26.01.2007 | 
Հասարակություն
ՆՇՈՒՄ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ
ՆՇՈՒՄ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ
«1992 թ-ի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» հիրավի պատմական որոշումը»,-իր ելույթում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Հունվարի 26-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով` նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 15-ամյակին:

ԵՊՀ-ի եւ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովի հանդիսավոր բացման նիստը մեկնարկեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

«Սա սոսկ գիտական կամ գիտապրակտիկ նպատակներ հետապնդող գիտաժողով չէ, ու թեպետ այն մեր բանակի կազմավորման տարելիցին նվիրված միջոցառումների մի մասն է միայն, մենք կազմակերպիչներով որոշեցինք գիտաժողովը դարձնել ամենամյա միջոցառում, եւ վստահ ենք, որ մասնակիցների թիվը տարեցտարի կավելանա»,- գիտաժողովի բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

Ընդմիջումից հետո, որի ընթացքում ցուցադրվեց «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալ» կինոնկարը, գիտաժողովի մասնակիցները բաժանվեցին երկու` ռազմական պատմության եւ բանակաշինության մասնախմբերի: Եթե առաջին մասնախումբը ելույթների միջոցով ներկայացնումն էր, թե ինչպիսի զինված ուժեր է ունեցել Հայաստանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում, ապա բանակշինության մասնախմբի խնդիրն էր ներկայացնել հայկական ռազմավարությունը, ՀՀ եվ ԼՂՀ զինված ուժերի կառուցվածքն ու խնդիրները:

«Խիստ կարեւորում եմ նման նախաձեռնությունները, որովհետեւ հենց այս կարգի գիտաժողովներում են, որ հնչում են բազմաթիվ դիտարկումներ ու առաջարկություններ, որոնց հիման վրա հետագայում բանակում նորանոր բարեփոխումներ են իրականացվում»,- նշեց ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի կուրսանտական վարիչների հրամանատար, կապիտան Բագրատ Մելիքյանը:

Հանրապետական գիտաժողովն ավարտվեց եզրափակիչ լիագումար նիստով:

Նշենք նաեւ, որ գիտաժողովի հանդիսավոր բացման նիստից առաջ մասնակիցները այցելել էին Եռաբլուր պանթեոն, ապա մասնակցել ԵՊՀ գրադարանի ճեմասրահում կազմակերպված հայոց բանակին նվիրված գրքերի ցուցահանդեսին:

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: