20.12.2016
ԳԵՈՐԳԻ ՊԱՊՈՎ. «ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԽԱԼՆԵՐ ԷԼ ՇԱՏ ԵՄ ԱՐԵԼ»
Այս անգամ լսարանից դուրս բացահայտել ենք մի մարդու, ով երբեք-երբեք ԵՊՀ Մարմարիկի բազան չի փոխի Նյու Յորքի հետ, կենդանասեր է և կենդանիների գիտակ, և դա բնավ չի խանգարում մսակեր լինելուն: Նա Գեորգի Պապովն է՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դասախոս, գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու:

- Ծննդյան թիվը և վայրը…

- Ծնվել եմ Երևանում 1973 թ.-ին:

- Ծնողները…

- Ծնողներս նույնպես եղել են կենսաբան. հայրս՝ Յուրի Պապովը, մանրէաբան է, մայրս՝ Եկատերինա Շչերբակովան՝ բույսերի ֆիզիոլոգ: Մայրս հիմա աշխատում է Բուսաբանության ինստիտուտում, հայրս արդեն թոշակի է անցել: Թեպետ մեր ազգանունը հայկական չէ, բայց ազգությամբ հայ ենք, մայրս էլ այստեղ է ծնվել, մոլոկան է:

- Կրթությունը…

- Երեք դպրոց եմ փոխել: Զուգահեռ էլ մինչև 10-րդ դասարան Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում քանդակագործություն եմ սովորել: Ու նույնիսկ ընդունվելուց առաջ տատանվում էի՝ դիմեմ Թերլեմեզյա՞ն, թե՞ կենսաբան դառնամ: Կենսաբանությունը հաղթեց երևի թե Գրժիմկի, Ջերալդ Դարելի, Ջեյմս Հերիոթի գրքերը կարդալուց հետո. որսորդների, կենդանասերների մասին պատմություններ, գիտական արշավներ, ջունգլիներ, ժայռեր, սարեր: Մի խոսքով՝ կենդանիների հետքերով: Երբ ընդունվում էի Կենսաբանության ֆակուլտետ, գիտեի, որ կենդանաբան եմ դառնալու: Ինձ ասում էին. «Հայրդ Մանրէաբանության ամբիոնի վարիչն է, գնայիր այդ ամբիոն, քեզ կօգներ, առաջ կտաներ…»: Չեմ սիրում ես դա: Չեմ սիրում այդ էակներին մանրադիտակի տակ նայել, ուզում եմ նրանց բռնել, շոշափել, բնության մեջ լինել: Ավարտելուց հետո ընդունվեցի ասպիրանտուրա և մինչ օրս համալսարանում եմ:

- Աշխատանքային փորձը…

- Չեմ հիշում՝ երբ եմ սկսել աշխատել, բայց սկսել եմ որպես գործնական պարապմունքների ասիստենտ: 2000-ականների սկիզբն էր: Ժամանակ առ ժամանակ մեկնում եմ ԱՄՆ՝ «խոպանի» (ժպտում է): Սակայն այնտեղ երկար չեմ կարողանում մնալ, որքան էլ տարօրինակ է, ինձ ձգում են դաշտերը, սարերը: Թեպետ սիրում եմ Նյու Յորքը, բայց ԵՊՀ Մարմարիկի բազան Նյու Յորքի հետ չեմ փոխի:

- Ձեր երկրորդ կեսը…

- Իմ երկրորդ կեսը… Տաթևն է, լեզվաբան է: Տվյալ պահին չի աշխատում, որովհետև հղիության 7-րդ ամսում է: Ծանոթացել ենք Ֆեյսբուքով: Երկուսս էլ ունենք ընդհանուր հետաքրքրություն՝ կատուները: Հետագայում հանդիպել ենք բոլորովին այլ պայմաններում. ես ընկերներիս հետ հանգստանում էի Աղվերանում, նա էլ այնտեղ թրեյնինգի էր մասնակցում: Ինքը մոտեցավ, ասաց. «Դու այն Գեորգին ես, ով Ֆեյսբուքում «Like» է տալիս կատուների նկարներին…»:

- Ձեր զավակները…

- Նոր ենք պատրաստվում ունենալ: Ճիշտն ասած, մի անգամ ամուսնացած եղել եմ, բայց առաջին ամուսնությունից երեխա չունեմ:

- Փոքր ժամանակ ի՞նչ եք երազել դառնալ:

- Երեք աբսուրդային մասնագիտությունների մասին եմ երազել: Մեկը՝ բակ մաքրող, որովհետև շատ էր դուրս գալիս չոր տերևները վառելու գործընթացը: Մտածում էի՝ մի սիրուն ցախավել կունենամ, կհավաքեմ տերևները, կվառեմ: Երկրորդը վարսավիրն էր: Չէի սիրում մազերս կտրել (ինչպես նկատում եք, հիմա էլ), բայց սիրում էի վարսավիրանոց գնալ: Այնտեղի բույրերը սիրում էի: Երրորդը՝ մսավաճառ: Շատ էի սիրում մայրիկիս հետ գնալ այնպիսի խանութ, որտեղ կար մսի բաժին: Ինձ հետաքրքիր էր. մեծ դանակները, սուր կացինները սիրուն շարված էին: Երևի դրա պատճառով եմ սառը զենք սիրում (ծիծաղում է):

- Ամենահիշարժան հաջողությունը…

- Երևի այն, որ 3 տարի առաջ հանդիպեցի կնոջս:

- Ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք:

- Խորհուրդները շատ են եղել, որովհետև սխալներ էլ շատ եմ արել:

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Ընկերներիս չեմ դավաճանի:

- Ինչի՞ց եք վախենում:

- Հարազատներին կորցնելուց:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ժամանակ առ ժամանակ լինում եմ չափից ավելի ալարկոտ, ինչի համար հետո ափսոսում եմ:

- Սիրած գիրքը…

- «Երեք հրացանակիրները»:

- Կարդացած վերջին գիրքը…

- Կուրտ Վոնեգուտի «Колыбель для кошки» գիրքն էր, որը հետս տարա Հանքավան՝ կարդալու, բայց կիսատ մնաց:

- Տարվա սիրած եղանակը…

- Ամառ: Ես ընդհանրապես տարին չափում եմ ըստ դաշտային աշխատանքների: Սիրում եմ, երբ լուսավոր է, տաք է…

- Սիրած մարզաձևը…

- Սպորտով երբեք չեմ զբաղվել, բայց սիրում եմ ֆուտբոլ նայել:

- Սիրած տոնը…

- Սիրած տոներ առանձնապես չունեմ: Երևի թե մայիսյան տոները, որովհետև էլի տաք է այդ ժամանակ (ծիծաղում է):

- Սիրած երգը, երաժշտությունը…

- Իմ երաժշտական հետաքրքրությունների հիմքը դրել է հայրիկը, երբ սկսեց ինձ ցույց տալ իր վինիլային սկավառակները: Ինքն ավելի շատ ջազ էր լսում՝ Էլլա Ֆիցջերալդ, Արմսթրոնգ, Ռեյ Չարլզ, բայց կար նաև «Բիթլզ»: Ու երբ ես առաջին անգամ «Բիթլզ» լսեցի, հասկացա, որ իմ ամենաառաջին ու մշտական սերը դա կլինի: Մինչև հիմա էլ այդպես է: Հետագայում ավելի բարդ ոճեր սկսեցի սիրել:

- Սիրած ուտեստը և հատկապես ո՞ւմ պատրաստածը…

- Միս՝ ամեն տեսակի, ցանկալի է տապակած, խորոված: Մեր Աշոտ Վարդգեսովիչի՝ դաշտում պատրաստած խորովածից շատ քիչ մարդ կարող է սարքել:

- Նախընտրած հանգստի վայրը և ձևը…

- Մեծ փորձ չունեմ, որ համեմատեմ Կարիբյան կղզիների կամ Փարիզի հետ (մեծ հաճույքով, իհարկե, կգնայի և՛ այնտեղ, և՛ այնտեղ), բայց եթե հնարավորություն լինում է, ընկերական փոքր խմբով 4-5 օրով գնում ենք ինչ-որ հեռու, խուլ սարերով մի տեղ:

- Սիրած քաղաքը…

- Երևանը:

- Սիրած կառույցը Հայաստանում և Հայաստանից դուրս…

- Որպես շենք, որը կապված է մանկության հիշողությունների հետ, Կամերային երաժշտության տունն է: Վազում էինք այդ շենքի պատշգամբներով, վերևով, տակով, կռիվ-կռիվ էինք խաղում: Չեմ սիրում Հյուսիսային պողոտայի շենքերի նման շենքեր: Ավելի շատ հավանում եմ եվրոպական երկրների հին պատմական նշանակության շենքերը:

- Սիրած կենդանին…

- Կատու: Կատվազգիները: Կատուներին ավելի լավ եմ հասկանում, իրենք էլ՝ ինձ. թե՛ չափով, թե՛ տեսքով, թե՛ պահվածքով ինձ համար իդեալական կենդանի է: Վերջին անգամ կատուս մահացավ 2008 կամ 2009 թ.-ին, դրանից հետո որոշեցի, որ էլ չեմ պահելու, բայց… մոտ 7-8 ամիս է՝ նոր կատու ենք վերցրել:

- Ի՞նչ սեփականություն ունեք:

- Սեփականություն չունեմ:

- Նախընտրած փոխադրամիջոցը…

- Մեքենան, եթե շատ երկար ճանապարհ չես գնում:

- Նախընտրած հագուստի ոճը…

- Ջինսը՝ թեթև, առօրեական:

- Վերջին ֆիլմը, որ դիտել եք:

- «Бассейн» ֆիլմի ռիմեյքն էր՝ «Большой всплеск»: Ամեն օր մի ֆիլմ նայում եմ:

- Խոստովանություն, որ երբևէ չեք արել:

- Երևի մոտիկ մարդկանց պարզապես քիչ եմ ասում, որ իրենց սիրում եմ, բայց չարած խոստովանություններ չունեմ:

- Եթե Աստծուն հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կհարցնեիք:

- Մի հարց չէ: Առաջինը՝ ինչի՞ համար է այս աշխարհը, որևէ իմաստ կա՞, թե՞ չկա: Երկրորդը՝ կա՞ էլի այսպիսի տեղ, թե՞ չկա:

- Բոլոր ժամանակների նկարիչներից ո՞ւմ կնախընտրեիք, որ պատկերեր Ձեր դիմանկարը:

- Ալբրեխտ Դյուրեր:

- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

- Այո՛: Եթե համեմատում ես ուրիշ մարդկանց կյանքի հետ, հասկանում ես, որ շատ բաներում քո բախտը բերել է:

Պատրաստեց
Ծովինար Կարապետյանը

Տարվա այլ հրապարակումներ