20.05.2008 | 
ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ի ՄԱՍԻՆ
ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ի ՄԱՍԻՆ
ԵՊՀ 90-ամյակին ընդառաջ` ԵՊՀ պատմության թանգարանի եւ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Զարթոնք» խորագիրը կրող ցուցահանդես:
«Այսօր ես համալսարանը նորովի բացահայտեցի: Չգիտեի, որ ԵՊՀ-ն այսքան հրաշալի աշխատանքների ֆոնդ ունի»,- հիացած նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Սարգսյանը: Ներկայացված են ԵՊՀ պատմության թանգարանի կերպարվեստի ֆոնդի լավագույն օրինակները` տարբեր տարիներին ԵՊՀ-ին նվիրված գեղանկարները: Համալսարանականները հնարավորություն կունենան տեսնելու հայտնի գեղանկարիչներ Հրաչյա Ռուխկյանի, Արա Բեքարյանի, Գեորգի Թովմասյանի, Մհեր Աբեղյանի, Վլադիմիր Կրավչուկի, Իրակլի Օչիաուրու գործերը: Ինչպես նշեց Պատմության թագարանի տնօրեն Ժակ Մանուկյանը, կան գործեր, որոնց հեղինակները անհայտ են: «Ներկայացված են Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Մառի, Հովսեփ Օրբելու, Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի եւ այլ գիտնականների, մտավորականների դիմանկարներ եւ մի շարք բնանկարներ: Գրեթե բոլոր ցուցանմուշները վերականգնված են»,- ասաց տնօրենը: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մշակույթի կենտրոնի պարային համույթի եւ երգչախմբի սաները: Այցելուները ուրախ էին, որ համալսարանի պատմությունը ներկայացնելու համար նման ոչ ստանդարդ ձեւաչափ է ընտրվել: ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը նշեց, որ այս ցուցահանդեսը փորձ է` անդրադառնալու համալսարանի անցած ուղուն եւ արժեւորելու նրա դերը մեր հասարակության կյանքում: «Մեզնից ոչ բոլորն են ժամանակ գտնում այցելելու ԵՊՀ պատմության թանգարան, այս միջոցառումն այդ բացը լրացնելու մի միջոց է նաեւ»,- ասաց պրոռեկտորը: Համալսարանական երկու կառույցների նման համագործակցությունն աննախադեպ է: Սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվի. Պատմության թանգարան-Մշակույթի կենտրոն համագործակցությունը կշարունակվի նաեւ առաջիկայում: ԵՊՀ 90-ամյակի շրջանակներում կբեմադրվի նոր ներկայացում, որի թեման կապված կլինի Մայր բուհի պատմության հետ: Բացի այդ, երկու կառույցները պատրաստում են նաեւ հնագիտական նյութերի ցուցադրություն: Պատմության թանգարանի հիմնադիր տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը նույնպես ներկա էր «Զարթոնք» ցուցահանդեսին եւ շատ ոգեւորված էր, որ Մայր բուհի պատմությունը ներկայացվում է լայն հասարակությանը: «Պետք է լինեին համալսարանի հիմնադիրների լուսանկարները, այն ժամանակվա կառավարության անդամների նկարները, ովքեր մեծ ներդրում են ունեցել համալսարանի կայացման գործում: Միայն յուղանկարները բավական չէին»,- ասաց պատմական գիտությունների պրոֆեսորը: Իսկ ապագա լրագրող Դավիթ Սարգսյանը բավականին ոգեւորվեց այդ հեռանկարից. «Լուսանկարները վավեր, փաստական տվյալներ են հաղորդում: Այն ամենը, ինչ վերաբերում է ԵՊՀ երեւույթին, ես պատրաստ եմ կլանելու: Ես հիվանդ եմ ԵՊՀ-ով»: