21.06.2007 | 
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
Հունիսի 21-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում մեկնարկեց «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բարձրագույն կրթության մեջ ինստիտուցիոնալ բարեփոխումները» թեմայով միջազգային սեմինարը:

Սեմինարը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ծրագրավորման միջազգային ինստիտուտը Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:

«Սա հերթական հանդիպումն է, որպեսզի հասկանանք` ինչպես ենք աշխատում մենք, եւ որքանով է դա համահունչ ԱՊՀ երկրների փորձի հետ»,- սեմինարից առաջ նշեց ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Սեմինարին մասնակցում են ներկայացուցիչներ Ղազախստանի ազգային տեխնիկական, Ղրղզստանի Բալասաջինի անվան ազգային, Ռուսաստանում Հերզենի պետական մանկավարժական համալսարաններից:

«Հերթական երկիր այցելելով` մենք տանում ենք մեզ հետ այս ոլորտում նախորդ երկրների ունեցած փորձը: Որպես միջազգային ինստիտուտ` դա է մեր հիմնական դերը՝ մի տարածքից մյուսը փոխանցել միջազգային փորձը»,- ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության ծրագրավորման միջազգային ինստիտուտի բարձրագույն կրթության մեջ վերապատրաստման եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար դոկտոր Ն. Վ. Վարգիսը:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը նշեց, որ միջազգային սեմինարը համագործակցելու և փորձի փոխանակման արդյունավետ եղանակ է: Տարբեր երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ստանում ոչ միայն ներկայացնել այս ոլորտում իրենց գրանցած հաջողությունները, այլեւ գնահատել արդյունքը մյուս երկրների ձեռքբերումների համատեքստում, հասկանալ, թե որ մոտեցումներն են, որ ավելի արդյունավետ կդարձնեն իրենց աշխատանքը: 

Փոխնախարարի կարծիքով` նման սեմինարները խիստ կարեւոր են նաեւ ոլորտը համակարգող Կրթության եւ գիտության նախարարության համար: Տվյալ դեպքում համալսարանները գործընթացը իրականացնող գործնական լաբորատորիաներ են, իսկ սեմինարների ընթացքում նախարարությունը հնարավորություն է ստանում անմիջականորեն ծանոթանալ այդ լաբորատորիաների մասնակիցներին ու նրանց կատարած աշխատանքին:

«Գործընթացի հաջողությունը միանշանակ կախված է համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողությունից: Այս երկու համույթները ե’ւ մասնակից են ե’ւ շահառու, ե’ւ կրողն են, ե’ւ իրականացնողը»,- ասաց Արա Ավետիսյանը: 

Սեմինարը կշարունակվի հունիսի 22-ին եւ կամփոփվի կլոր սեղանով:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: