15.12.2016
«ԳՐՔԵՐՆ ԻՆՁ ՏՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԱԶԵԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ»
Տարածված այն տեսակետը, թե մեր օրերում գիրքն այնքան էլ արժեք չունի, թերևս թյուրըմբռնման արդյունք է: Այդ մասին է վկայում այն իրողությունը, որ «Գրքասեր» խորագրի ներքո հրապարակվող նյութերը մեծ տարածում են գտել մեր ընթերցողների շրջանում: Եվ այսպես՝ մեր հարցադարանի անփոփոխ հարցերին այս անգամ պատասխանել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի երիտասարդ դասախոս և ընթերցասեր Աննա Հակոբջանյանը:

- Ձեր ամենասիրելի գրողը… 

- Ամենասիրելի գրողին առանձնացնելը փոքր-ինչ դժվար է: Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում սկսել եմ կարդալ նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Այդ առումով սիրելի գրողների շարքը կարող է համալրվել նորերով: Այնուամենայնիվ, ինձ համար հանճարեղ գրող է Հովհաննես Թումանյանը, ում ստեղծագործություններն ընթերցել եմ նույնիսկ մի քանի անգամ: Նա կարողանում է պարզության մեջ իր հանճարեղությունն արտացոլել: Ըստ իս՝ դա գրողի առանձնահատկությունն է: Արտասահմանյան գրողներից էլ կնշեմ Բեռնարդ Վերբերի անունը, ում գիտաֆանտաստիկ գործերը բոլոր ժամանակներում էլ արդիական են: 

- Ձեր ամենասիրելի գիրքը…

- Իմ կյանքում կա մի հեքիաթային գիրք, որն առանձնանում է իր ասելիքով և յուրօրինակությամբ: Դա Անթուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է: Կյանքի բոլոր իրավիճակներում այդ գրքից միշտ քաղելու և սովորելու, ինչպես նաև հոգին հանգստացնելու համար կարող ենք կարևոր բաներ վերցնել: 

- Ձեր ամենասիրելի գրական հերոսը…

- Այս հարցին չեմ կարող միանշանակ պատասխան տալ: Որևէ հերոսի առանձնացնելը, բնականաբար, դժվար գործ է: Հերոսների կյանքը, ապրումներն ու նրանց գործունեությունն անմիջականորեն կապվում են տվյալ պահին ընթերցվող ստեղծագործության և ընթերցողի վիճակի, ապրումների հետ… Սովորաբար կերպարները, ստեղծագործության մեջ առկա իրավիճակներն ընթերցողին փորձառություն, գեղարվեստորեն տեսնելու և նորովի վերլուծելու հնարավորություն են տալիս:

- Ի՞նչն եք առաջին հերթին կարևորում գրական ստեղծագործության մեջ:

- Առաջին հերթին՝ լեզուն: Ընդհանրացնում եմ նաև միտքը, որը պետք է օժտված լինի կլանելու հատկությամբ: Գրողը պետք է ընթերցողին «մտցնի» ստեղծագործության հիմքում դրված գաղափարախոսության և փիլիսոփայության մեջ: Դրանով գրողն ընթերցողին կարող է իր մի մասնիկը դարձնել…

- Որտե՞ղ կամ ի՞նչ պայմաններում եք ընթերցում:

- Գրեթե տարբեր վայրերում: Ինձ կարելի է ընթերցելիս տեսնել այնտեղ, որտեղ հարմար է: Այդ առումով ես որևէ խնդիր և ներքին բարդույթներ չունեմ: Հիմնականում, սակայն, նախընտրում եմ հանգիստ և անաղմուկ միջավայրը, որպեսզի կենտրոնանամ և զգամ գիրքը: Մի բան էլ. եթե գիրքն ինձ այնքան է հետաքրքրել և ներքաշել դեպքերի զարգացման մեջ, ապա կարող եմ անգամ չնկատել աղմուկը…

- Գրական ժանրերից ո՞րն եք նախընտրում և ինչո՞ւ:

- Այդ առումով հստակ նախընտրություն չունեմ, քանի որ կարդում եմ բոլոր ժանրերով գրված ստեղծագործություններ: Գեղարվեստական գրքերից մեծ մասամբ կարդում եմ գիտաֆանտաստիկ և արկածային գործեր. չէ՞ որ դրանք միաժամանակ և՛ իրական են, և՛ ոչ: Իրական են այնքանով, որ դրանցից կարելի է շատ բաներ սովորել, և իրական չեն այնքանով, որ, միևնույնն է, կարելի է սովորել, սակայն՝ փոխաբերությամբ՝ չլինելով իրականության մասնիկն ու չկրկնելով սխալները: Սովորաբար երբ մարդիկ ընթերցում են, նույնականանում են հերոսի և նրա ապրումների հետ:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի: 

- Միանշանակ՝ հեքիաթներ: Դրանք կարևոր նշանակություն և դերակատարություն ունեն մեր կյանքում: Չկրկնվեմ, բայց կարևոր է նաև Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Այն բոլոր տարիքների և հոգեվիճակի, կյանքի իրավիճակների համար միշտ արդիական գիրք է: Այն կարելի է համարել համաշխարհային գրականության լավագույն գլուխգործոցներից մեկը:

- Ունե՞ք գրադարան, հատկապես ի՞նչ գրքեր կան այնտեղ:

- Այո՛, ունեմ: Այն բազմաժանր է: Իմ գրադարանում կարող եք գտնել մասնագիտական և գեղարվեստական գրքեր: Դրանցից շատերը ժառանգություն եմ ստացել ծնողներիցս: Հետագայում այն համալրել եմ նաև ես: Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացում են ապրել, ուստի ժամանակ առ ժամանակ կարդում եմ նաև էլեկտրոնային միջոցներով: 

- Ավելի հաճախ գիրք ստանո՞ւմ եք, թե՞ նվիրում:

- Նույն հաճախականությամբ՝ երկուսն էլ… Հատկապես վերջին մեկ տարում հիմնականում ես եմ նվիրել: Գիտեք, գիրք նվիրելիս հաշվի եմ առնում, թե ում եմ նվիրում, և թե նվեր ստացողն ինչ բնավորություն ունի: Կարևոր մի գործոն կա, որին վերջին շրջանում մեծ ուշադրություն եմ դարձնում. գիրք նվիրելիս լավ մտածում եմ: Նաև այն առումով, թե տողատակով ինչ եմ ուզում հասկացնել (ժպտում է): Գրքի առումով ես կարողանում եմ ճիշտ ընտրություն կատարել:

- Ո՞րն է ավելի գերադասելի՝ գրական իրականությո՞ւնը, թե՞ բուն իրականությունը:

- Հարցին պատասխանելը պահանջում է պատասխանատու մոտեցում: Մեր բուն իրականությունն այն է, որտեղ մենք ապրում և անխուսափելիորեն բախվում ենք տարբեր խոչընդոտների: Գրական իրականությունն այն երևակայական աշխարհն է, որտեղ յուրաքանչյուրս կցանկանայինք ստեղծել մեր իրականությունը: Դե՛, քանի որ հնարավոր չէ ապրել գրական իրականության մեջ, ուստի անգամ դրա մասին երազելն անտրամաբանական եմ համարում… 

- Արդյոք Ձեր կերպարը գտե՞լ եք որևէ գրքում:

- Ընթերցողը, ցանկացած գիրք կարդալով, որևէ կերպ առնչվում է իր կերպարի նմանությանը: Վստահորեն կարող եմ նշել. ցանկացած ստեղծագործության մեջ կերպարը գտնվում է, քեզ տանում հեռուն և մտածմունքների գիրկը նետում: Հերոսների նույնականացումը կարող է արտահայտված լինել բնավորության գծերով և ապրումներով: Ես շատ եմ հանդիպել ինձ պես մտածող հերոսների: Նրանք շատ են, ուստի չեմ ցանկանա առանձնացնել… 

- Գիրքը՝ որպես քարոզչամիջոց, ինչպե՞ս եք պատկերացնում:

- Եթե անկեղծ ասեմ, ապա քարոզչամիջոց բառն ինձ համար փոքր-ինչ սուր է հնչում: Ես ավելի շուտ կգերադասեի գիրքը համարել որպես քննադատական մտածողությունը կամ ինքնաքննադատությունը խթանող միջոց: Այդ պարագայում պատկերացնում եմ «առաջադրանք-խնդիրներ» առաջարկող որևէ բան, որից ընթերցողը նոր բաներ մտածելու, վերլուծելու, գտնելու և վերագտնելու հնարավորություն կունենա…

- Գրքերն ի՞նչ են փոխել Ձեր կյանքում:

- Փոխել են աշխարհայացքս, ինչպես նաև մի մասնիկ՝ մտածելակերպի տեսքով: Գրքերն իմ կյանքում մեծ ներդրում են ունեցել՝ տալով երևակայության մեջ երազելու նոր ուղիներ: Այո՛, գրքերն ինձ դարձրել են երազկոտ…

- Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց գրքերի…

- Պարզապես կլիներ տաղտկալի և անօգուտ: Ես այդ ձանձրույթի մեջ չէի ցանկանա ապրել… Չեմ էլ կարողանում պատկերացնել այդ իրավիճակը (ժպտում է):

- Նշե՛ք որևէ արտահայտություն այն գրքերից, որոնք առանձնակի տպավորել են Ձեզ:

- Անգլիայի ժամանակակից կին գրողներից մեկը՝ Լիզա Ջյուելը, իր ստեղծագործություններից մեկում գրել է. «Մեր յուրաքանչյուր հաջորդ քայլը պետք է ուղղված լինի անձնական «ես»-ի ինքնակատարելագործմանը, որպեսզի մարդն ինքն իր հետ համեմատվելու հնարավորություն ունենա»: Այդ տողերն էլ, իմ մասնագիտության «մեղավորություններով» պայմանավորված, առանձնացրել եմ: 

- Ո՞ր գրքի սյուժեում կցանկանայիք հայտնվել:

- Բուն իրականության կյանքի գրքում: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր իսկ կյանքի գրքի կերտողներն ենք, իսկ այդ դեպքում յուրաքանչյուրն էլ որոշում է իր սյուժեն: Կախված նրանից, թե որքան է մարդու մոտ ձևավորված ստեղծագործական մոտեցումը, ըստ այդմ էլ՝ կարելի է եզրակացնել՝ գիրքը հետաքրքիր կլինի՞, թե՞ ոչ…

- Վերջաբանի փոխարեն… 

- Պետք է կարդալ, շա՜տ կարդալ… Պետք է հաշվի առնել, որ գրքերին ոչինչ չի կարող փոխարինել: Խորհուրդ եմ տալիս՝ գրքեր ընթերցելիս առաջնորդվել նախընտրություններով և արտահայտված հետաքրքրություններով: Կարևոր է, որ գիրքը դառնա և լինի մեր կյանքի ուղեկիցն ու ընկերը:


Պատրաստեց 

Հովհաննես Վարդանյանը

Տարվա այլ հրապարակումներ