29.09.2016
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
Գոռ Դարմանյան, Գևորգ Մանուկյան և Շուլի Հակոբյան. համալսարանական երիտասարդներ, ովքեր արժանացել են «Արիության» և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների: Ամիսներ առաջ զորացրված և այժմ իրենց ուսումը Մայր բուհում շարունակող հերոսների հետ զրուցել ենք բանակային կյանքի, քառօրյա պատերազմի և ռազմական ոլորտին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Գոռ Դարմանյանը վիրավորվել է թշնամու դիվերսիոն գործողությունը կասեցնելու ժամանակ, իսկ ահա նույն ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Գևորգ Մանուկյանն ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Շուլի Հակոբյանը մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին. Գևորգն ուղղաթիռ է խոցել, իսկ Շուլին՝ երեք տանկ: Նրանց մասին խոսեցին շատերը, ներկայացվեցին նրանց հերոսության դրսևորումները, պատրաստվեցին հեռուստատեսային ռեպորտաժներ, բայց չխոսվեց ամենակարևոր երևույթների՝ հայրենասիրության և հայրենատիրության մասին:

«Համալսարանականի կերպարն այլ կերպ լինել չի կարող»,- նշում են տղաներն ու միաբերան փաստում, որ ցանկացած երիտասարդ այդպիսի իրավիճակում կաներ նույնը, ինչ արել են իրենք: Ե՛վ Գոռը, և՛ Գևորգը, և՛ Շուլին իրենց բանակային կյանքի մասին խոսում են մեծ ոգևորվածությամբ, հիշում այն ամենը, ինչի միջով անցել ու հերոսացել են: Ծառայության երկու տարիները նրանց տվել են ինքնակայացման և ինքնակազմակերպման հնարավորություն:

«Մինչ բանակ գնալը հայրենասիրությունը պատկերացնում էի այնպես, ինչպես մեր գրողներն էին ներկայացրել. այն ոգեկոչում էր… Նաև Գարեգին Նժդեհի գաղափարների կրողն եմ. խրամատների մեջ Նժդեհի խոսքերն էի փորագրում և տղերքի մոտ իմ պատկերացրած հայրենասիրությունը սերմանում…»,- պատմում է Գոռ Դարմանյանն ու հավելում, որ հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունից հետո իր համար սկսվել է այլ իրականություն. հայրենասիրության պատկերացումները դարձել են իրական զգացողություններ:

Թշնամու երեք տանկ խոցած Շուլի Հակոբյանն էլ շարունակում է. «Ծառայեցի Մատաղիսի զորամասում, իսկ քառօրյա պատերազմից հետո ծառայությունս շարունակեցի Թալիշում: Առանց դժվարությունների հնարավոր չէր, բայց դրանք տղամարդու համար են: Ինչ վերաբերում է ռազմական վերջին գործողություններին, ապա դրանք ցույց տվեցին, որ սահմանին կանգնած տղաները կարող են հայրենիքն ամուր և անառիկ պահել»:

Ապագա տնտեսագետը փաստում է, որ ինքը շատ էր լսել պատերազմների մասին, բայց չէր պատկերացնում դրա իրական դրսևորումը. «Իրավիճակը բավականին լուրջ և լարված էր: Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Տանկ խոցելը հերոսություն չեմ համարում. դա իմ պարտականությունն էր, թե ինչ ձևով իրականացրի, դա այլ հարց է (ժպտում է)»:

Գևորգ Մանուկյանն էլ, ում անդրադարձել ենք նաև «Երևանի համալսարան» թերթի այս տարվա հունիս-հուլիս (տե՛ս՝ N 6 (2181) համարում, մեզ հետ զրույցում այս անգամ խոսեց արդեն որպես զորացրված զինվորի կարգավիճակով. «Բանակը մի դպրոց է, որը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել, իսկ դասերը ոչ մի ուրիշ տեղից չես կարող քաղել: Յուրաքանչյուր տղայի համար ծառայության ամենամեծ ձեռքբերումը կյանքի փորձն է. ցանկացած զինվոր իր բանակային կյանքի ընթացքում փոխվում է, ընդ որում՝ յուրովի»:

Ապագա իրավագետին այսօր շատերն են հարցնում. «Ինչպե՞ս խոցեցիր թշնամու ուղղաթիռը»: Գևորգը չի հոգնում պատասխանելուց. «Խոցեցի այն, որովհետև այլ տարբերակ չունեի: Իմ փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը, բայց այդ պահին «Իգլա» հրաշքն իմ ձեռքին էր: Կասեք՝ էլ ե՞րբ պետք է այն օգտագործեի (ժպտում է): Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմին, ապա այն ցույց տվեց, որ մեր բանակն ուժեղ է և ամուր կանգնած իր դիրքերում: Հայոց բանակը մարտունակ է: Այո՛, կորուստներ ունեցանք, բայց փաստ է նաև, որ երբ գալիս է ժամանակը, տղաները մոռանում են ամեն ինչ, ձուլվում իրար և միասնականությամբ պայքարում թշնամու դեմ»:

Իրավագետի մասնագիտության առանձնահատկություններն ուսումնասիրող Գոռ Դարմանյանը նշեց նաև, որ այն տղերքը, որոնց հետ ծառայել է, պոտենցիալ հերոսներ են. «Երազում էի թշնամուն հանդիպել. դա եղավ: Այդ հանդիպումը կհիշեմ որպես մեր կողմից կատարված սուրբ գործ: Ճիշտ է, զոհեր տվեցինք, բայց հաղթեցինք. նրանց նախաձեռնած դիվերսիոն գործողությունը ձախողվեց. սատկեցին, ափսոս, որ այդ օրը չեն հիշելու: Ուրախ և հպարտ եմ, որ այժմ պատմում եմ հաղթանակածի կարգավիճակով»:

Հիմա սահմանում կարծես թե հանգիստ է, և ապրիլյան պատերազմ անցած հերոս ընկերների հետ Գոռը, ով արժանացել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Արիության» և «Գարեգին Նժդեհ» շքանշանների, շարունակում է ուսումը. «Մեզ մնում է սովորել և սերունդներին սովորեցնենք, թե ով է մեր թշնամին, և ով ենք մենք: Ինչպես Արցախյան ազատամարտում, այնպես էլ քառօրյա պատերազմի ժամանակ սահմանին կանգնած տղաներն իրենց հերոսություններով հաղթական պատմություն կերտեցին»:

Հակատանկային մարտկոցի ավագ Շուլի Հակոբյանը Թալիշի դիրքերում եղել է մինչև մայիսի 5-ը: Ըստ նրա՝ այդ օրերին նրանց վրա մեծ պատասխանատվություն է դրված եղել. «Մարտական դիրքերը գտնվում էին վատ վիճակում: Ակտիվ հրետակոծության պատճառով որոշ դիրքեր նույնիսկ հավասարվել էին հողին. այդ ամենը վերականգնել էր պետք»:

Չնայած մարտական ընկերների կորստյանը՝ Շուլին ապրիլի 4-ին, այնուամենայնիվ, կարողանում է ժպտալ. այդ օրը գյումրեցի երիտասարդը 30 րոպեների ընթացքում հակառակորդի երեք տանկ է խոցում: Այդ փաստը մարտական դիրքում տրամադրություն է բարձրացնում: Նրա արարքը բարձր է գնահատել նաև ռազմական ղեկավարությունը՝ նրան շնորհելով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան: Այսօր Շուլին այդ ամենի մասին խոսում է ընդգծված համեստությամբ, կարծես չի անցել հրե դժոխքի միջով…

Քառօրյա պատերազմի բովով անցած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Գևորգ Մանուկյանը գտնում է, որ մեր ազգը, ինչպես միշտ, ուժեղ է և պետք է անառիկ պահի իր սահմանները. «Շնորհավորում եմ հայկական երկու պետությունների անկախության 25-ամյակները: Այո՛, այն ձեռք է բերվել դժվարին ժամանակահատվածում: Ցանկանում եմ, որ հարյուրամյակներ շարունակ այս անչափ կարևոր և մեծ նշանակություն ունեցող տոների կապակցությամբ միմյանց շնորհավորելու հնարավորությունն ունենանք»:

Հ.Գ.: Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը փայլուն կատարելու համար համալսարանական հերոսներին Պաշտպանության նախարարությունն առաջարկել է որպես սպա ծառայությունը շարունակել Պաշտպանության բանակում: Տղաները, սակայն, այժմ նախընտրել են շարունակել համալսարանական կրթությունը: Մասնագիտական և ապագային ուղղված շատ նպատակներ ունեն. այդ ամենին հասնելու համար և՛ Գոռը, և՛ Գևորգը, և՛ Շուլին անելու են ամենայն հնարավորը, որպեսզի ոչ միայն արժանի լինեն ստացած շքանշաններին, այլև իրենց դրսևորեն որպես երկրի արժանի ու բանիմաց քաղաքացիներ:

Հովհաննես Վարդանյան