16.09.2016
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԻՐԱԶԻ «ԶԻՆՎՈՐԸ»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երախտավորներից մեկը` բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն իր կյանքի 70 տարիներից շուրջ 50-ը նվիրել է համալսարանին` գիտության մեջ սերունդներ կրթելու գործին...

Ապագա գրականագետ Սամվել Մուրադյանը ծնվել է Արագածոտնի մարզի Աղցք գյուղում 1945 թ.-ի հունվարի 20-ին: Արմատները գաղթական արևմտահայեր են, ովքեր Մեծ եղեռնից հետո եկել և բնակություն են հաստատել այնտեղ: Ընտանիքում 5 երեխա էին` 1 քույր և 4 եղբայր:

«Մեր գյուղը խառը գաղթականների համայնք էր՝ կային ալջավազցիներ, վանեցիներ, մշեցիներ և այլն: Մորական տատս և պապս վանեցիներ էին: 1940-50-ական թթ. հավաքվում էին գյուղի կենտրոնում և պատմում իրենց կորցրած բնօրրանի, ջարդերի մասին: Ես էլ մեծացել եմ այդ պատմությունների ազդեցության ներքո,- հիշում է պարոն Մուրադյանը,- և 50-ական թթ. մեծ տոն էր լինում գյուղում, երբ ռադիոյով հաղորդում էին Շիրազի «Սիամանթո և Խեջեզարե» պոեմի ռադիոբեմականացումը՝ այն ժամանակվա դերասանների հրաշալի կատարմամբ. Հրաչուհի Ջինանյանն էր, Գարուշ Խաժակյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Ավետ Ավետիսյանը… Ամեն անգամ այդ հաղորդումը գյուղացիներին համախմբում էր այն մարդու տանը, ով ռադիո ուներ: Կլանված լսում էինք, և գյուղացիների շրջանում հույս էր արթնացել՝ «Կարո՞ղ է մեր երկրի ճամփեքը բացվեն, մենք վերադառնանք մեր թողած տները»:

Թեև Սամվել Մուրադյանը մեծացել է մանկավարժի ընտանիքում, բայց շեշտում է, որ իր հիմնական դաստիարակը եղել է պապը, ով հողագործ, այգեգործ մարդ էր:

«Ես էլ վաղ հասակից մասնակցել են գյուղատնտեսական բոլոր գործերին, ամեն տեսակ աշխատանք կատարել եմ, մինչև անգամ մանգաղով խոտ հնձելիս ձեռքս եմ կտրել,- ձեռքի սպին ցույց տալով` պատմում է նա,- ամառվա արձակուրդին աշխատում էի կոլտնտեսությունում: Մեր գյուղի մարդիկ էլ ինձ գրագետի տեղ էին դրել, հարցնում էին, թե՝ «Էս մեր կոլխոզ ընչի՞ են կոչել էդ Ռոզա Լյուքսեմբուրգի անունով»: Ես չէի կարող նրանց պատասխանել, որովհետև չգիտեի՝ ով է Ռոզա Լյուքսեմբուրգը: Այսինքն՝ համաշխարհային հեղափոխության զառանցանքի տարածման շրջանի անուններն էին մեզ պարտադրում բոլշևիկները»:

Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, որի տնօրենը հենց իր հայրն էր: Դպրոցն ավարտել է գերազանցությամբ: Այսօր որքան էլ անհնար է Սամվել Մուրադյանին պատկերացնել առանց գրականության, բայց կար ժամանակ, երբ նա ընտրել էր այլ մասնագիտություն և պատրաստվում էր ծրագրավորող դառնալ. «Վախ կար մեջս, որ Երևանի պետական համալսարան չեմ կարողանա ընդունվել: Թերևս այդ պատճառով ընդունելության քննություններ հանձնեցի և ընդունվեցի Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկում»:

Մաթեմատիկոս-ծրագրավորող էր լինելու, սակայն 1964 թ.-ին մի կողմից գրում էր ավարտական աշխատանք՝ «Սխալներ հայտնաբերող և ուղղող կոդերի գործածությունը ժամանակակից էլեկտրոնային հաշվիչ մեքենաներում» թեմայով, մյուս կողմից պատրաստվում էր ԵՊՀ-ի ընդունելության քննություններին: Այդ առումով վճռական դեր է խաղացել բանաստեղծ Հովհաննես Շիրազը:

«Այն Շիրազը, ում ես վաղ մանկությունից ուզում էի տեսնել, մի օր եկավ մեր տեխնիկում: Կազմակերպել էին հանդիպում, ես էլ խոսք ասացի: Շիրազն իր ելույթում ասաց՝ «Էստեղ սովորող 400 երեխա կա, այդ 400-ը թող գնան հաշվիչ մեքենաների գծով, դու պետք ես մեր գրականությանը»: Դա եղավ ճակատագրական,- դեմքի մեղմ ժպիտով վերհիշում է պրոֆեսորը,- դրանից հետո՝ մտերմություն բանաստեղծի հետ… Խորասուզվեցի նրա անտիպ ստեղծագործությունների ու ձեռագրերի աշխարհը…»:

Թեպետ պարոն Մուրադյանի մասնագիտական ուղին նոր-նոր էր սկսվում, սակայն համալսարան ընդունվելիս նա արդեն ուներ ձևավորված գրական հայացքներ ու նախընտրություններ և անգամ քննասենյակում դրանց հավատարիմ մնաց։ Բանն այն է, որ նա Նաիրի Զարյանին ճանաչել է դեռևս նրա գրականությանը ծանոթանալուց առաջ։ Եվ վերջինս իր մարդկային նկարագրով առանձնապես դուր չէր եկել իրեն։ Եվ ահա պարզվում է՝ քննատոմսի առաջին հարցը Նաիրի Զարյանի «Հացավան» վեպի մասին էր։ Հրաժարվում է պատասխանել. «Ասում են. «Երիտասա՛րդ, ինչո՞ւ չես կարդացել «Հացավան»-ը: Ասում եմ. «Կարդացել եմ, չեմ ուզում պատասխանել»։ Աղմուկի վրա եկավ Էդվարդ Աղայանը, ում ասացին, թե այս տղան, քիչ է, չի կարդացել, դեռ ուզում է գնահատական պոկել։ Երբ իմացավ՝ ինչ թեմա է, հարցրեց. «Տղա՛, ինչո՞ւ չես պատասխանում»: Ասում եմ՝ հիասթափված եմ։ Ասում է. «Ա՜խր, «Հացավան»-ն ի՞նչ է, որ չես կարդացել, ծրագրային գործ է»։ Ասացի. «Գիտեմ, Դուք ուզում եք, որ ես խոսեմ Լևոն Լամբարյանի կերպարի մասին, խոսեմ Մացակ Ավագյանի կերպարի մասին, Յոթ ծովի մերանի մասին, Հասմիկ Զոհրաբյանի մասին, կոմունիզմի կամուրջի մասին, էս եք ուզում՝ ասեմ»։ Ու զարմացան, որ գիտեմ։ Ասացի՝ բա՞ իմանալով չեմ սիրում»։

Ընդունելության քննություններից հետո 1 միավորի պակաս ուներ: Առաջարկում էին հրամանագրել Իրավաբանության ֆակուլտետում, որովհետև ազատ տեղ կար, բայց հրաժարվեց: Ի վերջո, Շիրազի միջնորդությամբ և Գևորգ Հայրյանի բարյացակամության շնորհիվ նա ընդունվեց համալսարան:

«Մի օր Հովհաննես Շիրազի հետ գնացինք մեր գյուղ, պապս նրան տեսավ, ասաց. «Հովհաննե՛ս Շիրազ, սիրելի՛ բանաստեղծ, իմ թոռ Սամվելին կիտամ քեզի զինվոր»: Գրողը դրանից շատ էր ազդվել»,- հիշում է պրոֆեսորը:

Տարիների հեռվից համալսարանի մասին խոսելիս պարոն Մուրադյանն առաջինը շեշտում է, որ ունեցել է շատ լավ ուսուցիչներ, իսկ Մայր բուհն իր համար վաղուց դարձել է երկրորդ հայրական տուն: 1969 թ.-ին ավարտեց համալսարանն ու աշխատանքի ընդունվեց Հայագիտական կենտրոնում։ Մինչ այդ, սակայն, ստիպված էր հաղթահարել մի շարք խոչընդոտներ։ Նա որպես ատենախոսության թեմա ընտրել էր գրականագետ Հարություն Սուրխաթյանի կյանքն ու գործունեությունը։ Մի անհատ, ում մասին մինչ այդ շատ քչերն էին լսել, ում, աշխատանքները, սակայն, բացում են գրականության պատմության դռները՝ սկսած հռոմեականից մինչև ռուս գրականություն։ Բավականին մեծ ջանքերից ու քրտնաջան աշխատանքից հետո, երբ հասել էր պաշտպանության նախօրեն, Սամվել Մուրադյանն իր ընդդիմախոսներին պատասխաններ գրելու փոխարեն Կենտկոմում բացատրություն էր տալիս, թե ինչպես է իր ձեռքում հայտնվել «Ասալա»-ի թերթը։

«Պարզվում է՝ ես «Ասալա»-ի գաղափարների տարածող եմ միայն այն պատճառով, որ պատահաբար ձեռքս է ընկել այն թերթը, որտեղ գրված է կազմակերպության գործողությունների ու մասնակիցների մասին»,- ասում է պարոն Մուրադյանն ու հավելում, որ այդ ժամանակ քննարկվել է նույնիսկ համալսարանից իր հեռացման հարցը, սակայն գործը դրան չի հասել։

1972-1984 թթ. եղել է «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար, իսկ 1985 թ.-ից անցել է մանկավարժական գործունեության: 1992-94 թթ. հայ գրականություն է դասավանդել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում: 1995 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը` «Երվանդ Օտյան. կյանքը և գործը» թեմայով: 2001 թ.-ից ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչն է, որն այսօր կրում է իր ուսուցչի` Հրանտ Թամրազյանի անունը:

Ճակատագրի բոլոր թելերով համալսարանին կապված Սամվել Մուրադյանն իր կյանքի մեծագույն սիրուն ևս հանդիպել է Մայր բուհում: Նելլի Թիրաբյանը, ով այսօր Հայոց լեզվի ամբիոնի դասախոս է, շատ տարիներ առաջ ասմունքի խմբակ էր եկել` բոլորովին չկասկածելով, որ պոեզիան դառնալու է նրա ապագա ընտանիքի հիմքը:

«Նելլին ինձնից մի կուրս ցածր էր սովորում: Նրա մեջ ամենից առաջ ինձ գրավեց պոեզիա զգալու կարողությունը»,- հակիրճ պարզաբանում է պարոն Մուրադյանը: Պոեզիայով հյուսված սերը շուտով վերածվեց ընտանիքի, իսկ երջանկությունը մինչ օրս ամրապնդում են 3 զավակները` Անին, Աշխենն ու Արփին, և 7 թոռները:

Երկարամյա աշխատանքի մեջ առանձին տեղ է զբաղեցնում Սամվել Մուրադյանի հասարակական գործունեությունը: Նա արժանացել է բազմաթիվ պետական ու գերատեսչական պարգևների, կոչումների, բայց…

«Իմ աշխատանքն աննկատ չի մնացել, սակայն ինձ համար բարձրագույն կոչումը համալսարանական լինելն է: Կոչում, որն աշխարհում ոչնչի հետ չեմ փոխի: Ես երջանիկ եմ, որ լսարան եմ մտնում ու խոսում իմ ամենասիրած երևույթի` հայ գրականության մասին: Մենք միշտ սպասում ենք գալիք երջանկությանը, այնինչ հարահոս աշխարհում երջանկությունն այն է, ինչ ներկա պահին ունենք»,- իր երջանկությունն այսպես է բանաձևում ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը:


Ծովինար Կարապետյան