07.07.2017
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՔԱՐԵՐԸ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԶՈՒՅԳ ՔՈՒՅՐԵՐԻ ԱՌՕՐՅԱՆ
Սուսաննա և Աննա Սարգսյանները սովորում են Երևանի պետական համալսարանում: Սուսաննան ուսանում է Մաթեմատիկայի և մեխանիկայի, իսկ Աննան՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Զույգ քույրեր են, սովորում են 1-ին կուրսում: Ուսմանը զուգահեռ նրանք պարբերաբար մասնակցում են նաև շախմատային մրցաշարերի:

Արդեն երկար ժամանակ է, ինչ ԵՊՀ ուսանողուհիները շախմատ են խաղում: Սակայն նրանց հետաքրքրությունների ծիրում միայն շախմատը չէ: Արմավիրի մարզում ծնված և մեծացած քույրերը նաև դաշնամուր են նվագում, մեծ թենիս խաղում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում առկա են շախմատի զարգացման բոլոր հնարավորությունները, քույրերը տարիներ առաջ որոշել են այդ ոլորտում նկատելի հաջողություններ արձանագրել՝ մասնակցելով այնպիսի մրցաշարերի, որոնց միջոցով կարող են բարձրացնել իրենց վարկանիշը: Ըստ նրանց՝ նախկինում ունեցած ձեռքբերումները բավարար չեն նախընտրած արդյունքին հասնելու համար: Բանն այն է, որ պետք է միշտ առաջ նայել: Սկզբնական շրջանում նրանց համար մասնագիտության ընտրության հարցում դժվար է եղել հստակ որոշում կայացնելը, քանի որ շախմատը եղել է նրանց առօրյայի բաղկացուցիչ մասը: Հետագայում մաթեմատիկայի նկատմամբ սերն էլ նպաստել է, որպեսզի ընտրեն տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթեմատիկայի մասնագիտությունները:

«Արդեն ինը տարի է, ինչ զբաղվում ենք պրոֆեսիոնալ շախմատով: Սկզբնական շրջանում այն մեզ համար պարզապես հետաքրքրություն էր, հետո դարձավ ապրելակերպ: Այն հետաքրքիր խաղ է, որի միջոցով կարողանում ես արագ կողմնորոշվել, մտածել և վերլուծել: Պետք է ասեմ նաև, որ շախմատը մյուս մարզաձևերից տարբերվում է նրանով, որ շատ դինամիկ է և պահանջում է որոշակի պատրաստվածություն: Տեղյակ եմ նաև, որ շախմատը բարելավում է վերլուծական և քննադատական մտածողությունը, դիտողականությունը»,- ասում է Սուսաննա Սարգսյանն ու հավելում, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ կամք և անսահման սեր նախընտրած զբաղմունքի նկատմամբ:

Օրական երկու ժամ շախմատ խաղացող քույրերն այն կարծիքին են, որ բարձր վարկանիշային կարգ ունենալու համար հարկ է կանոնավոր պարապել, պարտությունից երբեք չհուսահատվել և միշտ առաջ գնալ: Անցած տարիների ընթացքում հենց այդ սկզբունքով են առաջնորդվել Սարգսյան քույրերը: Հատկապես վերջին տարիներին նրանք մշտապես մասնակցել են տարբեր մրցաշարերի՝ ցուցադրելով իրենց ունակությունները:

Հատկանշական է, որ Սարգսյանների ընտանիքում շախմատով զբաղվելը կարևոր նախապայման է համարվում ընտանեկան առօրյան հետաքրքիր կազմակերպելու առումով: Այդ տեսանկյունից իգական սեռի ներկայացուցիչները չէին կարող բացառություն լինել: Աննան այդ իրողությունը պատահական չի համարում, որովհետև վստահ է, որ կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում. «Երբ եղբայրներս ինչ-ինչ հանգամանքների բերումով դադարեցին շախմատով զբաղվել, մայրս ցանկացավ, որ այդ բացը լրացնենք մենք՝ Մեծամոր քաղաքում հաճախելով շախմատային ակումբներում կազմակերպվող դասընթացներին: Թե՛ ես, թե՛ քույրս շախմատի մասին հնարավոր առիթների դեպքում խոսում ենք մեծ հիացմունքով և ասում, որ մեր օրը գեղեցկացնելու հարցում մեծ դեր են խաղում նաև շախմատային քարերը (ժպտում է)»:

Քույրերի հավաստմամբ՝ շախմատով զբաղվելն օգնում է, որ կյանքում լինեն հետևողական,պատասխանատու և մտածեն յուրաքանչյուր քայլ անելիս: Սուսաննան և Աննան այդ մարզաձևի շնորհիվ հաշվարկում են նաև իրենց կյանքի հաջորդ քայլերը: Ի տարբերություն շատերի՝ նրանք ցանկացած քայլ կատարելիս վերլուծում են դրանից բխող բոլոր դրական և բացասական հետևանքները: Դա նրանց օգնում է, որ «կառավարեն» հանդիպող դժվարությունները և կարևոր որոշումներ կայացնելիս ցուցաբերեն շախմատային իմաստնություն:

Լինելով Մայր բուհի ուսանողուհիներ՝ Սուսաննան և Աննան ընդգրկված են ԵՊՀ շախմատի աղջիկների թիմում և մասնակցել են Հանրապետական ուսանողական մարզական վերջին խաղերին: Ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ են, թեև փաստում են, որ աշխատելու տեղ շատ կա, և պետք է անեն հնարավորը՝ ԵՊՀ ցուցանիշն առավել բարձրացնելու համար: Քույրերը հաճույքով են մասնակցում ուսանողների շրջանում անցկացվող մրցումներին: Ըստ նրանց՝ այդ մրցաշարերը համալսարանի հանդեպ իրենց սերն ու նվիրումը դրսևորելու հիանալի հնարավորություն են:

Սարգսյանների ընտանիքում քիչ չեն նաև շախմատի միջոցով նվաճված գավաթներն ու պատվոգրերը: Սուսաննայի համար դրանք առանձնակի նշանակություն ունեն. «Մասնակցել ենք դպրոցական, մարզային և ուսանողական մրցաշարերի: Ունեցել ենք ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ: Իմ կարծիքով՝ ցանկացած պարտություն ինչ-որ առումով նաև խթան է հետագա հաջողության համար: Շախմատը մի յուրահատկություն ունի. այն կյանքը սև և սպիտակ գույներով պատկերացնելու հնարավորություն է տալիս: Թե դու որ գույնի ներքո կարող ես լինել, կարող է ցույց տալ քո շախմատային պատրաստվածությունը»:

Պետք է նշել, որ աղջիկները մասնակցել են նաև Հայաստանի շախմատի պատանիների առաջնությանը: Մի քանի անգամ հանդես են եկել եզրափակիչ փուլերում, որոնք հիմնականում եղել են նախընտրական: Քույրերը նաև շախմատի Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցելու մեծ ցանկություն ունեն:

Ըստ նրանց՝ շախմատային իրենց ամենամեծ ձեռքբերումը կյանքում ճիշտ ապրելու մտածողության ձևավորումն է: Շախմատի շնորհիվ նրանք ձեռք են բերել նաև բազմաթիվ ընկերներ, որոնց մեծ մասը շախմատասեր է: Վերջիններս պարբերաբար հետևում են քույրերի մասնակցությամբ անցկացվող խաղերին:

Հատկանշական է, որ ցանկացած մրցաշարում քույրերը հավաքում են հավասար միավորներ: Այդ իրողությունը նրանց համար խիստ զարմանալի է, բայց մինչ օրս չեն կարողացել բացահայտել այդ առեղծվածը: Ի տարբերություն շատ այլ զույգերի՝ նրանք հակառակ հարթությունների վրա պայքարող անձնավորություններ չեն: Բնավորության գծերում էլ շատ ընդհանրություններ ունեն: Պատկերն այլ է իրար զգալ-չզգալու առումով: Նրանք այդ մասին չեն ցանկանում խոսել: Բանն այն է, որ նրանց առօրյայում այդպիսի իրավիճակներ գրեթե չեն լինում:


Հովհաննես Վարդանյան