22.06.2007 | 
Հասարակություն
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂ
Մեկնարկեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների կարիերայի առաջին ցուցահանդես-2007»-ը:

Հունիսի 22-ին բացված մեկօրյա ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչներն էին ՏՏ ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող չորս խոշոր հաստատություններ` Երեւանի պետական, Հայ-ռուսական (Սլավոնական) պետական, Հայաստանի ամերիկյան եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները: Ծրագրի իրականացմանն աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված հայաստանում» ծրագիրը եւ ՏՏ ձեռնարկությունների միությունը: 

Մասնակից 30 կազմակերպությունները այս անգամ ոչ թե ներկայացնում էին իրենց ապրանքը կամ ծառայությունները, այլ իրենց ունեցած թափուր աշխատատեղերը: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանի խոսքով` իրենց դիմել է մոտ 200 ուսանող Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի եւ Մաթեմատիկայի ֆակուլտետներից: 

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Դավթյանն իր ռեզյումեն ներկայացրել է մասնակից ութ կազմակերպությունների: «Ուզում եմ ցանցերի նախագծող կամ համակարգային ադմինիստրատորի օգնական լինել: Տիրապետում եմ հայերենին, ռուսերենին, անգլերենին, ուկրաիներենին: Համակարգչային հմտություններս սահմանափակվում են օպերացիոն համակարգերի իմացությամբ, ծրագրավորման որոշակի լեզուներ չգիտեմ: Վստահ եմ, որ այսօրվա տոնավաճատի արդյունքում կկարողանամ աշխատանք գտնել»: 

Գործատուների պահանջները տարբեր էին` կամավորներից մինչեւ ծրագրավորողներ, բայց նրանք վստահ են, որ ցուցահանդեսի արդյունքում կկարողանան ճանաչել բազմաթիվ տաղանդավոր ուսանողների եւ նրանց համապատասխան աշխատանք առաջարկել: 

«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի տնօրեն Հեյլի Ալեքսանդրը նշեց, որ ՏՏ ոլորտն առնչվում է Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերին. «Մեր ծրագրի նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում տեխնիկական հմտություններով օժտված մասնագետներն աշխատաշուկայում իրենց տեղը գտնեն»: 

Համաշխարհային պրակտիկայում կարիերայի ցուցահանդես-տոնավաճառի ֆորմատը բավականին տարածված է: Մեզ մոտ նման բան կազմակերպվում է առաջին անգամ: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց. «Սա ստուգատես է ե՛ւ ՏՏ ոլորտում տարիներ շարունակ գործող կազմակերպությունների, ե՛ւ համալսարանական կրթության համար: Վերջինս պետք է ապացուցի, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք իսկապես կարող ենք համապատասխան որակավորմամբ մասնագետներ պատրաստել»:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: