19.12.2016
ՄԱՐԻԱՄ ԻՍԱՅԱՆ. «ԳԵՂԵՑԻԿԸ ԶԳՈՒՄ ԵՍ ՀՈԳՈՎ, ՀԱՄՈԶՎՈՒՄ ԱՉՔԵՐՈՎ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԳԼԽՈՎ»
Մարիամ Իսայանը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Ապագա դիվանագետն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացն ու զբաղվում հասարակական գործունեությամբ: Իրեն հաջողակ համարող Մարիամը շուտով Հայաստանը ներկայացնելու է «World Miss University» («Աշխարհի միսս ուսանողուհի») համաշխարհային մրցույթում:

Պատմում է ինքը՝ Մարիամը:

Հետաքրքրվելով մասնագիտությամբ ու ընտրելով Մայր բուհը

Դեռևս դպրոցական տարիներից հետաքրքրվում էի ՀՀ արտաքին քաղաքականությամբ: Հիշում եմ, թե ինչպես էի մեծ ուշադրությամբ հետևում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, մասնավորապես` Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: ՀՀ արտաքին խնդիրների լուծման գործընթացում իմ ներդրումն ունենալու, երկրի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանն անմիջապես մասնակցելու համար ընտրեցի այս մասնագիտությունը: Մեր երկրում էլ միջազգային հարաբերությունների գծով մասնագիտանալու լավագույն տարբերակը Մայր բուհում` ԵՊՀ-ում սովորելն է: Շուտով կավարտեմ մագիստրոսական թեզս, որը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին: Հնարավորության դեպքում ցանկանում եմ ավելի ծավալուն ուսումնասիրություն կատարել այս թեմայով: Նպատակներիցս է մասնագիտական դասընթացների մասնակցել նաև արտերկրում, ձեռք բերել կամ կատարելագործել դիվանագետի համար անհրաժեշտ հմտությունները: Վերջին տարիներին համալսարանում բավականին շատ են կազմակերպվում տարբեր հանդիպումներ, արտալսարանային քննարկումներ, և ես էլ փորձում եմ մասնակցել դրանց:

Արդեն գրանցած կամ ապագա հաջողություններս ավելի լավ կպատմեն իմ մասին

Հաջողություններիցս 2-ն առանձնակի նշանակություն ունեն իմ կյանքում: Առաջինը «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթում մրցանակակիր դառնալն էր, իսկ 2-րդը՝ որպես գերազանցիկության ոսկե մեդալի թեկնածու լինելս, 3-րդն էլ՝ «Ով, եթե ոչ ես» խորագրով շարադրությունների հանրապետական մրցույթում ՀՀ նախագահի կողմից խորհրդանշական պարգևի արժանանալը: Առաջինը մեծ ազդեցություն ունեցավ իմ անձի ձևավորման վրա: Փոքր էի, բայց գիտակցում էի, որ թագակիր լինելն արդեն այլ է, ամեն տեղ արժանիորեն ներկայանալու պատասխանատվությունը՝ մեծ: Երկրորդ իրադարձությունը դպրոցական 10 տարիների արդյունքն էր: Իմ` 16-ամյա աշակերտուհուս համար մեծ ուրախություն էին նախագահական նստավայր հրավիրվելն ու զգալը, որ լավ կրթությունը կարող է բացել ցանկացած դուռ: Նամանավանդ այն դեպքում, երբ այդ տարիների համար նմանօրինակ հանդիպումները եզակի էին: Հիմա հպարտորեն եմ կարդում 7 տարի առաջ՝ այդ օրը, հարցազրույցում նշածս այն միտքը, որ ապագայում դիվանագետ եմ դառնալու, իմ ներդրումն եմ ունենալու Հայաստանի զարգացման գործընթացում: Այժմ փաստում եմ, որ նպատակս իրականացնելու ճանապարհից չեմ շեղվել: Իհարկե, այդ տարիքում ավելի զգացմունքային և առավելապես մեծ կարևորությամբ եմ ընդունել այդ հաջողություններս, բայց դրանք դարձան մոտիվացիա, ձևավորեցին հատկանիշներ, որոնք հետագայում օգնեցին այլ հաջողությունների հասնելու գործում:

Գեղեցկության մրցույթները քո անձը նոր դիտանկյունից բացահայտելու հարթակ են

Ցանկացած մրցույթ ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքում շատ հմտություններ ու գիտելիքներ եմ ավելացնում, նոր մարտահրավերներ հաղթահարում: Առհասարակ ինձ համար արդեն ձեռքբերում է ցանկացած մրցույթի մասնակցելը. չէ՞ որ դա նշանակում է, որ մինչ այդ ստեղծել ես այնպիսի հիմք, որը մրցակցային է: Առաջին հերթին կարևորում եմ մրցույթն իր բովանդակությամբ, հետո՝ մրցույթում ստացած պարգևներս ու մրցանակներս: Դրանք ավելի շատ շրջապատիս են ուրախացնում: Մինչ այդ ես հասցնում եմ մրցույթներից ստանալ այն, ինչը մնայուն է կամ թեկուզ ժամանակավորապես երջանկության բերկրանք է պարգևում: Առաջին անգամ 2008 թ.-ին եմ մասնակցել «Միսս և միստր Հայաստան» գեղեցկության, նրբագեղության և ներդաշնակության մրցույթին: Հենց այդ մրցույթում տոնած հաղթանակի շնորհիվ այժմ «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի», «Միսս և միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից ստացա «World Miss University» գեղեցկության և ինտելեկտի մրցույթում Հայաստանը ներկայացնելու հրավեր:

Ամենայն պատասխանատվությամբ եմ պատրաստվում ներկայացնել Հայաստանը

Մրցույթն անցկացվելու է Կորեայում և Չինաստանում: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1986 թ.-ին, դասվում է աշխարհում առավել հայտնի 4 գեղեցկության մրցույթների շարքին: Առանձնակի ուշադրություն եմ դարձնում այն նախապատրաստական աշխատանքներին, որոնց միջոցով մասնակիցներն ու հանդիսատեսը ծանոթանալու են մեր մշակույթին: Գլխազարդը, որը կրելու եմ տարազներից մեկի հետ, ցանկանում եմ պատրաստել ինքս և մինչ մեկնարկը ուսումնասիրում եմ այդպիսի աշխատանքներ: Արդեն «Youtube»-ի իմ էջում հրապարակված է մրցույթի համար նկարահանված ճանաչողական տեսանյութի կարճ տարբերակը: Բնօրինակն էլ, որը ցուցադրվելու է Չինաստանում, կտեղադրվի մրցույթի պաշտոնական էջում: Ավարտել եմ նաև «Տաղանդ» շոուի համար նախատեսված բեմադրական աշխատանքները: Քանի որ մրցույթը բազմաբովանդակ է, արտաքին տեսքս ապահովող աշխատանքների հետ մեկտեղ, ծանոթանում կամ վերընթերցում եմ այնպիսի տեղեկություններ, որոնք կօգնեն լիարժեք ներկայանալ մրցույթի շրջանակում անցկացվող ֆորումին, քննարկվող թեմաներին, հանդիպումներին:

Գեղեցիկն ամբողջապես սահմանել չի հաջողվել նույնիսկ հանճարներին

Հակված եմ կարծելու, որ գեղեցիկի սահմաններն անծայրածիր են, այդ պատճառով էլ ոչ մի նկարագրություն կատարյալ չէ: Ըստ իս՝ գեղեցիկը զգում ես հոգով, համոզվում աչքերով ու հաստատում գլխով: Փոքր-ինչ փիլիսոփայական ստացվեց, բայց հուսով եմ, որ փոխանցեցի հիմնական գաղափարը: Ինձ համար գեղեցիկ աղջիկ բառակապակցությունն այնքան մեծ բովանդակություն ունի. խնամված, կոկիկ արտաքին, նուրբ դիմագծեր, կազմվածք, պահելաձև, իսկ ամենակարևորները՝ ինչ-որ առանձնահատկություն, որը տվյալ անձին դարձնում է յուրօրինակ, ինչպես նաև հոգու բարություն, առանց որի երբեք գեղեցկությունը չի երևա:

Երազանքներին կարելի է հասնել նպատակասլացության շնորհիվ

Երազանքներս շատ են ու բազմաբովանդակ` անձնականից մինչև համամարդկային: Չեմ սիրում բարձրաձայնել դրանց մասին, միայն դարձնում եմ նպատակ և աշխատում դրանք իրականացնելու ուղղությամբ: Ամեն պահի էլ կարելի է բախվել հիասթափության պատճառների. անարդարություն, սուտ… Շարքը երկար կարելի է շարունակել: Սակայն դրանք կարելի է հաղթահարել նպատակասլացության և հավատի շնորհիվ:

Ես ինձ համարում եմ հաջողակ

Այո՛, կարող եմ ասել, որ հաջողակ եմ: Եթե վեհ է նպատակդ, կամքդ՝ ուժեղ, ունես աշխատասիրություն, հավատ, ներդաշնակ ես ինքդ քեզ հետ, ապա քեզ կուղեկցեն Աստծո և ծնողներիդ աջակցությունն ու օրհնանքը: Այդ դեպքում հաջողությունները կհաջորդեն մեկը մյուսին:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ