14.09.2007 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԴՎՈՒՄ ԵՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԴՎՈՒՄ ԵՆ
«Երդվում եմ սիրել Մայր բուհը եւ արժանի լինել «Երեւանի պետական համալսարանի ուսանող» բարձր կոչմանը»:

Ժուռնալիստիկայի եւ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների առաջին կուրսեցիներ Դավիթն ու Վերժինեն բոլոր համալսարանականների անունից ընթերցեցին առաջին կուրսեցու երդման տեքստը: «Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ»,- միացան նրանց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում հավաքված բոլոր համալսարանականները:

Սեպտեմբերի 14-ին «Երեւանի պետական համալսարանի մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օրն» էր: Ընդամենը երկրորդ տարին անցկացվող միջոցառումն իրապես կարելի է ավանդական կոչել: ԵՊՀ մշակույթի կենտրոնի կազմակերպած երեկոյին մասնակցում էին ոչ թե երկրի ճանաչված դեմքեր ու մշակութային գործիչներ, այլ կենտրոնի կազմում ընդգրկված տաղանդաշատ ուսանողներ: 

Համալսարանն իր նորեկներին վաղուց էր սպասում: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահ է, որ այս երեկոն խթան պիտի դառնա մի նոր սերնդի բարձրացման համար, որը մի քանի տարի հետո փառք ու պսակով կընդգծի ԵՊՀ-ի հին ու նոր առաքելությունը: 

«Մենք անչափ ուրախ ենք, որ դուք միացել եք համալսարանականների մեծ ու համերաշխ ընտանիքին: Ցանկանում եմ, որ հիրավի արժանի լինեք համալսարանին, մեր նորաստեղծ երկրին, մեր հասարակությանն ու հայ ժողովրդին: Թող համալսարանն անմար կրակի պես ձեր սրտում լինի»,- ողջունեց բուհի ռեկտորը: 

Բուհը քնած էր. երազ էր տեսնում: Հովհաննես Շիրազի «Բիբլիական» պոեմի բեմականացված դրվագները հանդիսատեսին տարան մինչեւ աշխարհի արարում, հասցրին Արարատ լեռանն ու Հայաստանի ստեղծմանը: Հետո բուհն արթնացավ, ու հանդիսատեսը հայտնվեց մեր օրերում. աղմուկ, բարձր տրամադրություն, վարանոտ քայլեր ու բազմաթիվ ուսանողներ: Ներկայացված դրվագները խիստ հարազատ էին յուրաքանչյուր համալսարանականի համար: 

Բեմականացումն ընդմիջվում էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի, նվագախմբի, պարի խմբակի ու անհատ երգիչների ելույթներով: Այս ինքնատիպ մտահղացման հեղինակների շարքում են նաեւ կենտրոնի ստեղծագործող ուսանողները: 

«Մեկ տարում Մշակույթի կենտրոնը կարողացել է հավաքագրել ու աշխատել Մայր բուհի շնորհալի ուսանողների հետ: Եվ այսօր վերջիններս ելույթ են ունենում մեր առաջին կուրսեցիների համար, ոգեւորում ու ոգեշնչում նրանց: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումից հետո մեր կենտրոնի շարքերը համալրելու են թարմ մտքեր եւ անսպառ եռանդ ունեցող նոր ուսանողներ»,- ասաց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: 

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների եւ հյուրերի կատարմամբ հնչեց Մայր բուհի հիմներգը:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։