Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ֆակուլտետի ղեկավարությունը որոշեց բակալավրիատի եւ մագիստրատուրայի առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման արարողությունը կազմակերպել Օշականում: Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի կարծիքով` պատմաճանաչողական եւ հայրենասիրական դաստիարակության նպատակ ունեցող նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելն ուղղակի Պատմության ֆակուլտետի պարտականությունն է: «Շատ կարեւոր է, որպեսզի ուսանողները հասկանան գրերի գյուտի նշանակությունը, քանի որ Մ. Մաշտոցի շնորհիվ ապացուցվեց մեր ինքնությունը, մենք նրան ենք պարտական այսօրվա մեր կայացման, հայի ազգային կերպարի ձեւավորման եւ ոգու արթնացման համար»,- հավելեց դեկանը:
Օշականում եկեղեցու սպասավորը ուսանողներին ներկայացրեց պատմական համառոտ ակնարկ «Օշական» անվան ծագման, ինչպես նաեւ Մաշտոցի` այդտեղ հուղարկավորության, եկեղեցու մանրանկարների, մեր տառերի հոգեւոր եւ ազգային խորհուրդների մասին: Օշական այցից հետո միջոցառումը շարունակվեց արդեն Պատմության ֆակուլտետում: Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանը հանդես եկավ «Նախամաշտոցյան դպրությունը եւ Մեսրոպ Մաշտոցը» խորագրով դասախոսությամբ: Զուգահեռ ցուցադրվեցին թեմային վերաբերող տեսանյութեր: Միջոցառումն ավարտվեց Արտակ Մովսիսյանի հեղինակած «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի ֆիլմի դիտումով, որում ներկայացվում է հայոց գրերի ստեղծման պատմությունը` սկսած վաղ պատկերագրության փուլից: