16.12.2010 | 
Հասարակություն
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նորայր Մարությանի անվան մրցույթի հաղթողների անուններն արդեն հայտնի են:

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում երեկ անցկացվեց «Լրագրողները ազատամարտիկների մասին» մրցույթի ամփոփումն ու պարգեւատրման պաշտոնական արարողությունը: Նորայր Մարությանի անվան «Լրագրողներն ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող մրցույթը իրականացվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համատեղ ջանքերով:

 

Առաջին մրցույթն անցկացվել էր դեռեւս 2005 թ-ին, իսկ 2-րդ մրցույթը մի շարք պատճառներով հետաձգվել էր: Կարեւորելով մրցույթի դերն ու նշանակությունը մեր հերոսների հիշատակը վառ պահելու գործում` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այսուհետ մրցույթը կանցկացվի ամեն տարի` առանց ընդմիջումների: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանի անունը կրող մրցույթին ներկայացված նյութերից եւ ոչ մեկը չէր պատմում նրա մասին: Մասնակիցներից յուրաքանչյուրը «գտել էր» իր հերոսին ու նրան ներկայացնելու իր ձեւը: «Այս միջոցառումը ոչ այնքան միջոցառում է, որքան հոգու պարտք, անհրաժեշտություն` Նորայր Մարության լեգենդը սերունդներին փոխանցելու համար: Եվ իրականում դա անհրաժեշտ է ոչ թե Նորայրին, այլ նրանց, ովքեր չեն եղել նրա սերնդակիցն ու հասակակիցը, ովքեր դեռ նոր են անցնելու նրա ճանապարհը»,- ներկաներին ողջունեց Նաղաշ Մարտիրոսյանը: Մրցույթի ժյուրին 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի մրցանակներ շնորհեց 2-ական ուսանողի: 3-ը ստացան խրախուսական մրցանակ, իսկ մնացած 4 ուսանողները, ովքեր հետաքրքիր պատահականությամբ բոլորն էլ սովորում են 1-ին կուրսում, պատվոգրեր ստացան մասնակցության համար: 1-ին կարգի մրցանակի արժանացան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արուս Հակոբյանը եւ ֆակուլտետի շրջանավարտ Վարդան Ավանեսյանը, ով այս պահին ծառայում է ՀՀ զինված ուժերում: Մասնակից ուսանողների պարգեւները հանձնելու էին եկել նաեւ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագիր Սեյրան Սահսուվարյանը, ՀՀ ժուռնալիստների միության քարտուղար Գրիգոր Ջանիկյանը: «Ես հասկանում եմ, որ նման պահերը միշտ հուզիչ են ու նաեւ ծանր, որովհետեւ մենք անընդհատ անցյալի հիշողություններն ենք «փորփրում»:

 

Սակայն պետք է հասկանանք, որ մեր անցյալի այդ հերոս տղաներն այն կամուրջն են, որ մեզ տանում է դեպի ապագա: Հենց նրանց սխրանքն ու պատգամը պահելն է մեր խաղաղ ապագայի գրավականը»,- իր ելույթում նշեց «Վարդանանքի» նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: Մրցանակակիրների համար հիմնադրամը պատրաստել էր դրամական պարգեւներ: 1-ին կարգի մրցանակակիրները ստացան 60-հազարական, 2-րդ կարգինը` 35- հազարական, իսկ 3-րդ կարգինը` 25-հազարական դրամ պարգեւ: Դրամային մրցանակ ստացան նաեւ խրախուսական պատվոգրերի արժանացած ուսանողները` յուրաքանչյուրը` 10-հազարական դրամ: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ չնայած մրցույթին մասնակցել են հիմնականում ուսանողներ, սակայն մրցույթն ինքնին զուտ ուսանողական չէ:

 

Նա տեղեկացրեց, որ այսուհետ կոնկրետ քայլեր կարվեն մրցույթն ավելի լայն շրջանակներում տարածելու ուղղությամբ եւ հույս հայտնեց, որ հաջորդ մրցույթում ակտիվորեն կմասնակցեն նաեւ հայաստանյան ԶԼՄ դաշտը ներկայացնող լրագրողները: Մրցանակաբաշխության ընթացքում նաեւ տրվեց խորհրդանշական մրցանակ: Արկադի Տեր-Թադեւոսյանը դիպլոմ հանձնեց «Վարդանանք» թերթի խմբագիր Թամարա Գուրգենյանին: Մրցույթին մասնակցած բոլոր նյութերն առաջիկայում կտպագրվեն «Հայ զինվոր» թերթում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏՎԵԼ Ե՛Վ ԵՄ-Ի, Ե՛Վ ԵԱՏՄ-Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ». ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. դոկտոր Աշոտ Ալեքսանյանը հոկտեմբերի 15-17-ը մասնակցել է Բելգորոդ քաղաքում տեղի ունեցած «ԵԱՏՄ անդամ երկրների միջսահմանային և միջտարածաշրջանային փոխազդեցությունը» խորագրով միջազգային ֆորսայթ-նստաշրջանին: Պարոն Ալեքսանյանի հետ զրուցել ենք դրա օրակարգի և արդյունքների, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին: