21.12.2016
ԱՄԱՆՈՐԸ՝ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ
Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասված տոն է բոլորի համար։ Թվում է՝ Ամանորի մասին մենք ամեն ինչ գիտենք, ու այլևս ոչինչ չի մնացել իմանալու այս զարմանահրաշ ու ինչ-որ առումով նաև կախարդական տոնի մասին, սակայն մի՛ շտապեք եզրակացություններ անել: Եվ այսպես…

Ֆինլանդիա

Հազիվ թե որևէ մեկն ուրախանար, եթե Ամանորին նրան առաջարկեին բրնձով շիլա ուտել, իսկ ահա ֆինների համար դա իսկական հաճույք է, քանի որ բրնձով շիլան այդ երկրի բնակիչների ամանորյա ավանդական ուտեստն է: Շիլայի հետ մատուցում են նաև սալորի կիսել:

Կուբա

Կուբայում նախքան ամանորյա կեսգիշերը լցնում են բաժակները, բայց՝ ոչ թե շամպայնով, այլ ջրով: Ըստ կուբացիների ավանդույթի՝ կեսգիշերին, ժամացույցի զանգերի ղողանջին զուգահեռ, պետք է բաց պատուհաններից բաժակների ջուրը ցողել դուրս: Դա նշանակում է, որ հին տարին երջանիկ է ավարտվել: Կուբացիներն էլ միմյանց մաղթում են, որ գալիք տարին ևս լինի այնքան պայծառ ու պարզ, որքան ջուրն է:

Բուլղարիա

Ուղիղ ամանորյա կեսգիշերին Բուլղարիայի տներում լույսերը հանգչում են, և բոլորը սկսում են համբուրվել: Ի դեպ, կարևոր չէ, թե ով՝ ում հետ: Ճիշտ է, դա շատ երկար չի տևում, սակայն, համաձայնե՛ք, գրավիչ ավանդույթ է: «Երջանկության» համբույրից հետո տանտիրուհին կտրատում է անակնկալով տոնական թխվածքը և հյուրասիրում ներկաներին:

Շոտլանդիա

Շոտլանդիայում նույնպես ընդունված է Ամանորին այցելել միմյանց տուն և նվերներ տալ: Կարելի է կամայական նվեր հանձնել տանտիրոջը, սակայն մի բան խստորեն կանոնակարգված է. Ամանորին շոտլանդացու տուն պետք է գալ մի կտոր թխվածքով, մի բաժակ գինով ու անպայման մի կտոր ածուխով` ցանկանալով տանտերերին շատ ուտելիք, խմիչք և ջերմություն:

Իսպանիա

Իսպանիայում, որտեղ Նոր տարին հասարակական տոն է, ընդունված է դիմավորել փողոցներում: Մինչև ամանորյա կեսգիշերը մարդիկ հավաքվում են կենտրոնական հրապարակի տոնածառի շուրջ` իրենց հետ ունենալով խաղող: Զանգերի ղողանջի ներքո իսպանացիները պետք է փորձեն խաղողի 12 հատիկ ուտել, ինչը երաշխավորում է բաղձալի երազանքների իրականացումը:

Հունաստան

Ըստ հունական ավանդության՝ Ամանորի կեսգիշերին տանտերը պետք է պատին նուռ խփի: Եթե նռան հատիկները թռչեն ամբողջ բակով մեկ, նոր տարում ընտանիքին երջանիկ կյանք է սպասվում: Ի դեպ, եթե պատրաստվում եք հյուր գնալ հույն ընտանիքի, ապա մի՛ մոռացեք ձեզ հետ մամռակալած քար վերցնել: Այն պետք է թողնել տանտերերի մոտ՝ հետևյալ խոսքերով՝ «Թո՛ղ ձեր փողերը լինեն այնքան ծանր, որքան այս քարն է»:

Ճապոնիա

Նոր տարին Ճապոնիայում ամենակարևոր տոնն է: Դեկտեմբերին տարբեր խնջույքներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները հրաժեշտ են տալիս անցնող տարվա խնդիրներին ու մտահոգություններին՝ պատրաստվելով նոր տարում ամեն ինչ նոր էջից սկսել: Դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին, բուդդայական տաճարների զանգերը հնչում են 108 անգամ՝ մարդկային 108 տկարությունները վանելու համար:

Նիդերլանդներ

Հոլանդացիներն ամանորյա գիշերը խարույկ են վառում և փողոցներում հրավառություն կազմակերպում: Նրանք հավատում են, որ կրակի մեջ կայրվեն անցնող տարվա բոլոր բացասական երևույթները:

Հնդկաստան

Այս երկրում Նոր տարին նշելու շատ գեղեցիկ սովորույթներ կան: Հյուսիսային Հնդկաստանի բնակիչներն իրենց զարդարում են սպիտակ, վարդագույն, կարմիր և մանուշակագույն գույներով: Կենտրոնական Հնդկաստանում շենքերը զարդարում են բազմագույն, հիմնականում՝ նարնջագույն դրոշներով, իսկ Արևմտյան Հնդկաստանում տների տանիքին վառում են փոքր կրակներ:

Իռլանդիա

Իռլանդիայում Ամանորի նախօրեին լայն բացվում են բոլոր տների դռները, և ցանկացած մարդ, ով կցանկանա, կարող է ներս մտնել ու դառնալ ցանկալի հյուր: Կեսգիշերից կես ժամ առաջ իռլանդացիները դուրս են գալիս իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ, երգում են, պարում, ուրախանում:

Իտալիա

Իտալիայում ամանորյա գիշերը ոչ ոք չի զարմանում, եթե որևէ մեկի հենց պատուհաններից դուրս են թռչում հին կահույքը, մաշված հագուստն ու տան կահ-կարասին: Իտալացիները հավատում են, որ որքան ավելի շատ իր մնա փողոցներում թափված, այնքան Նոր տարին ավելի շատ հաջողություն ու փող կբերի:


http://blognews.am/
http://galatv.am/
http://blog.1in.am/
http://life.panorama.am/


Պատրաստեց

Վարդուհի Զաքարյանը

Տարվա այլ հրապարակումներ