30.11.2017
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԵՊՔԵՐԸ՝ ՆՎԱԶԵԼ
Նոյեմբերի 30-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 9 և ընթացիկ մի շարք հարցերով:

Գիտխորհրդի անդամներին նախ ներկայացվեց պրոֆեսորի, դոցենտի գիտական կոչումների շնորհման արժանացող թեկնածուների ցանկը. փակ քվեարկության արդյունքների համաձայն՝ 1 հոգի ստացավ պրոֆեսորի (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան), 10 հոգի՝ դոցենտի գիտական կոչումներ:

2017-2018 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների, 2016-2017 ուստարվա դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքների, ինչպես նաև ընթացիկ ուստարվա ամբիոնային բեռնվածության մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Պրոռեկտորը ևս մեկ անգամ բարձրաձայնեց ԵՊՀ կրթական ծրագրերում օտարալեզու ծրագրերի ներդրման, միասնական ընդունելության դաշտի բացակայության, ինչպես նաև միջպետական համաձայնագրով համալսարանների հետ գործունեություն ծավալելու հավասար պայմաններ ունենալու հիմնախնդիրները:

Ինչ վերաբերում է դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքներին, ապա Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ գնահատման ցուցանիշները բարձրացել են, իսկ կոռուպցիոն դեպքերը՝ նվազել: Պրոռեկտորը նշեց նաև, որ հետագայում էլ շարունակելու են առցանց հարցումների իրականացումը և համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները:

Գիտխորհրդի նիստում առաջին անգամ անդրադարձ եղավ ամբիոնային ծանրաբեռնվածության խնդրին: Ալեքսանդր Գրիգորյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ֆակուլտետային որոշ տվյալներ՝ մանրամասնելով ծանրաբեռնվածության նվազման պատճառները:

ԵՊՀ ղեկավարությունը մտահոգություն հայտնեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմում 65 տարեկանից բարձր մասնագետների մեծ թվի, պրոֆեսորների, ինչպես նաև գիտական աշխատանքների պաշտպանության նվազման փաստի վերաբերյալ:

«Հիրավի, բավականին մտահոգիչ է հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքային ցուցանիշը: Այս ուղղությամբ մանրակրկիտ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել: Խիստ ուշադրության կարիք ունեն նաև լաբորատոր աշխատանքների ցուցանիշների նվազումն ու առանց գիտական որևէ կոչման արտաքին համատեղությամբ դասախոսների մեծ քանակը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Այնուհետև ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները, որոնք քննարկումներից հետո գիտխորհրդի մասնակիցների կողմից ընդունվեցին միաձայն:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի (2016-2017 ուստարի) մասին հաղորդեց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը՝ թվային տվյալներ ներկայացնելով դասախոսների մասնակցության և վաստակած կրեդիտների մասին: Նա անդրադարձավ նաև պարտադիր կրթական բաղադրիչների՝ անգլերենի և մասնագիտական արդի հիմնահարցերի քննություններին ԵՊՀ դասախոսների մասնակցության հարցին:

«Դասախոսները բավականաչափ դժվարություններ են ունենում անգլերենի ավելի բարձր մակարդակի շեմի հաղթահարման հարցում, ինչի արդյունքում էլ ընդհանուր առմամբ ոչ բավարար ցուցանիշներ են գրանցվում»,- նշեց Ժասմեն Աղասյանը և հավելեց, որ մասնագիտական դասընթացների կազմակերպման ու անցկացման գործում ևս պասիվություն է նկատվում:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ 2016-2017 ուստարվա արդյունքներով անդրադարձավ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) հարցին:

ԵՊՀ ՈՒԳԸ անցյալ տարվա գործունեությանն անդրադարձավ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մհեր Հակոբյանը, ով մանրամասներ ներկայացրեց կազմակերպված ուսանողական միջոցառումների բնույթի, միջազգային մասնակցության ու հրապարակումների վերաբերյալ:

Մինչ ընթացիկ հարցերին անդրադառնալը գիտխորհրդի անդամները որոշեցին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ ընդունված արտասահմանցի օտարալեզու ուսանողների ուսման վարձը սահմանել 1 մլն 300 հազար դրամ:

Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց ԵՊՀ-ում «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու մասին առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելու հարցը:

Առաջարկ եղավ նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ու տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոններն անվանափոխել համապատասխանաբար Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ու Տեսական փիլիսոփայության, տրամաբանության և հռետորիկայի ամբիոնի:

Մյուս առաջարկն էլ վերաբերում էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Մհեր Ջուլհաճյանի անվան օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզական կաբինետ» կառուցվածքային ստորաբաժանումը «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և մոդելավորման Մհեր Ջուլհաճյանի անվան ուսումնական լաբորատորիա» կառուցվածքային ստորաբաժանման վերակազմակերպելու առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելուն:

Բոլոր առաջարկներն էլ միաձայն հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի անդամների կողմից:


Վարդուհի Զաքարյան

Տարվա այլ հրապարակումներ