27.02.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
«Համալսարանում գիտության տոն է, եւ այս տոնը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին»:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն այս խոսքերով ազդարարեց «Հայաստանը եւ հարակից երկրները» թեմայով երիտասարդ դասախոսների, գիտաշխատողների եւ մագիստրանտների գիտաժողովի բացումը: Փետրվարի 27-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կազմակերպված գիտաժողովը նվիրված էր ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին:

 

«Գիտաժողովը, որը նվիրված է մեծանուն պատմաբան, վաստակաշատ գիտնական Հրաչիկ Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին, նախ եւ առաջ ուսուցողական է: Մեր նպատակն այն է, որ մատաղ սերունդը երախտագիտություն ու ակնածանք տածի ուսուցչի, դաստիարակի նկատմամբ: Հրաչիկ Սիմոնյանն այն եզակի հայ պատմաբաններից է, ով խորհրդային շրջանում համարձակվեց նյութեր հավաքել հայ ազատագրական պայքարի մասին»,- գիտաժողովի ընթացքում ասաց նույն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

 

«Հայաստանը եւ հարակից երկրները» թեմայով գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ոչ միայն ԵՊՀ արեւելագիտության եւ պատմության ֆակուլտետի երիտասարդ գիտնականները, այլեւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից եւ Եվրոպական ակադեմիայից հրավիրված գիտաշխատողները: Գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցները հիմնականում նվիրված էին Հրաչիկ Սիմոնյան գիտնականի անցած ուղուն, նրա ուսումնասիրած գիտական աշխատություններին, ինչպես նաեւ հայ պատմագրության ոլորտում ունեցած ձեռքբերումներին ու նվաճումներին:

 

Գուգեն Մելիքյանը եւս մեկ անգամ շնորհավորեց Հրաչիկ Սիմոնյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ` նրան մաղթելով քաջառողջություն ու մասնագիտական նորանոր վերելքներ եւ ավելացրեց. «Այս տաղանդավոր գիտնականի ստեղծած մտավորական ընտանիքը միշտ համակված է եղել ազատագրական ոգով. երբ հայրը Անդրանիկի մասին էր գրում, որդու մտքում Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն էր խմորվում»:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: