12.12.2016
ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Դեկտեմբերի 12-ին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպված մասնագիտական քննարկման առանցքում հանքային և ջրային ռեսուրսների շահագործման խնդիրներն էին:

Բնապահպանական խնդիրներով մտահոգված տարբեր ոլորտների մասնագետներին համախմբել էր «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ բնապահպանության նախարարությունը, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսեսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ու միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակն էր մասնագիտական քննարկումների միջոցով բացահայտել ոլորտի մարտահրավերներն ու առաջնահերթությունները, նախանշել հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության բարելավման ու կանաչ տնտեսություն ստեղծելու ուղիները:

«Շրջակա միջավայրին չվնասող կանաչ տնտեսության գաղափարը միասնական էկոլոգիական քաղաքականության հիմքը պետք է դառնա: Հայաստանի նման փոքր ու սահմանափակ բնական պաշարներով երկրի համար ուղղակի անհրաժեշտ է էկոլոգիական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելը: Ամբողջ աշխարհում աղետների ռիսկերն աճում են. դա մոլորակի պատասխանն է մարդկության գործունեությանը: Իրավիճակը կմեղմի կանաչ տնտեսության զարգացումը: Մեր երկրում զարգացման ուղին դեռևս սաղմնային փուլում է, սակայն Հայաստանն ունի կանաչ տնտեսություն կառուցելու մեծ ներուժ»,- նշեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և հավելեց, որ միայն միասնական քաղաքականության և օրենքի ուժ ունեցող հայեցակարգերի միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ թեման արդիական և հրատապ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

«Հանքային և ջրային ռեսուրսների շահագործման հարցերը, հիրավի, էական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար: Այդ ոլորտներում ակնհայտ է դառնում էկոլոգիական քաղաքականության նպատակային ու հետևողական իրականացման կարևորությունը: Ոլորտներ, որոնցում որոշման կայացումը պետք է հիմնված լինի բալանսավորման, ապագա սերունդների առջև պատասխանատվության, ինչպես նաև երկրի կայուն զարգացման սկզբունքն առաջ մղելու մոտեցումներով»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը նաև բարձր գնահատեց ոչ միայն միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այլև գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը. «Հնարավոր չէ ունենալ լավագույն լուծում, եթե բոլոր շահագրգիռ կողմերը, հետաքրքրված մարդիկ, կազմակերպությունները, ովքեր ունեն ասելիք ու մոտեցումներ, չներգրավվեն այսպիսի քննարկումներում»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն էլ կարևորեց ոլորտում իրականացված գիտական ուսումնասիրությունները և դրանք պետական քաղաքականության մեջ օգտագործելու անհրաժեշտությունը:

Ողջույնի և ներածական խոսքերից հետո բանախոսներն անդրադարձան ջրային ռեսուրսների կառավարման, լեռնահանքային արդյունաբերության և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներին, ներկայացրին Օրհուսի ու Էսպոյի կոնվենցիաները և ՀՀ ընդերքօգտագործման օրենսդրության բացերն ու առաջարկվող փոփոխությունները:

Մարատ Գրիգորյանը մասնավորապես խոսեց հանքային և ջրային ռեսուրսների շահագործմանն առնչվող մի շարք խնդիրների մասին՝ ընդգծելով, որ կենցաղային քիմիան ու ամենուրեք թափված աղբը, որ ջրի հետ հասնում են գյուղացիների արտերը, հողի վրա բացասական ազդեցություն են ունենում. «Արարատյան դաշտում հողերի մի մասը պարզապես չի մշակվում, քանի որ հողն այլեւս բերք չի տալիս: Բուժում են, բայց արդյունք չկա»:

Բանախոսը, անդրադառնալով ԵՊՀ-ի՝ որպես երկրի գլխավոր գիտական ներուժն ապահովողի՝ բնապահպանական խնդիրների լուծման գործընթացներում ներգրավվածությանը, նշեց, որ անգամ սողանքների դեմ պայքարի ծրագիր են ներկայացրել պետական կառույցներին, որոնք հավանություն են տվել, սակայն մերժել դրամական միջոցների բացակայության պատճառով. «Այսօր հանրապետության մի շարք տարածքներ անխնա հանքարդյունաբերության, ծառահատումների ու բնության հետ ոչ ճիշտ վարվելու հետևանքով սողանքային գոտիների են վերածվել, սակայն որեւէ մեկի չի դա մտահոգում, մինչդեռ այն լուրջ աղետ է երկրի տնտեսության համար: Մասնավորապես Դիլիջանում հսկայական ներդրումներ են արվում, բայց դրանք վտանգված են սողանքների հետևանքով»:

Անդրադառնալով նաև հանքային և ջրային ոլորտների վերաբերյալ գիտնականների իրականցրած ուսումնասիրությունների արդյունքներին, որոնցում առկա են նաև եվրոպական լաբորատորիաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանը համոզմունք հայտնեց, որ դրանք կօգտագործվեն հետագա գործընթացներում:

Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրին ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի կատարած ուսումնասիրությունները, որոնք ուղղված են ոլորտի կառավարման արդյունավետության և քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Այնուհետև հանդիպման մասնակիցների միջև ակտիվ քննարկումներ ծավալվեցին:


Վարդուհի Զաքարյան

Տարվա այլ հրապարակումներ