27.06.2008 | 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Կրթության եւ գիտության բնականոն զարգացումը նաեւ կախված է այս ոլորտում փորձ ունեցող բարեկամների հետ համագործակցությունից¦:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գեորգի Նոդիան, ում ուղեկցում էր Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, նման միտք հայտնեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ: ԵՊՀ ռեկտորն իր ողջույնի խոսքում հանգամանորեն անդրադարձավ հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը, անցած ուղուն, պատմության նույնանման էջերին, կրթության եւ գիտության ոլորտում զարգացման եւ համագործակցության հեռանկարներին: Արամ Սիմոնյանը նաեւ հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, գիտակրթական կյանքը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՊՀ վրացագիտության կենտրոնի ղեկավար Հրաչիկ Բայրամյանը, ով ներկաներին հանգամանորեն ներկայացրեց Վրացագիտության կենտրոնի գործունեությունը, որից հետո նվիրեց կենտրոնի կողմից տպագրված «Վրաց գրականությունը V-XIX դդ.» գիրքը եւ Հայերեն-վրացերեն, Ռուսերեն-վրացերեն զրուցարանները: Գեորգի Նոդիան ադրադարձավ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանի` գիտության ու կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումներին եւ բացթողումներին, ԵՊՀ ռեկտորին ներկայացրեց Թբիլիսիի համալսարանի պատմությունը եւ կարեւորեց կրթության եւ գիտության դերն ու նշանակությունը երկրի զարգացման գործընթացում: «Գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն մեր տարածաշրջանում լավագույն համալսարաններից մեկն է համարվում, ուստի մենք շահագրգռված ենք մեր համալսարանների եւ երկրների համագործակցության առումով»,- կարեւորեց նախարարը: Հանդիպման վերջում ռեկտորը Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գեորգի Նոդիային նվիրեց ԵՊՀ պատմությանը եւ գործունեությանը նվիրված գիրք: Ի դեպ, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարը ռեկտորի ուղեկցությամբ եղավ նաեւ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնում եւ Իրավագիտության ֆակուլտետում: