Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց «Օտար լեզուները Հայաստանում. նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ» խորագրով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են 43 ուսանողներ եւ երիտասարդ դասախոսներ:
Մինչ բանախոսների զեկուցումները գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ հաջողություն մաղթեցին Ռոմանագերմանական ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը, Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի վարիչ Ելենա Երզնկյանն ու Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Յուրա Գաբրիելյանը: «Այս գիտաժողովի նպատակն է անդրադառնալ ՀՀ-ում օտար լեզուների ուսումնասիրության հետ կապված տեսական եւ գործնական խնդիրներին:
Այսօր հասարակությունը զգում է օտար լեզուների որակյալ մասնագետների խիստ պահանջ, ովքեր պետք է տիրապետեն ոչ միայն օտար լեզուների, այլեւ հարմարվեն ժամանակակից աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին»,- ասում է Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի վարիչ Ելենա Երզնկյանը: Գիտաժողովի առաջին պլենար նիստի առանցքն էր «Օտար լեզուների դերը Բոլոնիայի գործընթացի համատեքստում» թեմայով զեկույցը, որը մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լենա Ղազարյանը:
«Օտար լեզուների, հատկապես անգլերենի իմացությունն այսօր դարձել է ոչ միայն առավելություն, անհրաժեշտություն, այլև արդի աշխարհում հաջողության հասնելու գրավական: Ժամանակակից պայմաններում կրթական համակարգերի փոփոխությունները ենթադրում են նաեւ օտար լեզուների ուսուցման հետ կապված նոր համակարգային մոտեցումներ ու լուծումներ»,- նշում է Լենա Ղազարյանը: Զեկույցներից հետո գիտաժողովի մասնակցիները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնք տարբեր լսարաններում քննարկումներ անցկացրին «Իմաստաբանություն եւ գործաբանություն», «Տարբեր մշակույթներ, տարբեր լեզուներ», «Ոճագիտություն» եւ «Կիրառական լեզվաբանություն» թեմաներով: Վաղը նույնպես նախատեսվում են մի շարք քննարկումներ` «Իմաստաբանություն եւ գործաբանություն», «Թարգմանության տեսություն եւ պրակտիկա» եւ «Ոճագիտություն» թեմաների շուրջ: Իսկ վերջում գիտաժողովը կամփոփի «ՀՀ աշխատաշուկան եւ օտար լեզուների մասնագետները» թեմայով կլոր սեղան-քննարկումը: