19.06.2017
ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ. «ԵՍ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ԵՄ…»
«Երևանի համալսարան» թերթի էջերում բազմիցս անդրադարձել ենք նաև արվեստասեր համալսարանականներին՝ ներկայացնելով մշակույթի ասպարեզում նրանց հաջողություններն ու ձեռքբերումները: Լևոն Լաճիկյանն այդպիսի արվեստագետներից մեկն է, ով նկարելը համարում է իր երկրորդ մասնագիտությունը:

Լևոն Լաճիկյանը երկար տարիներ զբաղված է ուշ միջնադարի հայ գեղագիտական մտքի և մասնավորապես Մխիթարյան միաբանության սկզբնավորման շրջանի պատմության ուսումնասիրությամբ: Նա միաժամանակ իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է ժամանակակից հայ մշակութային կյանքի լուսաբանման գործին: Ավելին՝ նա նաև գրական-մշակութային այդ ընթացքի մասնակիցն է իր հարյուրավոր հոդվածներով, տասնյակ սցենարներով, գրքերով, իսկ վերջին տարիներին՝ նաև գծանկարներով:

Արվեստաբանությունից սահուն անցում կատարելով դեպի նկարչություն՝ նա արդեն ստեղծել է քաղաքային տեսարանների տպավորիչ նկարաշարեր՝ արժանիորեն ձեռք բերելով «քաղաքերգակ» նկարչի համբավ:


Ուղիղ 40 տարի առաջ ավարտելով Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա «Գեղագիտություն» մասնագիտությամբ ասպիրանտուրան՝ Լևոն Լաճիկյանն այսօր դասավանդում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ իր գիտելիքներն ու փորձը հաղորդելով Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներին:

«Ի վերջո, ո՞վ է Լևոն Լաճիկյանը՝ գեղագե՞տ, արվեստաբա՞ն, լրագրո՞ղ, դասախո՞ս, թե՞ գծանկարիչ» հարցիս զրուցակիցս հետևյալ կերպ պատասխանեց. «Ես նախ և առաջ արվեստասեր եմ: Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում. հայրս նկարել է, ավագ եղբայրս՝ Սամվել Լաճիկյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ է, իսկ ես փոքրուց արվեստը կրել եմ իմ հոգում և կյանքս չեմ պատկերացնում առանց մարդկային գործունեության այդ տեսակի: Արվեստասերն է, որ պատվեր է տալիս արվեստագետին՝ շարունակելու իր գեղարվեստական աշխատանքը, արարելու նոր գործեր: Առանց արվեստասերի ներկայության ու նրա ներկայացրած պահանջի՝ կդադարեր ստեղծագործական գործընթացը: Ուստի ես այժմ փորձում եմ ուսանողներիս մեջ սեր ու խոնարհում դաստիարակել դեպի նորին մեծություն արվեստը»:

Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ Լևոն Լաճիկյանն ակտիվորեն մասնակցում է մեր օրերի ցուցահանդեսային կյանքին. մշտապես մասնակցում է Հայաստանի նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին: Ավելին՝ վերջին տարիներին նաև կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ՝ սկսած իր ծննդավայր Գյումրիից մինչև Ստամբուլ և Նյու Յորք:

Համալսարանական դասախոսի 15-րդ անհատական ցուցահանդեսն էլ, որը կրում էր «Պոլիս և անդին» խորագիրը, հունիսի 2-ին բացվել էր հենց Նյու Յորքում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու «Թուֆայան» սրահում: Ներկայացված շուրջ չորս տասնյակ գծանկարների մեծ մասն արտացոլում էր այդ գեղեցիկ բնակավայրի մի շարք տեսարաններ ու անկյուններ՝ հեղինակի նուրբ մատուցմամբ ու յուրօրինակ մեկնաբանությամբ:

Ուշագրավն այն է, որ ընդառաջելով կազմակերպիչների խնդրանքին՝ Լևոն Լաճիկյանը «Պոլսո դերը հայոց մշակույթի պատմության մեջ» թեմայով հանդես է եկել նաև դասախոսությամբ: Նա հիմնական գծերով ներկայացրել է «Հայոց մշակութային այդ մայրաքաղաքի» դիմապատկերը, ինչպես նաև զուգահեռներ անցկացրել նրա անցյալի և ներկայի միջև:

«Ցանկացա ներկաներին հաղորդակից դարձնել ոչ միայն Կոստանդնուպոլիս-Ստամբուլի պատմությանը, այլև այսօրվա կյանքին, տեղի հայ համայնքին հուզող խնդիրներին ու նրան պատած մտահոգություններին»,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Լաճիկյանը: Ըստ նրա՝ Բոսֆորի ափերին փռված այդ քաղաքում շարունակում է ապրել և արարել կենսունակ մի համայնք, որը պահում ու պահպանում և փորձում է զարգացնել անցյալի դարավոր ավանդույթները՝ տեր կանգնելով մեր նախնյաց փառավոր ժառանգությանը:

Բանն այն է, որ հայերս ներգաղթյալ կամ եկվոր չենք պատմական այդ քաղաքում, այլ նրա հիմնումից (Ք.ա. VII դար) և Հռոմեական կայսրության երկրորդ մայրաքաղաք հռչակվելուց (330 թ.) ի վեր շենացրել ենք այն՝ նպաստելով նրա պատմական դիմագծի կազմավորմանը:

Լևոն Լաճիկյանն ուրախությամբ նշեց, որ իր նկարների վաճառքից գոյացած հասույթի զգալի մասը փոխանցվել է Գյումրու կարիքավոր ընտանիքներին:

«Հաջորդ տարի լրանում է 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, ուստի յուրաքանչյուրս մեր կարելին պետք է անենք՝ ամբողջապես վերականգնելու հայոց այդ ոստանը և նպաստելու նրա հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանը»,- նշում է արվեստագետը: Այն հարցին էլ, թե երբ է իր նկարները ցուցադրելու համալսարանականներին, Լևոն Լաճիկյանը ժպտալով պատասխանեց. «Կարծես թե մոտենում է այդ օրը: Մանավանդ որ արդեն ավարտել եմ համալսարանական երեք գլխավոր շենքերի գծապատկերները»:


Հովհաննես Վարդանյան

Լուսանկարներ
1. Դրվագ ցուցահանդեսից
2. Դասախոսության ժամանակ
3. Կ. Պոլիս. Ղալաթիո աշտարակը
4. Ստամբուլը ձմռանը
5. Երևանի համալսարանի առաջին շենքը Գյումրիում