողբերգությունն է, որը դարձավ ողջ գերմանական պոեզիայի գագաթը։ Ի դեպ, Գյոթեի ստեղծագործությունները առաջին անգամ հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը։ Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ ֆոն Շիլլերը գերմանացի բանաստեղծ է, պատմաբան, դրամատուրգ եւ սցենարի հեղինակ: Նրա գրչին են պատկանում բանաստեղծական գործեր, գրականության եւ արվեստի հարցերին նվիրված բազմաթիվ տեսական աշխատություններ, գեղարվեստական արձակ ու պատմական երկասիրություններ։ Սակայն նրա ստեղծագործության մեջ ամենաարժեքավորը դրամատիկական երկերն են, որոնք հանդիսանում են XVIII դարի գերմանական դեմոկրատական ռեալիստական դրամատուրգիայի եզրափակման ու միաժամանակ վերջին ու բարձր էտապը։

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: