07.07.2017
ԻՐԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հուլիսի 7-ին ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև մի շարք բուհերի ներկայացուցիչներ:

Իրանական պատվիրակության կազմում էին Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Հոսեյն Սալաո Ամոլին, Ուրմիայի համալսարանի ռեկտոր, դոկտոր Ռահիմ Հոբբենալիսը, Թեհրանի պետական համալսարանի պրոֆեսոր, դեղագործ Գ. Սադեղի Հաշջին և ուրիշներ:

Իրանական պատվիրակությանն ընդունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը և Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

ԵՊՀ ռեկտորը ողջունեց հյուրերին և նշեց, որ ուրախ է Մայր բուհում բարեկամ երկրից Հայաստան ժամանած հյուրերին հերթական անգամ հյուրընկալելու համար: Պարոն Սիմոնյանը, ներկայացնելով ԵՊՀ կառուցվածքը, գիտահետազոտական կենտրոնների գործունեությունը, նշեց. «Մայր բուհի հիմնական նպատակներից մեկը գիտության և կրթության սերտ փոխկապակցվածության ապահովումն է: Դրան նպաստում է նաև մեր ակտիվ համագործակցությունը արտերկրի բուհերի հետ: Լուրջ համագործակցություններ ունենք նաև իրանական որոշ համալսարանների հետ, բայց պետք է նշեմ, որ դա բավարար չեմ համարում»:

Ռեկտոր Սիմոնյանը հույս հայտնեց, որ իրանական բուհերի հետ իրականացվող ծրագրերը նմանօրինակ հանդիպումների արդյունքում նոր թափ կստանան և արդյունավետորեն կնպաստեն երկու երկրների կրթական հաստատությունների համագործակցության ամրապնդմանը:

Հարկ է նշել, որ ԵՊՀ-ում վերջին 15 տարիներին տարբեր մասնագիտությունների գծով սովորել է ավելի քան 800 իրանցի ուսանող: Ինչ վերաբերում է գիտական ուսումնասիրություններին, ապա իրանցի սովորողների շուրջ 18%-ը պաշտպանել է ատենախոսություն: Սովորողների մեծ մասը մասնագիտանում է մաթեմատիկայի, իրանագիտության, կենսաբանության և տնտեսագիտության ոլորտներում:

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Հոսեյն Սալաո Ամոլին կարևորեց երկու պետությունների միջև առկա հարաբերությունների զարգացումը. «Հայաստանը յուրահատուկ երկիր է: Մեր բարեկամական կապերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է տարբեր ոլորտներում, մասնավորապես կրթության և գիտության ասպարեզում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը: Եվ առաջընթաց արձանագրելու համար հարկավոր է ավելի ուժեղացնել այդ կապերը»:

Իրանի կրթության ոլորտի ներկայացուցիչները նաև ցանցային կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ Մայր բուհի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին:

Քննարկվեց իրանցի ուսանողների ուսուցման կազմակերպման այնպիսի մոդել, որի շրջանակում մեկ կամ երկու կիսամյակ սովորողներն իրենց ուսումնառությունը կշարունակեն Իրանի գործընկեր համալսարաններում: Այդպիսի մեխանիզմը համահունչ է ուսանողների շարժունության արդի չափանիշներին և ավելի դյուրին կդարձնի դիպլոմների ճանաչման գործընթացը:

Քննարկվեցին նաև գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության հեռանկարները, շեշտադրվեց ֆարմացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում առկա ներուժը:

Հանդիպումից հետո հյուրերը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Իրանագիտության ամբիոնի աշխատակիցների հետ քննարկվեցին նաև կրթությանը վերաբերող որոշ հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավոր եզրերը:


Հովհաննես Վարդանյան