30.05.2008 | 
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ ցուցահանդեսի բացում:
Արեւմտյան Հայաստանի մասին լուսանկարներով պատմող, «Լեռնապատում հայոց» խորագիրը կրող ցուցահանդեսի հեղինակը ԵՊՀ հայագիտական կենտրոնի մշակութային եղեռնի գիտական լաբորատորիայի գիտաշխատող Քեյթի Գունդակչյանն է: ԵՊՀ-ում սա հեղինակի 3-րդ անհատական ցուցահադեսն է:Այն նվիրված էր ԵՊՀ-ի եւ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին: Կարսի բերդը, Աղթամար կղզին,Վարագա լեռները, Անիի մայր տաճարը, Անիի պարսպի գնդակահարված խաչերն ու մոտ 80 այլ լուսանկարներ մեկ շաբաթ շարունակ այցելուներին կպատմեն Արեւմտյան Հայաստանի հուշարձանների ներկա վիճակից: «Առաջին անգամ ձեռքս ֆոտոխցիկ եմ վերցրել 5-6 տարի առաջ,- ասում է տիկին Քեյթին,- եւ առաջին կադրն արել եմ Արարատի վրա»: Մի քանի հազար լուսանկարների հեղինակ Քեյթի Գունդակչյանը պատմում է. «Ամեն մի լուսանկար անելիս սրտիս մեջ մի կաթիլ արյուն էր կաթում, կապ չունի, թե որ անգամն ես ճամփորդում Արեւմտյան Հայաստանում, նույն զգացողություններն ես ունենում, իսկ այդ ապրումներն հասկանալու համար պարզապես պետք է հայ լինել»: Լուսանկարների հեղինակի մանկության ընկերուհի Գաղթուհի Հանանյանը կարեւորում է այս լուսանկարների ցուցադրումը հենց ԵՊՀ-ում. «Երիտասարդությունը պետք է տեսնի այս ամենն ու տեր կանգնի, որ այնտեղ գնա ոչ թե իբրեւ զբոսաշրջիկ, այլ իբրեւ տեր»: «Առաջին անգամ լուսանկարները նայելիս փշաքաղվում էի,- ասում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արշակ Ծառուկյանը,-այո′, մենք պետք է իմանանք, թե ինչ ենք թողել այնտեղ ու չմոռանանք այնտեղ թողածի մասին» :