09.06.2010 | 
Մշակույթ
ԵՐԲ ԱՐՎԵՍՏԸ «ԲԺԻՇԿ» Է
ԵՐԲ ԱՐՎԵՍՏԸ «ԲԺԻՇԿ» Է
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հարեւանությամբ գտնվող նախասրահը այսօր զարդարում էին «բուժիչ» նկարները:

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսի «հերոսները» կենտրոնի` համապատասխան արտ-թերապիայի թրեյնինգային դասընթացներ անցած ուսանողներն էին: Նրանք ներկայացնում էին ուսումնառության ընթացքում ստեղծված իրենց անհատական եւ խմբակային նկարները, ինչպես նաեւ կավից պատրաստված իրեր:

 

Դասընթացը տեւել է 3 ամիս. ուսուցման հիմնական մեթոդն ընտրված էր արտ-թերապիան: Մասնակիցներից Անուշիկ Թոռչյանը խոստովանում է`, որ թեպետ դասընթացի նպատակն էր սովորել արտ-թերապիա կիրառել այլոց վրա, դասընթացն իր անմիջական ազդեցությունն է ունենում անգամ սովորող մասնագետների վրա: «Ես ինքս շատ եմ փոխվել: Կյանքում հանկարծ սկսում ես ավելի շատ գույներ, ավելի շատ մանրուքներ նկատել, ու դա ակամայից փոխանցվում է քո առօրյա: Սա միանշանակ դրական ելք ոնեցող մեթոդ է, ու կարելի է կիրառել անկախ հոգեվիճակից, տարիքից ու սեռից»,- ասում է Անուշը: Դասընթացի ղեկավար, ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սյուզաննա Սարգսյանը նշում է, որ արտ-թերապիան ինքնաարտահայտման եւ ինքնաթերապեւտիկ միջոց է, որովհետեւ արվեստի հետ շփումն ինքնին «բուժիչ» է ու ապաքինող:

 

«Անկախ տարիքից, առողջական վիճակից, յուրաքանչյուր մարդ ինքնադրսեւորվելու եւ արտահայտվելու բնական ցանկություն ունի, իսկ սա ինքնադրսեւորման ամենամարդկային ու թերեւս ամենագեղեցիկ ձեւերից մեկն է»,- ասում է դասընթացավարը: Մասնագետը վստահեցնում է` արտ-թերապիան ոչ միայն օգնում է գտնելու խնդիրները, այլեւ վերացնում է դրանք: «Հաճախ մեզ խնդիրները խրթին կամ անլուծելի են թվում, որովհետեւ հարցին նայում ենք միայն մի դիտակետից: Արտ-թերապիան օգնում է քո խնդիրը, վախը դիտել տարբեր կողմերից, շոշափել, խաղալ դրա հետ: Ու հանկարծ անհաղթահարելի թվացող խնդիրը աստիճանաբար լուծվում է»,- ասում է Սյուզաննա Սարգսյանը: «Բուժիչ» ցուցահանդեսը կշարունակվի նաեւ վաղը:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը: