01.12.2016
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ
Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տրվեց «Հաջողության պատմություն» խորագրով ծրագրի մեկնարկը:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից: Այս ամիս՝ դեկտեմբերին, Մայր բուհի ուսանողները հյուրընկալել են «Չոր մարքեթինգ» նախաձեռնության հեղինակ Վահրամ Միրաքյանին, հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, Էդուարդ Այանյանին և Ավետ Բարսեղյանին: Նշենք նաև, որ ծրագրի նպատակն է ոլորտի առաջատար մասնագետների հաջողության և փորձի միջոցով համալսարանականներին ներկայացնել այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում նրանց կօգնեն առաջ գնալու և մասնագիտական որակական առաջընթաց ապահովելու առումով:


«Աշխատե՛ք փորձ ձեռք բերել, ակտիվություն ցուցաբերել»

Հաջողության գաղտնիքների բացահայտմանը միտված ծրագրի աշխատանքները համակարգելու նպատակով ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ձևավորվել է հատուկ խումբ: Նոր նախագծի շրջանակում կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնում են իրենց հաջողության բանաձևն ու պատմությունը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակից Արմեն Խաչիկյանի խոսքերով՝ բացի ակադեմիական կրթությունից՝ Մայր բուհում պարբերաբար պետք է կազմակերպվեն նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով հանդիպումներ. «Երբ մենք ուսանողների հետ դասընթացներ էինք անում ու փորձում էինք վեր հանել համալսարանական խնդիրները, շատ ուսանողներ նշեցին, որ իրենք ստանում են ակադեմիական կրթություն, ինչը լավ է, բայց կա ոչ ֆորմալ կրթության պակաս: Որոշեցինք. որպեսզի մեր բուհն առավել արդիական ու մրցունակ լինի, պետք է ունենա նաև ոչ ֆորմալ կրթության հարթակ: Այս նախագիծը հենց ուսանողներն են առաջարկել ու կազմել, մենք էլ օգնեցինք մշակել ու իրականացնել»:

Եվ ահա ծրագրի առաջին հյուրը «Չոր մարքեթինգ» նախաձեռնության հեղինակ Վահրամ Միրաքյանն էր, ով մանրամասն ներկայացրեց այն հիմնական գործոնները, որոնք նպաստում են հաջողության հասնելուն: Նա խոսեց իր իրականացրած և հաջողություններ արձանագրած նախաձեռնությունների մասին: Ըստ նրա՝ հաջողության գաղտնիքները շատ են, որոնց պետք է ոչ միայն հետևել, այլև աշխատել այնպես, որ դրանք իրականություն դառնան. «Այժմ կրթության և գիտելիքների փոխարեն կարևորվում են հմտությունները: Կենտրոնացե՛ք դրանց վրա, և ամեն բան լավ կլինի: Աշխատե՛ք փորձ ձեռք բերել, ակտիվություն ցուցաբերել»:

Վահրամ Միրաքյանը սկսնակներին հորդորեց մասնագիտության ընտրության առումով հստակ կողմնորոշվել, հասկանալ, թե ինչ են նրանք ուզում և որ ոլորտներում են իրենց առավել լավ պատկերացնում: Ըստ բանախոսի՝ կարևոր է դիտարկել նաև պահանջվող մասնագիտությունների առանձնահատկությունները, ժամանակ առ ժամանակ օգտվել նաև համացանցի ընձեռած հնարավորություններից, սովորել այնպիսի գիտելիքներ, որոնք ուսման ընթացքում հնարավոր չէ սերտել:

Բանախոսը սեմինար-դասընթացի մասնակիցներին հորդորեց ցանկացած աշխատանք սկսելուց առաջ սահմանել վերջնաժամկետներ: Դրանք կօգնեն աշխատանքը ոչ միայն ժամանակին ավարտել, այլև ժամանակը ճիշտ տնօրինել՝ զերծ մնալով հետագա խնդիրներից կամ բացթողումներից. «Հաջողության հասնելու համար ձեզ խորհուրդ եմ տալիս գտնել մի միջավայր և փորձել նմանվել նրանց: Թեև երբեմն խնդիր է միջավայրի փոփոխությունը, այնուամենայնիվ դուք պետք է պատրաստ լինեք դրան»:

Բանախոսը համալսարանականներին տվեց նաև մի շարք գործնական խորհուրդներ, հանդես եկավ աշխատանքային առաջարկություններով, պատասխանեց բարձրաձայնված հարցերին:


«Հաջողությունը չհոգնելն է»

«Աշխատանքից հանելն ինձ համար ամենամեծ ծառայությունն էր. չեմ ասի` միակը, բայց` ծառայություններից մեկն էր»,- դեկտեմբերի 6-ին՝ համալսարանականների հետ հանդիպման ժամանակ, իր հաջողությունների սկիզբն այսպես է հիշում հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Նա ԵՊՀ-ում էր՝ խոսքի՝ որպես հաջողության գրավական լինելու գաղտնիքները ուսանողներին բացահայտելու նպատակով:

Շուրջ 2 ժամ տևած հանդիպումը, որն իրական վարպետության դաս էր, ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում էր հավաքել ոչ միայն լրագրող կամ հաղորդավար դառնալ ցանկացող ուսանողներին: Հաղորդավարուհուն ուղղված հարցերը բազմազան էին՝ իր անձնական փորձից, առաջնորդող կարգախոսներից մինչև գրագետ խոսքով մարդկանց ներկայանալու, խոսքը կառուցելու, զարգացնելու հմտություններ: Զուտ բանավոր զրույցից բացի՝ Նազենի Հովհաննիսյանն ամբողջ հանդիպումը վերածեց գործնական դասի:

«Դու չես կարող այս դահլիճից դուրս գալ ու գնալ հաջողությանդ մոտ: Հաջողությունն ունի շերտեր, ու դրանք շատ բազմազան են: Հաջողությունը չհոգնելն է, հաջողությունը չհուսահատվելն է ու անվերջ աշխատելը,- պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ ասաց Նազենին ու հավելեց, որ երբեմն սթրեսն էլ է դառնում հաջողության «դրդապատճառ»,- ժամանակին ես աշխատում էի իմ շատ սիրելի Դրամատիկական թատրոնում, բայց ինչ-ինչ պատճառներով ինձ այնտեղից հանեցին: Դա շատ մեծ սթրես էր ինձ համար, և այդտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը»:

Սիրված հաղորդավարուհին իր փորձով նաև համոզվել է, որ իրավիճակին ճիշտ մոտենալու դեպքում հաջողության սկիզբը դնում են հենց մեզ խանգարողները. «Կարգախոսները, ինչպես մարդը, կյանքի տարբեր փուլերում փոխվում են: Ինձ համար միշտ եղել է այս կարգախոսը` «Չվնասե՛լ մարդուն»: Եթե, Աստված չանի, մեկին մի կծու խոսք ասեմ, դրա հարյուրապատիկը վերադառնում է ինձ: Մեկ այլ կարգախոս էլ ունեմ` «Մեզ խանգարողները մեզ կերտողներն են»: Ամենավատ, չար ու նախանձ ընկերուհիդ դեմքիդ շպրտում է, ըստ քեզ, անտեղի մի մեղադրանք, բայց եթե դու դրա մեջ խորանաս, ճշմարտության հատիկ կգտնես, իսկ եթե այդքան ուժդ բավի, որ գտնես այդ ճշմարտությունը, հաստատ կշտկես սխալդ: Իմ ներկայի կարգախոսն է` «Շարժվի՛ր առաջ»: Ես էլ, ինչպես շատերը, եկել, հասել եմ ինչ-որ հոգեբանական փակուղու: Ես որոշել եմ շարժվել առաջ և արդեն իսկ փորձում եմ դա անել` առանց ետ նայելու: Կապն անցյալիս հետ, անշուշտ, չեմ կորցնում, բայց անընդհատ հետ չեմ նայում, այլապես ժամանակ կկորցնեմ: Ապրում եմ կյանքիս այս փուլով և դրա մեջ փնտրում եմ գեղեցիկը»:


«Խոսքը մեծ ուժ, զենք և կարևոր գործիք է»


«Հաջողության պատմություն» ծրագրի՝ դեկտեմբերի 9-ին էլ կայացած հերթական սեմինար-դասընթացը կրում էր «Հռետորական արվեստ. ինչպե՞ս ելույթ ունենալ» խորագիրը: Այն վարում էր Էդուարդ Այանյանը:

Ողջունելով ոչ ֆորմալ կրթության ձևաչափով հանդիպման մասնակիցներին՝ բանախոսը հույս հայտնեց, որ նմանաբնույթ հանդիպումները կնպաստեն մի շարք բնագավառներում հաջողություններ արձանագրելուն: Էդուարդ Այանյանն այդ առումով կարևոր գործոն է համարում խոսքը, ինչպես նաև ազատությունը շփման մեջ: Հենց այդ գործոնների վրա էլ իր հիմնական խոսքը կառուցեց բանախոսը:

«Հաջողության հասնելու գլխավոր նախադրյալներից մեկը մարդու արտաբերած մտքերն են: Պետք է հաշվի առնել, որ խոսքը մեծ ուժ, զենք և կարևոր գործիք է: Որպեսզի հասնենք մեր նպատակին, պետք է սովորենք մտածել, այնուհետև միտքը վերածել գրավոր խոսքի: Սա կօգնի հասկանալ, թե որտեղ ենք թերանում, և ինչն է պատճառը, որ հետաքրքիր խոսք ասվածն այնքան էլ մեզ մոտ չի ստացվում: Ինչուները շատ են, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- ասաց պարոն Այանյանը:

Նա անդրադարձավ նաև կոնֆլիկտներին, դրդապատճառներին և դրանցից բխող հետագա խնդիրներին: Ըստ բանախոսի՝ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երբ կոնֆլիկտ ենք ունենում դիմացինի հետ, չգիտենք էլ, ի վերջո, ինչ ենք ուզում, և որն է մեր նպատակը: Այդ առումով պարոն Այանյանը հորդորեց լինել ուշադիր և չանել այնպիսի քայլեր, որոնք հետագայում ի վնաս մեզ կաշխատեն:

Համալսարանականների հյուրը խոսքի մեջ կարևորում է գրավչությունը: Այն հետաքրքիր դարձնելու համար առաջարկում է օգտվել այնպիսի հնարքներից, որոնք ոչ միայն փորձված ու նպատակային են, այլև կարող են լուրջ ազդեցություն թողնել այս կամ այն գործն իրականացնելիս. «Հնարքները շատ են, հասանելի են համացանցում, սակայն դուք կարող եք ձեր սկզբունքներին համապատասխան այնպիսի մեթոդներ ընտրել, որոնք կպայմանավորեն ձեր հաջողությունը»:

Սեմինար-դասընթացի ընթացքում Էդուարդ Այանյանն իր աշխատանքային պրակտիկայից բերեց մի շարք օրինակներ, խոսեց իր կյանքում տեղի ունեցած զուգադիպություններից: Նա պատասխանեց նաև ուսանողների հարցերին և նրանց տվեց մի շարք գործնական խորհուրդներ:


«Ճիշտն ու սխալը, ինչպես դժոխքն ու դրախտը, գտնվում են…»


«Խոսքը՝ որպես հաջողության գրավական» դասընթացի շարքի երրորդ հանդիպումը վարեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Անմիջական զրույցի, հարց ու պատասխանի միջոցով ներկաները փորձեցին խորհուրդներ ստանալ սիրված հաղորդավարից, թեև նա խորհուրդ տալ չի սիրում:

Ավետի կարծիքով՝ չկան հաջողության հասնելու օրենքներ, և սուտ է յուրաքանչյուր տեսակի բանաձև: Ցանկացած մասնագիտության տեր մարդ պետք է գտնի իր ձեռագիրը. «Հաջողությունը շատ սուբյեկտիվ, շատ անհատական բան է, որն ավելի շատ պատասխանատվության հետ է կապված, քան էյֆորիկ մի վիճակի: Մարդ պետք է այն կրելու պատրաստակամություն ունենա, հատկապես՝ այն հասարակարգերում, որտեղ մարդիկ ունեն խոսքի իրավունք»:

Ավետ Բարսեղյանը հայտնիությունը մեծ հաջողություն չի համարում, այլ խնդրահարույց լարվածություն. «Մենք, ցավոք, ապրում ենք like-ի և dislike-ի դարում, երբ հաջողակ լինելը և հասարակության ափի մեջ ապրելը շատ դժվար են ու անցանկալի: Երիտասարդ տարիքում դու ուզում ես դրան հասնել, բայց հետո գալիս է մի պահ, երբ ասում ես, որ ավելի լավ է լինել հասարակ մարդ, ով հանրաճանաչ չէ և շատ ավելի խաղաղ է ապրում»:

Ըստ Ավետ Բարսեղյանի՝ հաջողակ մարդը պետք է լինի ներդաշնակ. «Միտքը մեր գիտակցական գործողությունն է, սիրտը խիղճն է, փոքրիկ Հիսուսը՝ մեր օրգանիզմում, թե որն է ճիշտն ու սխալը, բարոյականն ու աստվածահաճոն, որոշում է մեր սիրտը, իսկ հոգին կապն է, որը միացնում է մարդուն տիեզերքին: Պետք է նայել այս երեք կառուցվածքով»:

Ներդաշնակությունը վերաբերում է նաև խոսքին, որովհետև այն շատ ազդեցիկ բան է: Խոսքի ուժով պետություններ կարելի է ղեկավարել, հեղափոխություններ կազմակերպել, այն մարդկանց հոգին բարձրացնելու և գիտակցությունն ընդլայնելու հնարավորություն է տալիս: Չկան խոսքի հաջողության օրենքներ:

«Իմ հաջողության բանաձևն այն է եղել, որ ես երբեք չեմ լարվել խոսելիս. այդ պահին ռուսերեն է եկել այդ բառը մտքիս, ռուսերեն եմ ասել, ա-ով է եկել, ա-ով եմ ասել՝ իմանալով ճիշտը»,- փաստեց Ավետ Բարսեղյանը:

Նա կարևորում է անհատականությունը. էական չէ հանրաճանաչությունը, քանի որ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ հոգին, ես-ը ինչ-որ կերպ կարողանում են իրենց դրսևորել այս կյանքում. «Ճիշտն ու սխալը, ինչպես դժոխքն ու դրախտը, գտնվում են մարդու ներսում: Եթե ինչ-որ բան ձեր 3 սուբստանցիաներով՝ մտքով, հոգով ու սրտով, ճիշտ եք համարում, ուրեմն ձեր ճիշտը դա է, կգտնեք այդ հաջողությունը: Պետք չէ մտածել, որ եթե ուրիշի սրտում սա ճիշտ է, ես էլ այդպես անեմ, ես էլ հաջողության կհասնեմ»:

Հ.Գ.:
Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, բանախոսը նվեր ստացավ ԵՊՀ զինանշանի պատկերով բաժակ, որից հենց այդ պահին էլ ջուր խմեց:


Հովհաննես Վարդանյան
Ծովինար Կարապետյան
Թամարա Գասպարյան