14.06.2017
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԷԻՆ
Հունիսի 14-ին գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամները՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԵՄ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի համակարգող Լիանա Ամիրբեկյանն ու փորձագետ Արևիկ Անափիոսյանը: Քննարկմանը հրավիրված էին նաև էթիկայի կանոնագրերի ԵՊՀ աշխատանքային խմբում ընդգրկված անդամները:

Բացման խոսքով նախ հանդես եկավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով շեշտեց, որ հանդիպման հիմնական նպատակը ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում էթիկայի կանոնակարգերի մշակման գործընթացի արդյունավետ իրականացումն է:

Այնուհետև ԵԽ ծրագրի ներկայացուցիչները ներկայացրին էթիկայի կանոնակարգերի մշակման ուղղությամբ արդեն իսկ իրականացված և նախատեսված աշխատանքները: Մասնավորապես Լիանա Ամիրբեկյանը հակիրճ ներկայացրեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը, ծրագրի շրջանակում բուհերի հետ համագործակցությունն ու ակնկալվող արդյունքները:

Փորձագետ Արևիկ Անափիոսյանն էլ նշեց, որ ծրագրի շրջանակում մշակվել են «Բարձրագույն ուսումնական հաստատություններում դերակատարների էթիկայի կանոնագրքի» նախագիծը և «Բարձրագույն կրթության ոլորտի էթիկայի կանոնագիրք կազմելու մասին ուղեցույցը», ինչպես նաև ներկայացրեց «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տիպային էթիկայի կանոնագրքեր` ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակազմի համար» փաստաթուղթը:

Տեղեկացնենք, որ էթիկայի մոդելային կանոնագրքի փորձնական փուլի իրականացման համար ընտրվել են 5 բուհեր (Երևանի պետական համալսարան, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա), որոնք 2017 թ.-ի ընթացքում պետք է «Էթիկայի կանոնագրքեր բուհերի 3 դերակատարների համար (ուսանողներ, ակադեմիական անձնակազմ և կառավարման մարմիններ)», «Էթիկայի հանձնաժողովի կանոններ», «Շահերի բախման քաղաքականություն», «Ակադեմիական ազնվության քաղաքականություն (ներառյալ գրագողության դեմ քաղաքականություն)», «Կոռուպցիայի կանխարգելման քաղաքականություն», «Ահազանգողների (Whistleblowers) պաշտպանության քաղաքականություն» փաստաթղթերի մշակման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնեն:

Էթիկայի մոդելային կանոնագրքի փորձնական աշխատանքի նկարագրի ներկայացումից հետո հանդիպման մասնակիցների միջև բուռն քննարկում ծավալվեց:

ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամները մի շարք հարցեր ուղղեցին ԵԽ ծրագրի ներկայացուցիչներին՝ մասնավորապես ընդգծելով նախատեսված աշխատանքների մեծածավալ լինելու և սեղմ ժամկետների հանգամանքը, ինչպես նաև որոշ մոտեցումների և գործող օրենսդրության միջև հակասությունները: Միաժամանակ նշվեց, որ էթիկայի կանոնակարգերի որոշ դրույթներ մեր իրականության մեջ ադապտացվելու կարիք ունեն:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հավաստեց, որ ԵՊՀ-ն՝ որպես հանրապետության բուհական համակարգի առաջատար, պատրաստակամ է այդ ուղղությամբ համագործակցելու և մի շարք աշխատանքներ իրականացնելու առումով: Նա հույս հայտնեց, որ արդյունքում կմշակվեն գործուն փաստաթղթեր, որոնք կնպաստեն առկա մի շարք խնդիրների լուծմանը: ԵՊՀ ռեկտորն արդի պայմաններում կարևորեց նաև ակադեմիական ազնվությանն առնչվող խնդիրները:

Հավելենք, որ առաջիկա ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքային խումբը, համագործակցելով ԵԽ ծրագրի փորձագետների հետ, կմասնակցի էթիկայի կանոնագրերի մշակման աշխատանքներին: Համալսարանական լայն հանրությունը նույնպես ներգրավված կլինի քննարկումների գործընթացում:


Վարդուհի Զաքարյան