29.04.2015
ԵՊՀ-ում բացվեց Երախտիքի ծառուղի
Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ում հիմնադրված ծառուղու բացմանն ապրիլի 29-ին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծառուղում, որը սկիզբ է առնում ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից, տեղադրված են 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչներից 12-ի կիսանդրիները:

«Երևանի պետական համալսարանի բակում հիմնված այս ծառուղին մեր շնորհակալության համեստ արտահայտությունն է օտարազգի բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք անշահախնդիր ներդրում են ունեցել անպաշտպան հայերին փրկելու, փրկված հայերի համար կենսապայմաններ ապահովելու, հայության դեմ կատարված եղեռնագործության մասին աշխարհին տեղեկացնելու, հայության դատին հետամուտ լինելու գործում»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:

Երախտիքի ծառուղին հիմնադրվել է ԵՊՀ դասախոսների, աշխատակիցների և ուսանողների, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի և այլ բարերարների նվիրատվությամբ:

Յոհաննես Լեփսիուս (Johannes Lepsius, 1858-1926, Գերմանիա)
Կարեն Յեպպե (Karen Jeppe, 1876-1935, Դանիա)
Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861-1930, Նորվեգիա)
Հենրի Մորգենթաու (Henry Morgenthau, 1856-1946, ԱՄՆ)
Ֆրանց Վերֆել (Franz Werfel, 1890-1945, Ավստրիա)
Ջեյմս Բրայս (James Bryce, 1838-1922, Մեծ Բրիտանիա)
Արմին Վեգներ (Armin Wegner, 1886-1978, Գերմանիա)
Անատոլ Ֆրանս (Anatole France, 1844-1924, Ֆրանսիա)
Յակոբ Քյունցլեր (Jakob Künzler, 1871-1949, Շվեյցարիա)
Ռաֆայել Լեմկին (Raphael Lemkin, 1900-1959, Լեհաստան)
Պիեռ Քիյար (Pierre Quillard, 1864-1912, Ֆրանսիա)
Ալմա Յոհանսոն (Alma Johansson, 1880-1974, Շվեդիա)

Ահա այն երախտավորները, որոնց կիսանդրիները տեղադրվել են ԵՊՀ-ի ծառուղում: Հայերին օգնության ձեռք մեկնածները, բնականաբար, չեն սահմանափակվում այդ 12 անձանցով, սակայն հնարավոր չէր դնել բոլորի կիսանդրիները:

«Այս 12 գործիչների կիսանդրիների տեղադրմամբ ամենևին էլ ծանրութեթև չենք անում նրանց և պատմությանը հայտնի ու անհայտ բազմաթիվ այլ հայասերների կատարած գործերը: Մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով փորձել են մեղմել հայության վիշտը: Երախտապարտ ենք այն հասարակ արաբ գյուղացուն, ով մի կտոր հաց է տվել ծնողներին կորցրած հայ որբուկին, այն քրդին, ով իր հարկում թաքցրել է յաթաղանի սպառնալիքի տակ հայտնված հայ հարևանին»,- հավելեց պարոն Սիմոնյանը:

Նշենք, որ կիսանդրիների հեղինակը քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն է:

Ի դեպ, ԵՊՀ պորտալի «ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագրով կայքում՝ genocide100.ysu.am, երկլեզու՝ հայերեն և անգլերեն տեղեկատվություն է տարածվում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի և դրա շրջանակում համալսարանի կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև Երախտիքի ծառուղու վերաբերյալ:


ՀՀ նախագահն այցելեց նաև Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն


Երախտիքի ծառուղու բացումից անմիջապես հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու մյուս հյուրերը շարժվեցին ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն:
Նախ նրանք կանգ առան ԴՆԹ-ն խորհրդանշող արձանի մոտ, որը բոլորովին վերջերս է տեղակայվել Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի դիմաց: Այնուհետև կենտրոնի տնօրեն Նելլի Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ դրա գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումներին, որոնցով կենտրոնում իրականացվում են բազմապիսի հետազոտություններ:

ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը ստեղծվել է 2013 թ.-ին՝ միջառարկայական կրթություն և հետազոտություններ իրականացնելու ու գիտության առաջընթացը արդյունաբերության, գյուղատնտեսության և հասարակության համար կիրառելի ոլորտ տեղափոխելու նպատակով: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները: Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխան մագիստրոսական ծրագրերով մասնագետներ է պատրաստելու «Կիրառական կենսաբանություն» և «Կենսահնագիտություն» ուղղություններով: Կրթական այդ ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունն արդեն մշակվել են: Կենտրոնը համալրվել է նաև տպագիր և էլեկտրոնային արդի գրականությամբ:

«Կենտրոնի լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Դրանցից մեկը սկանավորող էլեկտրոնային մանրադիտակն է, որը թույլ է տալիս օբյեկտը խոշորացնել մինչև 100.000 անգամ, ինչպես նաև կատարել քիմիական տարրերի միկրոանալիզ: Կենտրոնը ձեռք է բերել նաև «FT-IR» սպեկտրոսկոպ, որի միջոցով իրականացվում են անհայտ միացությունների նույնականացում ինֆրակարմիր ճառագայթների տիրույթում: Ստեղծվել են նաև ԴՆԹ անջատման և ԴՆԹ հաջորդականության վերծանման լաբորատորիաներ, որոնցում իր կարևոր նշանակությունն ունի ԴՆԹ սեքվենավորման սարքը»,- նշեց Նելլի Հովհաննիսյանը:

Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը համագործակցում է ազգային և միջազգային ինստիտուտների, համալսարանների, կենտրոնների, արտադրությունների հետ. դրանք են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը, «Սեմինա կոնսալտինգ», «Զորահ Վայնս» խորհրդատվական, խաղողագործական և գինեգործական ընկերությունները, Գերմանիայի Տյուբինգենի, Բելգիայի Գենտի, Դուբլինի համալսարանները, Ավստրալիայի հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրության կենտրոնը և այլն: Կենտրոնում իրականացվում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում ուսումնասիրվում են ժամանակակից խաղողների և Արենի-1 քարանձավից գտնված հնագույն կոշիկի, գործվածքի ու խաղողների գենետիկական բազմազանությունը և ծագումնաբանությունը:

Կենտրոնի հետազոտական աշխատանքներում ընդգրկված են նաև ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ:


Ծովինար Կարապետյան