20.09.2011 | 
Ուսանողական, Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴՈՒ ԵՍ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴՈՒ ԵՍ
ԵՊՀ առաջին կուրսեցիները երդվեցին արժանի լինել «Երեւանի պետական համալսարանի ուսանող» կոչմանը:

Երեւանյան տաք երեկոն լցվել էր համալսարանական ջերմ ժպիտներով: Երեկ Մայր բուհը տոնում էր ՀՀ անկախության 20-ամյակը եւ ողջունում առաջին կուրսեցիներին: Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Էլվիրա Սարգսյանը վառվռուն աչքերով այն առաջին կուրսեցիներից մեկն էր, ով եկել էր երդվելու:

 

«Մի առանձնահատուկ հպարտություն եմ զգում երդման տեքստը կարդալիս, ուզում եմ արժանի լինել համալսարանական կոչմանը»,- ասում է նա: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ ռեկտորատի կողմից` ի դեմս Մշակույթի կենտրոնի և մի շարք այլ ստորաբաժանումների` ԵՊՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառման սցենարի հեղինակն էր Մշակույթի կենտրոնի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանը, ռեժիսորը` ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը. «Երգերի ընտրությունը, պարային բեմադրությունները նվիրել ենք մեր երկրի քսանամյա անցած ուղուն: Այսօր համալսարանականներին սպասվում է անակնկալներով հարուստ երեկո»,- համերգից առաջ մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Մինչ հանդիսության մեկնարկը ուսանողները ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեցին ԵՊՀ տարածքում տեղակայված եւ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Անկախությունը հեշտ չի տրվել մեզ` մեր ժողովրդին ու նաեւ համալսարանականներին: Եկե՛ք սրբությամբ հիշենք բոլոր զոհերի անուններն ու այս օրվա համար հպարտությամբ շնորհակալ լինենք նրանց»,- իր ելույթում նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիսությունը սկսվեց ՀՀ օրհներգով, այնուհետեւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի անունից ՀՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորեց Մայր բուհին եւ օրհնեց առաջին կուրսեցիների մուտքը համալսարան. «Մաղթում ենք, որ նշանավոր համալսարանականների ոսկե շղթան համալրվի ձեզանից շատերով: Դուք եք համալսարանը»: Տոնն իրոք կայացավ:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնը պատրաստել էր տոնական շքեղ համարներ: Առաջին անգամ համալսարանականներին ներկայացվեց հախվերդյանական բեմադրություն: Կենտրոնի մենակատար Տիգրան Գրիգորյանը զուգերգ կատարեց էստրադային երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Համալսարանականներին իր կատարումով ողջունեց նաև սիրված երգիչ Դավիթ Ամալյանը: Պարային համույթն ու երգչախումբը ներկայացան նոր կատարումներով: Համերգի ընթացքում բոլորի հոգում կուտակված լիցքերը վերջում կրկին հնչած ՀՀ օրհներգից հետո հրավառության տեսքով պայթեցին երկնքում:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։