04.12.2016
ԵՊՀ ԹԻՄԸ «ACM-ICPC»-Ի ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր:

«ACM-ICPC» օլիմպիադայի կիսաեզրափակիչը դեկտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել Թբիլիսիում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: ԵՊՀ-ն ներկայացել էր 3 թիմերով: Պայքարն ընթանում էր 226 թիմերի միջև, որոնք ներկայացնում էին տարբեր երկրների լավագույն բուհերը: Ի դեպ, մրցույթը զուգահեռ ընթանում էր 4 քաղաքներում` Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի, Բառնաուլ: Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է, միմյանց հետ մրցում են բոլոր մայրցամաքների լավագույն բուհերը: Այն նախ անցկացվում է տարածաշրջանային մակարդակով. Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի և հետխորհրդային մի շարք երկրների հետ: Հայաստանում մրցույթի համակարգողը ԵՊՀ-ն է, մասնավորապես՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Այս տարի 2700 համալսարաններից եզրափակիչ է անցել 128 թիմ:

ԵՊՀ թիմի կազմում են ԻԿՄ ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը: Նշենք, որ եզրափակիչ փուլ անցել են առաջին 17 տեղերը զբաղեցրած թիմերը, որոնց մեջ 12-րդ հորիզոնականում հայտնվել է Մայր բուհի թիմը՝ իրենից հետ թողնելով նաև Մոսկվայի պետական համալսարանի թիմին:

Ի դեպ, օլիմպիադայի բարդագույն խնդիրներից մեկը լուծել է միայն մեր թիմը: Թեպետ Ալբերտը համեստորեն ասում է, որ այն ամբողջ թիմով են լուծել, բայց ընկերները նրան «մատնում են»՝ միայն նա է զբաղվել այդ խնդրով: ԵՊՀ-ի թիմը ներկայիս կազմով օլիմպիադային մասնակցում է արդեն 3-րդ անգամ: Հասցրել են ներքին խոհանոցին ծանոթանալ, մանրուքները զգալ ու փորձ ձեռք բերել, որը, ինչպես իրենք են խոստովանում, օգնում է հաղթահարել լարվածությունը:

«Այս տարի մեր վստահությունը շատ էր, դրա համար անցանք: Պարապմունքների ժամանակ էլ շատ բարդ խնդիրներ էինք լուծում: Այնտեղ առաջին երկու ժամը ծախսել ենք մի խնդրի վրա, որը եթե չլուծեինք, կստացվեր, որ անիմաստ վատնել ենք այդ ժամանակը»,- ասում է Ալբերտը: Հրայրն էլ հավելում է, որ դա այս տարվա մարտավարության կետերից մեկն էր. «Որոշեցինք, որ մրցույթի հենց սկզբից մի մասը զբաղվի բոլոր արագ լուծվող խնդիրներով, մյուս մասն էլ պարզապես մոռանա, որ մրցույթի է մասնակցում, վերցնի որևէ դժվար խնդիր ու փորձի լուծել: Միայն հեշտերը լուծելով՝ չես անցնի հաջորդ փուլ, իսկ եթե դժվարները թողնես վերջում, լարվածության մեծացումը, հոգնածությունը կխանգարեն: Դա մի քիչ էլ ռիսկային էր, որովհետև, ըստ էության, վազում ես ամբողջի հետևից, բայց, փառք Աստծո, չձախողեցինք»:

«Մեր թիմը շատ լավ է պատրաստված, տղաներից յուրաքանչյուրը կարող է շատերին դաս տալ: Մենք էլ մեզնից կախված ամեն բան արել ենք, ամեն պայման ստեղծել ենք, որպեսզի նրանք լավ արդյունքների հասնեն: Վերջին տարիներին ես ներկա էի լինում եզրափակիչներին և միշտ կիսատության զգացում եմ ունեցել, որ առանց ուսանողների եմ: Եզրափակչում ավելի դաժան պայքար է սպասվում: Դժվար է գուշակել՝ ինչ կլինի, բայց, համենայն դեպս, տղաները շատ մարտական են տրամադրված»,- ասում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը:

Տղաները մինչօլիմպիական պարապմունքները կազմակերպում են համալսարանում. շաբաթը 1 կամ 2 անգամ հավաքվում են թիմով, 5 ժամանոց օլիմպիադա են «կազմակերպում», հետո սկսում քննարկել: Մարզիչն էլ հիմնականում օգնում է ոչ միայն զուտ մասնագիտական, այլև ճիշտ ռազմավարություն կառուցելու, թիմի ուժեղ ու թույլ կողմերը գնահատելու առումներով:

«ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը մյուս տարվա մայիսին տեղի կունենա ԱՄՆ-ում: Տղաները գիտակցում են, որ մրցելու են ուժեղագույնների հետ, բայց դա ոչինչ չի փոխում. շարունակելու են պարապել առավել մեծ եռանդով:

«Մեզ համար Թբիլիսիում էլ հեշտ չէր: Ամենադժվարը մեր տարածաշրջանից են անցնում եզրափակիչ, որովհետև ուժեղ թիմերն այստեղ շատ են: Այս պահին գործող չեմպիոնն էլ է մեր տարածաշրջանից»,- ասում է թիմի անդամ Տիգրանը: Տղաներն էլ նշում են, որ առաջիկա ամիսներին ուժերը կենտրոնացնելու են նաև խնդիրների լուծման արագության վրա՝ հաշվի առնելով եզրափակչում նրանց սպասող թիմերի` մինչ այժմ գրանցած արագությունները:

«Թիմն այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է: Անցած տարի էլ բավականին ուժեղ էին, արժանի էին եզրափակիչ դուրս գալուն, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Տրամաբանության բոլոր կանոններով սա պետք է լիներ, որովհետև տղաներն այնքա՜ն ջանք են դրել, այնքա՜ն աշխատանք կա արված: Եզրափակչում մրցելու են աշխարհի ուժեղագույն համալսարանների հետ՝ Չինաստանից, Կորեայից, ԱՄՆ-ից և այլն, բայց այդ ուժեղ մրցակցությունը բնավ չի վախեցնում»,- ասում է թիմի մարզիչ, ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը:


Ծովինար Կարապետյան