20.07.2017
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2016-2017 ՈՒՍՏԱՐՎԱ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Մայր բուհի մի շարք ֆակուլտետներում, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան 2016-2017 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություններ: Յուրօրինակ նախաձենռնությամբ հանդես եկավ նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շունչ է տալիս մի ամբողջ քաղաքի

Հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ֆակուլտետների դեկաններ, ռեկտորատի ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և այլ հյուրեր:

Հանդիսավոր արարողությունն իր օրհնության խոսքով ու աղոթքով բացեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ: Այն, ինչ ամբարել եք այս տարիների ընթացքում, ճի՛շտ կիրառեք: Մաղթում եմ, որ ձեր սրտին, հոգուն, մասնագիտությանը համապատասխան գործ, առաքելություն գտնեք այս կյանքում»:

Այնուհետև շրջանավարտներին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ուղղեցին Մայր բուհի ռեկտորը, Իջևանի մասնաճյուղի տնօրենը և ՈՒԽ նախագահը:

«Մենք միշտ գնահատել և գնահատում ենք Իջևանի մասնաճյուղի կատարած աշխատանքը: Ողջունելի է, որ Իջևանում մասնաճյուղը մի ամբողջ քաղաքի շունչ է տալիս: Հպարտ եմ, որ մասնաճյուղի շրջանավարտները կայուն գիտելիքներով, հմտություններով և կարողություններով կյանք են մտնում: Սիրելի՛ շրջանավարտներ, Մայր բուհը միշտ փարոս է լինելու ձեզ համար՝ լուսավորելով ձեր ամբողջ կյանքի ճանապարհը»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Սամվել Առաքելյանն էլ ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր 20-ամյա գործունեության ընթացքում մարզի բնակիչների ոգեղեն կյանքը բարձրացրեց նոր աստիճանի. «Շատ դժվար է եղել այս պայմաններում՝ այս հեռավորության վրա, որակյալ կրթություն ապահովել Տավուշի տարածաշրջանում, բայց, կարծում եմ, մեզ հաջողվել է դա իրականացնել: Եվ այսօր մենք պարզ ճակատով ենք նայում մեր շրջանավարտներին, որովհետև նրանք հպարտությամբ կարող են բախել ցանկացած դուռ: Միանշանակ ամենայն պատասխանատվությամբ և հպարտությամբ կարող ենք ասել, որ Մայր բուհի միակ մասնաճյուղը կայացած կրթօջախ է»:

Այնուհետև՝ դիպլոմների հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցան մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների յուրօրինակ աշխատանքների ցուցադրությունը և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համերգային ծրագիրը:

Տոնական միջոցառմանը հաջորդեց Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը:


Պատրաստեց
Վարդուհի Զաքարյանը

Շրջանավարտների լուսանկարներ՝ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հրապարակելու համար

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթացավ 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացնում է բուհի շրջանավարտների տվյալների հավաքագրում և տվյալների բազայի համալրում: Այս տարի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ շրջանավարտների շրջաթերթերի գրանցումն ու դիպլոմների հանձնումն իրականացվում էին միաժամանակ՝ միջոցառումն առավել յուրօրինակ և հիշարժան դարձնելու համար: Հատուկ այդ նպատակով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկը ձևավորվել և տոնական տեսք էր ստացել: Շրջանավարտը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության դիպլոմների բաժնից ստանալով իր դիպլոմը, մոտենում էր այդ հարկում տեղադրված սեղանին, վերցնում ԵՊՀ տարբերա-նշանով իր բաժին շոկոլադը և լրացնում հարցաթերթիկը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակից Արծվիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնը շրջանավարտների հետ մշտական կապ ապահովելու նպատակ ունի, որպեսզի նրանց պարբերաբար տեղեկացնի առկա թափուր աշխատատեղերի, վերապատրաստման դասընթացների, կրթական և այլ ծրագրերի մասին:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում դիպլոմները ստանալուց հետո շրջանավարտները լուսանկարվում էին հատուկ պատրաստված շրջանակներով ԵՊՀ ցուցատախտակների մոտ, որոնք նախատեսված էին «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հրապարակելու համար: Այդ նպատակով ստեղծվել էր նաև «#Շրջանավարտ2017» հեշթեգը: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հետևել է այդ գրառումներին և նոր ուսումնական տարում ԵՊՀ ռեկտորատի ուշադրությանը կներկայացնի շրջանավարտների՝ համալսարանական կրթության վերաբերյալ ունեցած դիրքորոշումները:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Լիլիթ Ղազարյանը, ստանալով իր կարմիր դիպլոմը, մեզ հետ զրույցում ասաց, որ ուսումնառության ընթացքում եղել է կուրսի ավագը, մասնակցել է համալսարանում տեղի ունեցած տարաբնույթ միջոցառումների. «Ինչ խոսք, տխուր է հրաժեշտի պահը, որովհետև համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր ունի իր պատմությունը: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը ստացածս գիտելիքներն են, որոնք ապագայում կկիրառեմ աշխատանքում»:

Հ.Գ.: ԵՊՀ շրջանավարտների շըրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացն ընթացել է մինչև հուլիսի 21-ը:


Հովհաննես Վարդանյան


ԵՊՀ-ն ճանապարհեց կենսաբանների ևս մեկ սերնդի

Հուլիսի 5-ին էլ «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնըման հանդիսավոր արարողությունը:

Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագ-յանը, ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մաղթեց հաջողություններ և մասնագիտական նոր ձեռքբերումներ. «Հուսով եմ, որ մենք դեռ շատ առիթներ կունենանք հպարտանալու մեր շրջանավարտներով»:

Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ, շնորհավորելով բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ, կարևորեց նրանց նվիրումն ընտրած մասնագիտությանը և միաժամանակ հույս հայտնեց, որ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման նմանօրինակ միջոցառումները կդառնան ավանդական:

«Կենսաբան մասնագետների կոչումը ոչ միայն կենդանի բնության գաղտնիքները ճանաչելը և բացահայտելն է, այլև ներկայիս տնտեսական զարգացման պայմաններում բնության ներդաշնակ զարգացումը, մարդ-բնություն փոխհարաբերության կայունությունն ապահովելը: «Դիլիջան» ազգային պարկը Հայաստանի Հանրապետության բնության այն եզակի հատուկ պահպանվող տարածքներից է, որտեղ փորձ է արվում չխաթարել բնության ներդաշնակությունը՝ միաժամանակ չխոչընդոտելով տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը»,- խոսելով արարողության իրականացման վայրի ընտրության պատճառների մասին՝ ասաց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը:

Նա նշեց նաև, որ այդ արարողությամբ ևս մեկ քայլ արվեց հայ երիտասարդներին հայրենիքին և մայր բնությանը կապելու համար, որպեսզի մեր շրջանավարտները ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնեն մեր հայրենիքին ու նրա բարեկեցությանը:


Պատրաստեց

Քնար Միսակյանը


ԵՊՀ իրավաբանական կլինիկայի 30 շրջանավարտների հանձնվեցին վկայագրեր

Հունիսի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2016-2017 ուստարում Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը:

Կլինիկայի տնօրեն, իրավ. գիտ. թեկնածու Քնարիկ Վարդանյանը, ողջունելով և շնորհավորելով ուսանողներին, ամփոփեց կլինիկայի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը. «Այս ուստարին բավականին բեղմնավոր է եղել. ունեցել ենք շուրջ 115 գործ, որոնցից 55-ն այս պահին ավարտված է, իսկ մնացածն ընթացքի մեջ են: «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում այցելել ենք Երևանի չորս դպրոցներ և Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցը: Իրականացրել ենք նաև տարաբնույթ ծրագրեր միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ»:

Քնարիկ Վարդանյանը նշեց, որ «Առողջապահական իրավունք» կլինիկական դասընթացի ստեղծման և զարգացման նպատակով կլինիկան համագործակցել է «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակում ուսանողների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որի ընթացքում ներկայացվել են առողջապահական իրավունքի դրույթները: Կլինիկան համագործակցել է նաև ՄԱԿ-ի՝ փախըստականների գծով գրասենյակի հետ:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա անդրադարձավ իրավաբանական դասընթացների կարևորությանն ամբողջ աշխարհում՝ բարձր գնահատելով ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը, ուսանողների՝ կլինիկայում ստացած գիտելիքները, ինչպես նաև նրանց մարդկային որակները:

«Կլինիկան ֆակուլտետում կայացել է իր բուն նպատակով, սակայն անսահման զարգացման տեղ ունի»,- փաստեց Գագիկ Ղազինյանը և ներկայացրեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել հաջորդ ուսումնական տարիներին:

Ուսանողներին շնորհավորեց նաև կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով կլինիկայի խմբի կողմից իրականացված մի շարք արդյունավետ աշխատանքների:

Միջոցառման ավարտին Իրավաբանական կլինիկայի 30 շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր, իսկ կլինիկայի աշխատանքներին առավել ակտիվ մասնակցած չորս ուսանողներ՝ Արման Ղուկասյանը, Հովհաննես Հարությունյանը, Լուիզա Մելիքսեթյանը և Արփինե Առաքելյանը, խրախուսվեցին նաև ԵՊՀ շնորհակալագրերով:


Մարիանա Բոցինյան,
Հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս

Թյուրքագետներն իրենց դիպլոմները ստացան ԵՊՀ պատմական շենքում

Հունիսի 25-ին Թյուրքագիտության բաժնի բակալավրիատի ուսանողներն իրենց դիպլոմները ստացան մի շենքում, որտեղ 1920 թ.-ին հիմնադրվել և մի քանի ամիս գործել է Հայաստանի համալսարանը՝ ներկայիս Երևանի պետական համալսարանը: Այսօր այդ շենքը գտնվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում:

ԵՊՀ ուսանողների դիպլոմները հանձնեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը, ով նշեց, որ Մայր բուհի առաջին շենքում դիպլոմների հանձնումը մեծ խորհուրդ ունի:

«Մոտ հարյուր տարի առաջ այս դահլիճում հավաքված երախտավորներն ունեցել են մեծ նպատակ՝ ստեղծել այնպիսի բուհ, որը կտա Հայաստանի և հայության շահերին ծառայող մասնագետներ: Անցած տարիներն ապացուցել են, որ ԵՊՀ-ն կարողացել է իրականացնել այդ առաքելությունը, և մեր համալսարանն ավարտել են հազարավոր մասնագետներ, ովքեր ծառայել են այդ առաքելությանը: Հիմա հերթը ձերն է՝ ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու մեր երկրի բարգավաճման, հզորացման, անվտանգության ապահովման գործին»,- նշեց պարոն Մելքոնյանը:

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո Շիրակի թեմի առաջնորդարանում ԵՊՀ շրջանավարտներին հյուրընկալեց, օրհնեց և շնորհավորեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Ուսանողներն արարողությունն ավարտեցին Վահրամաբերդի եկեղեցի կատարած ուխտագնացությամբ:


Արեն Պետունց,

Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս