14.12.2016
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ. «ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՍԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»
Մեծանուն համալսարանական, վաստակաշատ պրոֆեսոր և մեծագույն հայ Գուրգեն Մելիքյանը բոլորեց ծննդյան 80-ամյակը: Դեկտեմբերի 14-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին շնորհավորելու էին եկել գործընկերները, հարազատներն ու ուսանողները:

«Գուրգեն Մելիքյանը համալսարանի հանդեպ տածած անսահման սիրո ու անձնուրաց նվիրվածության շնորհիվ դարձել է Մայր բուհի խորհրդանիշներից մեկը: Նա մարդու այն տեսակն է, որն իր կենսագրությամբ ու կենցաղավարությամբ, գործունեությամբ ու վարքով իսկական մտավորականի կոչմամբ մարդու և ճշմարիտ հայի անզուգական կերպար է հրամցնում իր շրջապատին: Վաստակաշատ պրոֆեսորի ու մանկավարժի կեսդարյա գիտակրթական գործունեության արգասիքն է գիտական ու ուսումնամեթոդական աշխատանքների մի հսկայական ցանկ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Գուրգեն Մելիքյանի՝ կրթության, ռազմական և գիտական ոլորտներում ունեցած վաստակը գնահատեցին և արժևորեցին ոչ միայն համալսարանական գործընկերներն ու գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները, այլև պաշտոնատար անձինք:

Մասնավորապես ընթերցվեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի շնորհավորական ուղերձները:

Հոբելյանական միջոցառման մասնակիցները դատարկաձեռն չէին եկել: Նրանք պրոֆեսորին հանձնեցին արժեքավոր նվերներ և շնորհավորական ուղերձներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մեծ ավանդի համար Գուրգեն Մելիքյանը պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: Հոբելյարին շնորհվեց նաև Իրանի լեռնագնացների ակումբի պատվավոր անդամի կոչում, ինչպես նաև Իրանի լեռնագնացության պատմությանը նվիրված գիրք, որտեղ զետեղված են նաև երիտասարդ տարիքում լեռնագնացությամբ հետաքրքրված Գուրգեն Մելիքյանի լուսանկարներն ու կենսագրությունը:

«Ես զինվորագրվել եմ մի գործի, որն ինձ համար հավիտենական է. այն է՝ հայրենիքի հզորացում և Արցախի ազատագրում ու անկախացում: Ամեն օր Աստծուց անանձնական երջանկություն եմ խնդրում և երջանիկ եմ դրանով»,- ասում է հոբելյարը և հավելում, որ շրջապատի ու մասնավորապես ուսանողների սերն է, որ ջերմացնում է իր հոգին:

Հոբելյանական միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին նվիրված տեսաֆիլմ:

Հ.Գ.: «Երևանի համալսարան»-ը, նույնպես ջերմորեն շնորհավորելով վաստակաշատ համալսարանականին և մաղթելով քաջառողջություն ու դեռ երկար տարիների բեղմնավոր գործունեություն, ստորև ներկայացնում է հատվածներ հոբելյանական ցերեկույթի ընթացքում հնչած ուղերձներից և ելույթներից:

***


«Ի սրտե շնորհավորում եմ մեծ հայի 80-ամյա հոբելյանը: Ձեր երկարամյա գործունեությունը հարազատ երկրին ու ժողովրդին լավագույն օրինակն է սերունդներին: Լինելով ճանաչված գիտնական՝ Դուք մեծ ներդրում ունեք ՀՀ-ում արևելագիտության զարգացման, հայրենասեր ու կիրթ սերունդների դաստիարակման գործում: Ձեզ ճանաչում են նաև որպես ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակից և ազատամարտիկ: Մարդ, որ մշտապես սատարում է Արցախին՝ մեր հանրապետությունում իրականացնելով տարբեր ծրագրեր, ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը»:

Բակո Սահակյան,
ԼՂՀ նախագահ


***

«Արցախյան գոյամարտի ճակատագրական օրերին Գուրգեն Մելիքյանի անունը բոլորի շուրթերին էր, քանզի նա ամենավճռորոշ ու ամենաթեժ պահերին ճիշտ տեղում էր: Եվ Դուք, որ դարձաք շարժման կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկը, այսօր էլ 80-ամյա պատկառելի տարիքում շարունակում եք երիտասարդական ավյունով ծառայել հայ ժողովրդին: Դժվար է գերագնահատել նաև Ձեր ահռելի ներդրումը մատաղ սերնդի կրթության ու հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»:


Վիգեն Սարգսյան,
ՀՀ պաշտպանության նախարար


***

«Հպարտանում եմ, որ Գուրգեն Մելիքյանի ժամանակակիցն եմ ու ընկերը: Բազմիցս առիթ եմ ունեցել նրա հետ շրջելու Հայաստանում, Արցախում և արտասահմանում, և ամենուրեք նրա հասցեին միայն լավ բաներ եմ լսել, նրա անձի ու գործունեության վերաբերյալ ամենաջերմ ու հարգալից խոսքերն են հնչել: Եվ պետք է նշել, որ նա այնքան համեստ անձնավորություն է, որ երբեք չի պատմում իր գործերի մասին»:


Վահրամ Բաղդասարյան,
ՀՀ ԱԺ պատգամավոր,
«Հանրապետական» (ՀՀԿ)
խմբակցության ղեկավար


***

«Արևելագիտության ինստիտուտի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Ձեզ: Պետք է նշեմ, որ Ձեզ հետ շփվելն իսկական հաճույք է, և վստահ եմ, որ ինձ հետ շատերն են համակարծիք: Դեռևս ուսանողական տարիներին Ձեր իմաստությանը հաղորդակից լինելն իսկական փորձառություն էր մեզ համար: Մենք դաստիարակվել ենք՝ մեր աչքի առաջ ունենալով Ձեր հայրենասիրական անհուն սերն ու նվիրվածությունը, մարդկային էությունն ու գիտական մոտեցումը»:


Ռուբեն Սաֆրաստյան,
ՀՀ ԳԱԱ արևելագիտության
ինստիտուտի տնօրեն,
ակադեմիկոս


***

«Դեռևս պատերազմից առաջ Գուրգեն Մելիքյանը բավականին յուրահատուկ աջակցություն էր ցուցաբերում մեզ՝ ռազմական տեխնիկայի և կապի միջոցների մատակարարման տեսանկյունից: Նա, փաստորեն, կատարում էր ոչ պաշտոնական հյուպատոսի գործառույթներ՝ հայկական Սփյուռքից հատուկ մարդկանց միջոցով, որոնց անունները չեմ ուզում նշել, մեզ հասցնելով անհրաժեշտ տեխնիկա և միջոցներ: Ազգանվեր գործունեության նմանաբնույթ օրինակներ շատ կան, որոնց համար մենք և մեր ապագա սերունդները միշտ պետք է շնորհակալ լինեն նրան»:


Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան,

Ազգային ռազմավարական հետազոտությունների
ինստիտուտի տնօրեն


Վարդուհի Զաքարյան

Տարվա այլ հրապարակումներ