06.07.2017
ԵՊՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հուլիսի 6-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս կիսամյակի վերջին նիստը՝ օրակարգային 10-ից ավելի և ընթացիկ հարցերով:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Փոփոխությունների մի մասը կատարվել է, որպեսզի դրանք համապատասխանեցվեն ենթաօրենսդրական ակտերին, մյուս մասն էլ վերաբերում է տարկետման դեպքում անվճար տեղը պահպանելուն, բացակայությունների կարգը վերանայելուն, զեղչերի համար ներկայացվող դիմումների ժամկետներին և այլն:

ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2016 թ. հարցման արդյունքները ներկայացրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Այս անգամ հարցմանը մասնակցել է 4095 ուսանող (79%): Ըստ արդյունքների՝ ԵՊՀ-ում ստացած կրթության ընդհանուր գնահատականը բարձր է. 40.9%-ը այն գնահատում է գերազանց, 37.5%-ը՝ լավ, 9.2%-ը՝ բավարար: Հարցմանը մասնակցած շրջանավարտների 57%-ը չի աշխատում, 20.6%-ն աշխատում է այլ մասնագիտությամբ, իսկ մասնագիտությամբ աշխատում է 17.6%-ը: Աշխատանքով ապահովված են առավելապես մագիստրատուրայի շրջանավարտները, նրանց 31.6%-ն աշխատում է մասնագիտությամբ, 23.1%-ը՝ այլ մասնագիտությամբ:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին նաև երկու փաստաթղթեր՝ ԵՊՀ հանրային կապերի, մարքեթինգային գործունեության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, ինչպես նաև ԵՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացման հայեցակարգերը:

«Մենք ԵՊՀ հանրային կապերի, մարքեթինգային գործունեության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգով ԵՊՀ-ն դիրքավորում ենք որպես Հայաստանի Մայր բուհ, երկրի ու հայ ժողովրդի համար բացառիկ կարևորություն ունեցող գիտակրթական հաստատություն, և մի շարք գործողություններ բխում են հենց այս դրույթից,- նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ու հավելեց,- երկրորդ հայեցակարգը ևս բխում է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրից: Այս հայեցակարգով նախատեսում ենք բարեփոխումներ, որոնք ենթադրում են մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ստեղծում: Փաստաթղթում անդրադարձել ենք նաև աշխատաքնի ընդունման, ազատման ընթացակարգերին, տվյալների հավաքագրմանը և այլն»:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՊՀ գիտական խորհրդի մշտական հանձնաժողովների կազմերում փոփոխություններ կատարելու հարցը: Փոխարինվել են հանձնաժողովների այն անդամները, ովքեր անցել են թոշակի և դադարեցրել աշխատանքը կամ ավարտել ուսումը (ուսանողները):

ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց նաև Արխիվի, Ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի, Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի կանոնադրությունները, որոնց կառուցվածքը, դրույթներն ու այլ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը:

Կիսամյակային ամփոփիչ նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՊՀ-ում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն ստեղծելու առաջարկությունը:

«Մանկավարժների որակավորման տրամադրման նոր համակարգը, որը գործելու է 2017-2018 ուստարվանից սկսած, ենթադրում է 6 կիսամյականոց առանձին մոդուլի կազմակերպում, որպեսզի ուսանողները համապատասխան քանակությամբ կրեդիտներ ունենան և ստանան այդ որակավորումը: Այդ գործընթացը պատշաճ կազմակերպելու համար կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ»,- նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: ԵՊՀ գիտխորհուրդն այն ընդունեց ի գիտություն և ներկայացրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

Նիստի ընթացիկ հարցերը 4-ն էին: Նախ Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, նույն ամբիոնի նախկին վարիչ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Վարդանյանին շնորհվեց նշված ամբիոնի պատվավոր վարիչի կոչում: Ապա որոշվեց ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրեն Համլետ Ավետիսյանի «Relativistic Nonlinear Electrodynamics» աշխատությունը ներկայացնել ՀՀ պետական մրցանակի:

Այնուհետև ԵՊՀ գիտխորհուրդը Անգլիական բանասիրության ամբիոնի դասախոսներ Կ. Մխիթարյանի և Ա. Գևորգյանի «Develop Your Vision of English» և Ե. Մարգարյանի «A guide to science» աշխատանքները որպես բուհական դասագիրք ճանաչելու հարցով ՀՀ ԿԳ նախարարությանը միջնորդություն ներկայացնելու որոշում կայացրեց:

Նիստի ավարտին հրապարակվեցին դեռևս նիստի սկզբում մեկնարկած պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ 5 հոգու շնորհվեցին պրոֆեսորի, 7 հոգու՝ դոցենտի գիտական կոչումներ:

Նիստի վերջին հատվածը նախատեսված էր շնորհավորանքների համար. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը բոլորել է ծննդյան 70-ամյակը: Վաստակաշատ գիտնականին շնորհավորանքներ հղեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, գործընկերները և ուրիշներ:


Ծովինար Կարապետյան