07.12.2016
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ…
Վրաստան, Սիրիա, Լիբանան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա… Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել. ԵՊՀ-ում սովորում են նաև սփյուռքահայեր: Մեր գործընկեր Թամարա Գասպարյանը զրուցել է մի շարք ֆակուլտետներում ուսում ստացող մեր հայրենակիցների հետ, պարզել, թե երբ և ինչու են որոշել հաստատվել հայրենիքում, ինչով էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսի Վանա Կարապետյանի՝ Սիրիայից Հայաստան տեղափոխվելու հիմնական նպատակը ոչ թե քաղաքացիական պատերազմի մահաբեր գնդակներից փրկվելն էր, այլ հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալը:

2012 թվականին տեղափոխվելով Հայաստան՝ ուսանողուհին շուրջ 8 ամիս ապրել է մենակ, հետո միացել են հարազատները: Մասնագիտության բերմամբ և ֆակուլտետում սիրիահայերի քիչ լինելու հետևանքով միջավայրին ընտելանալու հետ կապված դժվարությունները կարճ ժամանակում հաղթահարել է. «Հնարավոր է՝ ես մի քիչ հիպնոսացված եմ հայրենիքով, դրա համար բարդություններն ինձ համար այդքան դժվար չէին»:

Լուսիի խոսքով՝ տեղացիների և սիրիահայերի մշակույթների մեջ կան շատ տարբերություններ՝ սկսած հարսանիքների անցկացման ձևից, վերջացրած ուտեստների պատրաստումից: Սիրիահայերը որոշ հարցերի նայում են այլ կերպ:

«Օրինակ՝ ես չեմ արթնանում, առավոտից շպարվում, հագնվում ու համալսարան գալիս: Այստեղ հագուկապին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան մեզ մոտ: Գուցե դա նրանից է, որ մենք չէինք կարողանում ազատ հագնվել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ուսանողուհին անկեղծանում է՝ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչպես կլիներ ամեն ինչ, եթե ծնված լիներ Հայաստանում: Ընդունում է, որ երկրում կան որոշ խնդիրներ, սակայն, նրա կարծիքով, եթե դժվարությունները չհաղթահարենք, մի օր առանց հայրենիքի կմնանք. «Ամեն մարդ իր ոլորտում պետք է աշխատի: Ես աշխատում եմ իմ հայրենիքի համար: Ես լրագրող եմ, որպեսզի պաշտպանեմ իմ հայրենիքի լրատվական դաշտը: Ես չեմ կարող զենք վերցնել ու գնալ սահման, բայց իմ գրչով ես կարող եմ որևէ բան անել»:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Ղազարյանն էլ, 2012 թվականին Ջավախքի Ծալկայի շրջանից գալով Հայաստան, ԵՊՀ-ում կազմակերպվող նախապատրաստական դասընթացներին մասնակցելով էլ կապվեց համալսարանին ու հայրենիքին:

Տեղափոխվելուց հետո իր և իր ընկերների համար հիմնական դժվարությունը կապված էր լեզվի հետ. «Գրական չէինք կարողանում խոսել, բարբառով էինք խոսում, շատ բան չէին հասկանում: Կամաց-կամաց մենք սովորեցինք գրական խոսել, մեզ հետ շփվողներն էլ՝ մեր բարբառը»:

Սարգիսն ավարտել է Ջավախքի հայկական դպրոցներից մեկը: Ցավով է նշում, որ տեղի կրթական ծրագրերում արգելված է «Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրությունը: Իր ժողովրդի անցած ուղուն շատ թե քիչ ծանոթացել է Հայաստանում կրթություն ստացած ծանոթներից: Ուսանողն ասում է, որ Վրաստանում ուսումը շարունակելու հնարավորություն կար, բայց ցանկանում էր մայրենի լեզվով կրթություն ստանալ հայրենիքում:

Ապագա ծրագրավորողն իր ապագան պատկերացնում է Հայաստանում. «Եթե նորմալ վարձատրվող գործ գտնեմ, կմնամ ու կաշխատեմ այստեղ: Եթե իմ մասնագիտությամբ աշխատանք չգտնեմ էլ, այլ մասնագիտությամբ լավ վարձատրվող լինի, հաստատ կմնամ այստեղ»:

Սարգիսն անդամակցում է ուսանողական ու հասարակական մի շարք կառույցների, կատարում կամավորական աշխատանք, ինչն օգնում է շրջապատի հետ շփմանը, թիմային աշխատանքին:

Մի քանի ամիս է, ինչ Ստամբուլում ծնված և մեծացած Սարին Ակբաշը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայագիտության բաժնի մագիստրատուրայում: 12 տարի հայկական վարժարանում ուսանելուց հետո (Ստամբուլում կա 17 հայկական դպրոց) մասնագիտացել է անգլերենի ուսուցչության և մանկավարժության ոլորտում:

Սարինի՝ հայրենիք գալու հիմնական նպատակը կրթությունը շարունակելն է. ցանկանում է դառնալ հայոց լեզվի ուսուցչուհի: Նոր միջավայրին հարմարվելու դժվարությունների չի հանդիպել, որովհետև հայրենիքում ունի շատ ծանոթներ:

Նրա կարծիքով` Հայաստանի և Թուրքիայի բուհերի հիմնական տարբերությունը բալային համակարգն է: Բացի դրանից՝ նշում է, որ հայրենիքում դասախոսներն ավելի մոտ և հարազատ են:

Ուսանողուհու խոսքով՝ Թուրքիայում հայերի հանդեպ մոտեցումը միանշանակ չէ. հանդիպում են թե՛ լավ, թե՛ վատ վերաբերմունքի: Հայ լինելը երբեմն խնդիրների պատճառ է հանդիսանում, կանգնում են որոշ դժվարությունների առաջ, բայց շատերն իրենց ազգությունը չեն թաքցնում:

«Դժուար է հոն ապրիլ, բայց մենք հոն պատմութիւն մը ունինք, մշակոյթ մը ունինք: Պէտք է մէկերը ըլլան հոն, որ պայքարին ու տէր կանգնին, չէ թէ հարիւրաւոր տարիներու մեր պատմութիւնը այդ հողերու վրայ հետզհետէ կը կորսուի»,- ասում է նա:

Քանի որ Սարինը տիրապետում է արևմտահայերենին, ապագան կապում է Սփյուռքի հետ, սակայն Հայաստանում հարմար առաջարկ ստանալու դեպքում մեծ սիրով այստեղ էլ կաշխատի:

Իրանահայ Սիսիան Սեփանյանն էլ 3 տարի առաջ է եկել Հայաստան՝ ուսումը շարունակելու: Ասում է՝ հայրենիքի նկատմամբ սերն է ընտանիքին բերել այստեղ: Սիսիանը սովորում է Արևելագիտության ֆակուլտետում: Ընտրել է Թյուրքագիտության բաժինը, քանի որ տիրապետում է պարսկերենին, որոշ չափով՝ արաբերենին, իսկ թուրքերենի իմացությունը համարում է մեծ առավելություն:

Տեղափոխվելու սկզբնական շրջանում ընկերներից ու բարեկամներից հեռու իրեն մենակ էր զգում. «Ժամանակի ընթացքում ընտելանում ես հասարակությանը, այսինքն՝ նորից գտնում ես ընկերներ, ստեղծում քո շրջապատը: Վերջիվերջո, դու գտնվում ես քո հայրենիքում, և դա ինքնին երևի օգնում է, որ այդքան էլ չզգաս քո մենակությունը»:

Սիսիանն ապրում է ակտիվ հասարակական կյանքով. ԵՊՀ ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի թատերախմբի անդամ է: Նրա խոսքով՝ համալսարանական կառույցներում ընդգրկվելը մեծապես օգնել է նոր միջավայրին ինտեգրվելուն:

Ուսանողն իր վաղվա օրը տեսնում է Հայաստանում. «Ինձ չի թվում, որ ապագա կառուցելը կապված է որևէ երկրի հետ, այսինքն՝ դու պետք է լինես Փարիզում, որ ապագադ պայծառ լինի: Իմ կարծիքով՝ ավելի դժվար կլինի արտերկրում, քան քո երկրում, որտեղ բոլորը հայրենակիցներդ են»:

Մինչ շատերը, ձեռքերը ծալած, նստում և ավելի լավ կյանք ունենալու ակնկալիքով մտածում են երկիրը լքելու մասին, Հայաստանում երբեք մշտական բնակություն չունեցած, բայց այն միշտ իրենց սրտում պահած վերոնշյալ երիտասարդները փորձում են օգտակար լինել հայրենիքին՝ լավ կրթությամբ կերտելով նրա վաղվա օրը:

Հ.Գ.: 2016-2017 ուստարում ամենամեծ թվով սփյուռքահայ ուսանողներ ունի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սփյուռքից ամենաշատը Մայր բուհում սովորում են վիրահայերը: Չնայած հատկացվող արտոնություններին` սիրիահայ ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ ԵՊՀ-ում:


Թամարա Գասպարյան,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
?-րդ կուրս

Տարվա այլ հրապարակումներ