10.12.2016
ԵՊՀ ԹԻՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Դեկտեմբերի 8-10-ը Աղվերանում տեղի ունեցավ միջբուհական դատախաղ:

Դատախաղը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում:

Միջբուհական դատախաղում իրենց ուժերն էին փորձում ԵՊՀ երկու թիմերը, Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական), Արցախի պետական համալսարանների և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ այդպիսի ձևաչափով դատախաղ իրականացվում է առաջին անգամ. «Բուհերի միջև քրեական ոլորտում դատախաղ նախկինում երբևէ չի կազմակերպվել»:

Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերն էլ նշեց, որ հիմնադրամն իրականացնում է արդարադատության բարելավմանն ուղղված ծրագրեր, կատարում խորհրդատվություններ օրենսդրական փոփոխությունների ժամանակ, ինչպես նաև կազմակերպում է վերապատրաստումներ դատավորների, դատախազների և փաստաբանների համար:

Ըստ Թերեզա Թալհամերի՝ մրցույթը բավականին օգտակար և կարևոր է երիտասարդ իրավաբանների համար. «Մասնակիցներից յուրաքանչյուրը խաղի միջոցով գործնականում կսովորի աշխատել»:

Գագիկ Ղազինյանի հավաստմամբ՝ դատախաղի այս փուլին նախորդել է գրավոր փուլը. «Գրավոր փուլին, որը մեզ համար ծառայեց որպես անցումային փուլ, հայտագրվել էին 10 թիմ, որոնցից 6-ն արդյուքնում պայքարում են բանավոր փուլում»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը մրցույթի մեկնարկից առաջ մեզ հետ զրույցում պարզաբանեց նաև, որ դատախաղի բոլոր փուլերում թեման նույն գործի շրջանակում է, որն իրական, քննված գործ է. «Գործը հասել է մինչև Վճռաբեկ դատարան: Դրա վերաբերյալ կա նախադեպային որոշում: Գործը բավականին վիճելի պահեր ունի՝ գնահատման, ապացույցների որակման իմաստով, և մեզ համար ողջունելի կլինի, եթե թիմերը փորձեն հիմնավոր շեղվել նախադեպային որոշման վերջնական եզրակացությունից»:

Դատախաղի ժյուրիի անդամներն էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ դատախազության վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, քրեական գործերով փաստաբան Հայկ Ալումյանը, ինչպես նաև գերմանացի փորձագետներ, Քյոլնի վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր և վերաքննիչ դատարանի 15-րդ քրեական մեծ պալատի նախագահ, դոկտոր Յան Օրթը և Բրեմենի Փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը:

Դատախաղին ներկա գտնվելու և իրենց կողմից մրցանակներ հանձնելու համար Աղվերանում էին նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակի, ՀՀ իրավաբանների միության և ՀՀ դատավորների միության ներկայացուցիչները:

Մրցող թիմերից յուրաքանչյուրը դատախաղում ներկայացել էր երկու դիրքորոշմամբ՝ մեղադրող և պաշտպանող կողմ (մրցակիցներն ընտրվել էին վիճակահանությամբ): Մրցութային երկու օրերից հետո առավելագույն միավորներ հավաքած թիմերը՝ ԵՊՀ թիվ 1 և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը, իրենց ուժերը չափեցին եզրափակչում: Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ էլ՝ միջբուհական դատախաղում հաղթող ճանաչվեց ԵՊՀ թիվ 1 թիմը:

Բացի գլխավոր մրցանակից՝ սահմանված էին նաև այլ մրցանակներ: Միջոցառման կազմակերպիչների կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշման համար պարգևատրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմը, լավագույն պաշտպանական դիրքորոշման համար՝ ԵՊՀ թիվ 2 թիմը: Բանավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշման համար պարգևատրվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը, լավագույն պաշտպանական դիրքորոշման համար՝ Արցախի պետական համալսարանի թիմը:

Միջբուհական դատախաղի համար սահմանված էին նաև հատուկ մրցանակներ. ՀՀ իրավաբանների միությունը գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշման համար մրցանակ հանձնեց ՀՌՀ թիմին: ՀՀ ՄԻՊ գրասենյակի կողմից գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշման համար մրցանակը հանձնվեց ԵՊՀ թիվ 2 թիմին: ՀՀ դատավորների միությունն ամենայուրօրինակ մեղադրական դիրքորոշման համար մրցանակը հանձնեց ՀՖՀ թիմին, լավագույն մեղադրական ճառի համար ՀՀ գլխավոր դատախազության կողմից մրցանակի արժանացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի անդամ Նաիրա Շահինյանը, իսկ ՀՀ փաստաբանների պալատի կողմից էլ լավագույն պաշտպանական ճառի համար մրցանակ ստացավ ԵՊՀ թիվ 1 թիմի անդամ Աննա Հակոբյանը:

Միջոցառման ավարտին գերմանացի փորձագետները կիսվեցին իրենց տպավորություններով, ներկայացրին գերմանական իրավական համակարգը, սկզբունքները և տարբերությունները: Դոկտոր Յան Օրթը և Էրիխ Յոսթերը մասնակիցների ուշադրությունը հրավիրեցին գործի այն մանրամասներին, որոնք հաստատապես ավելի մեծ ուշադրության կարժանանային Գերմանիայում:

«Այս դատախաղը մեզ հնարավորություն տվեց նաև ներկայանալու դաշտում գործող լավագույն իրավաբանների առջև, ինչն ավելի պարտավորեցնող էր, և մենք էլ առավել մեծ պատասխանատվությամբ էինք պատրաստվել: Բացի դրանից՝ այն մեր ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն տվեց»,- մեզ հետ զրույցում ասաց հաղթող թիմի ներկայացուցիչ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի ներկայացուցիչ Յուրի Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նմանօրինակ միջոցառման առաջին անգամ է մասնակցում. «Մեզ համար այն հետաքրքիր ու յուրօրինակ փորձ էր: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում նորից կմասնակցենք այսպիսի դատախաղի»:

Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի հետ էլ զրուցեցինք Հայաստանի իրավական ընդհանուր համակարգի մասին: Նա նշեց, որ այս ոլորտում իսկական մեծ հեղաշրջում է տեղի ունենում. «Փոխվում են բազմաթիվ օրենքներ, ստեղծվում նորերը, որոնք իրար հետ կապի մեջ են: Օրինակ՝ քրեական ոլորտում պատրաստվում է նոր օրենսգիրք: Հայաստանի Կառավարությունը որոշել է, որ այդ ոլորտում մեծ փոփոխություններ պետք է տեղի ունենան, մենք էլ ուրախությամբ պատրաստ ենք օգնել»:

Խոսելով երկկողմ համագործակցության մասին՝ և՛ Թերեզա Թալհամերը, և՛ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեցին, որ այն անպայման շարունակական կլինի:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ